ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Հոգևոր քարոզներ 2019
Սա մի իրական, հետաքրքիր պատմություն է, որը խորհրդանշում է մարդկության կուրությունը բոլոր ժամանակներում, մինչև մեր օրերը:
Պատմում են, թե ինչպես հանքերից մեկում պայթյուն է տեղի ունեցել, և տարածքը ամբողջությամբ հոսանքազրկվել է: Մարդիկ խավարի մեջ են եղել այնքան ժամանակ, մինչև փրկարարները լույս են հասցրել: Հեղինակը պատմում է, թե ինչպես բոլորի խուճապը հանդարտվեց, երբ լույս երևաց: Սակայն որոշ ժամանակ անց հանքափորներից մեկը գոռաց. «Ախր ինչո՞ւ լույսը չեն միացնում»: Պարզվում է, որ լույս պահանջողը կուրացել էր ուժեղ պայթյունից: Մթության մեջ ոչ ոք չէր զգացել նրա կուրությունը, մինչև լույսի հայտնվելը, երբ հայտնվեց լույսը, վերացավ խավարը և բացահայտվեց մարդու կուրությունը:
Գուցե սա լավագույն օրինակ էր, որպեսզի հեղինակը պատկերավոր դարձներ իր համեմատությունը մարդկության կուրության հետ: Մարդը կույր էր, խավարի մեջ էր խարխափում, մինչև եկավ աշխարհի Լույս` Հիսուս Քրիստոս, վերացրեց խավարը և մենք տեսանք մեր կուրությունը...
Բայց ավաղ, շատ հաճախ դարձյալ մեր մութ գործերի պատճառով նորից դառնում ենք դեպի խավարը, դեպի կամավոր կուրություն, որպեսզի մարդիկ չտեսնեն մեր խավար գործերը, չիմանալով թե ինչ է գրված Ավետարանում...
«Եւ դատաստանը այսպէ՛ս իսկ է. որ լոյսը եկաւ աշխարհ, սակայն մարդիկ խաւարն աւելի սիրեցին, քան լոյսը, որովհետեւ իրենց գործերը չար էին. որովհետեւ, ով չարիք է գործում, ատում է լոյսը եւ չի գալիս դէպի լոյսը, որպէսզի նրա գործերը իր երեսովը չտան։ Իսկ ով կատարում է այն, ինչ ճշմարիտ է, գալիս է դէպի լոյսը, որպէսզի նրա գործերը յայտնի լինեն, թէ Աստուծով կատարուեցին»։ Հովհ.3:18
Օրվա ընթերցվածք.
Հովհաննես առաքյալի Ա թուղթը 4.1-6
1 Սիրելինե՛ր, մի՛ հաւատացէք ամէն մի հոգու, այլ փորձեցէ՛ք հոգիները, թէ արդեօք Աստծո՞ւց են, որովհետեւ բազում սուտ մարգարէներ են երեւան եկել աշխարհում: 2 Եւ մենք սրանով ենք ճանաչում Աստծոյ Հոգին. ամէն մի հոգի, որ դաւանում է Յիսուս Քրիստոսին՝ մարմնով եկած, նա Աստծուց է: 3 Եւ ամէն մի հոգի, որ չի դաւանում Յիսուս Քրիստոսին՝ մարմնով եկած, նա Աստծուց չէ: Եւ այդ հոգին Նեռինն է, որի մասին լսել էք, թէ գալու է, եւ արդէն իսկ աշխարհում է: 4 Դուք Աստծուց էք, որդեակնե՛ր, եւ յաղթեցիք նրանց, որովհետեւ Հոգին, որ ձեր մէջ է, աւելի մեծ է, քան նա, որ կայ աշխարհի մէջ: 5 Նրանք աշխարհից են. դրա համար էլ աշխարհի բաների մասին են խօսում. եւ աշխարհը լսում է նրանց: 6 Մենք Աստծուց ենք. ով Աստծուն ճանաչում է, լսում է մեզ, իսկ ով Աստծուց չէ, չի լսում մեզ: Սրանից է, որ ճանաչում ենք ճշմարտութեան Հոգին եւ խաբէութեան հոգին: