ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Հոգևոր քարոզներ 2019
1.Կյանքի ընկեր ընտրելիս մի շտապեք երբեք, և որոնման ճանապարհին խնդրեք Աստծու կամքը, նախ` գործի դրեք ձեզ պարգևած բանականությունը` քան զգացմունքը:
2. Փորձեք միմյանց ներկայանալ ազնվորեն, շիտակ, պարզ, բնական, ինչպիսին որ կաք, առանց դիմակի, որպեսզի հեշտ լինի միմյանց շիշտ ճանաչելը:
3. Եթե արդեն հասկացել եք միմյանց և որոշում կա միասին շարունակելու, ապա սկսեք եկեղեցուց, խնդրեք, որ հոգևորականը ձեզ բացատրի ամուսնական պարտականությունների և իրավունքների մասին: Թող ձեզ բացատրի Սուրբ Պսակի խորհուրդը: Մտապահեք սովորածը:
4. Պսակի խորհրդին եղեք առավել ուշադիր, քան լարված, լսեք ամեն մի խոսք, որ կարդացվում է Մաշտոց ծիսագրքից խորհրդակատար հոգևորականի կողմից: Կարևորը Պսակի խորհուրդն է, հարսանյաց հանդեսը, զգեստը և մնացած շռայլությունները երկրորդական են և մաս չեն կազմում ձեր երջանկությանը, իսկ քահանայի խոսքերը վճռորոշ են լինելու ձեր կյանքում, եթե մտապահեք և ճիշտ կիրառեք: Հաշվի մի առեք, որ ձեզ նկարում են, այդ նկարներն էլ ժամանակավոր են: Սևեռվեք միայն ձեզ տված պատգամների վրա:
5. Ամուսնական կյանքի շեմին դրեք «Տեր և հնազանդ» լինելու խոստումը, Սուրբ Ավետարանի, Սուրբ Խաչի, Սուրբ Սեղանի և բոլոր ներկա գտնվողների դիմաց տված խոստումը և ապրեք ձեր կյանքը «Ոսկե կանոնի» տրամաբանությամբ: Դժվար չէ...
6. Զավակի մասին լուրը թող ուրախացնի ձեր սրտերը, և դուք միասին հոգացեք ապագա երեխայի մասին դեռ չծնված: Վստահ եղեք, որ երեխան զգում է ձեր վերաբերմունքը իր նկատմամբ: Շատ մասնակցեք Պատարագների, մայրը թող շատ լսի հոգևոր երաժշտություն, սաղմոսներ կարդա, և հնարավորինս ներդաշնակ կյանքով ապրեք:
7. Աստծո կամքով ծնվեց երեխան: Խնդրեք քահանային, թող ձեզ բացատրի Մկրտության խորհրդի մասին: Առաջին հոգևոր պարտականությունը նրան Մկրտության տանելն է և դաստիարակել հոգևոր կյանքով, հնարավորինս զերծ պահելով աշխարհի գույնզգույն խաբկանքներից և տեխնոլոգիաներից: Տարեք ձեզ հետ եկեղեցի, թող սովորի քնել Պատարագի անուշ շարականների ներքո, դրանք արդեն ծանոթ են իրեն` մինչև ծնվելը:
8. Հոգևոր հիմքերով ուղարկեք դպրոց, որպեսզի աշխարհի կեղծիքը տեսնելիս` նա համեմատելու բան ունենա, թե չէ կուլ կգնա այդ բարքերին:
9. Թույլ տվեք երեխան ինքնուրույն ընտրություն կատարի մասնագիտության հարցում, հետևեք, բայց թողեք գործի իր ազատ կամքը, թեկուզ սխալվելով և շտկելով: Եթե հիմքը ամուր է, ոչին, որ սայթաքի, ինչպես ընկնի, այնպես էլ կելնի: Առանց սխալների չի մեծանա:
10. Երբ արդեն կայանա ձեր զավակը, դուք նրա մեջ կտեսնեք ձեզ, ինչպիսին որ դուք եք եղել, այնպիսին էլ ձեր զավակն է: «Պտուղը ծառից հեռու չի ընկնում»:Իսկ եթե ինչ որ բան այնպես չէ, ուրեմն դուք եք ներարկել նրա մեջ անզգուշորեն: Շտկեք ձեզ, կշտկվի և երեխան: Եթե բոլորս նրբանկատորեն դաստիարակենք մեր երեխաներին, վաղը կունենանք փայլուն հասարակություն, և արած կլինենք Տիրոջ խոսքը, թե`
«Եթե դուք իմ ուսուցմանը հավատարիմ մնաք, իմ ճշմարիտ աշակերտները կլինեք: Եվ կճանաչեք ճշմարտությունը, և ճշմարտությունը ձեզ կազատի» (Հովհ. 8:31):
Օրվա ընթերցվածք.
Ծննդոց 1.1-5
1 Ի սկզբանէ Աստուած ստեղծեց երկինքն ու երկիրը: 2 Երկիրն անձեւ ու անկազմ էր, խաւար էր տիրում անհունի վրայ, եւ Աստծոյ Հոգին շրջում էր ջրերի վրայ: 3 Եւ Աստուած ասաց. «Թող լոյս լինի»: Եւ լոյս եղաւ: 4 Աստուած տեսաւ, որ լոյսը լաւ է, եւ Աստուած լոյսը բաժանեց խաւարից: 5 Աստուած լոյսը կոչեց ցերեկ, իսկ խաւարը կոչեց գիշեր: Եւ եղաւ երեկոյ, եւ եղաւ առաւօտ՝ օր առաջին: