ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Հոգևոր քարոզներ 2019
Դու վատ մի՛ զգա քեզ, երբ մի գիրք չես կարդացել, չես կարող բոլոր գրքերը կարդալ և պարտադիր չէ: Նույնպես վատ մի՛ զգա, երբ մի ֆիլմից խոսեն և դու տեսած չլինես այդ ֆիլմը, կարիք էլ չկա բոլոր ֆիլմերը անխտիր նայել: Երբ չես տիրապետում քաղաքական որոշ հարցեր, նույնպես վատ մի զգա, դրա մասնագետները առանձին են: Բոլոր ոլորտներին չես կարող ամբողջությամբ տեղյակ լինել, այդ պատճառով երբեք վատ մի զգա: Դու քո կոչման մեջ հավատարիմ եղիր միայն, որ քրիստոնյա ես: Քո ծառայության մեջ հավատարիմ եղիր, բավական է:
Դու միայն վա՛տ զգա, որ չե՛ս կարդացել Գրքերի Գիրքը` Աստվածաշունչը:
Չե՛ս նայել ֆիլմերի ֆիլմը` Հիսուսի չարչարանքները մարդկության համար:
Վա՛տ զգա, երբ կխոսեն Ավետարանից, իսկ դա քեզ համար օտար թեմա կլինի:
Իսկ եթե դու ամեն ինչից տեղյակ ես, բացի Աստծուց և Աստվածաշնչից, համարիր, որ ոչնչից էլ տեղյակ չե՛ս, որովհետև վերջին օրը քո իմացած գիտելիքները քեզ չե՛ն փրկի դատաստանի հրապարակում, իսկ այն ժամանակ արդեն ուշ կլինի դառնալ ու փնտրել Աստվածաշունչը` կարդալու համար:
Այսօ՛ր արա այդ սուրբ գործը, բոլոր գործերից առաջ, և քաջատեղյակ կլինես բոլոր ոլորտներից, և ամենակարևորը տեղյակ կլինես Աստծո դիրքորոշմանը, ոչ թե մարդու: Բարի ընթերցում քեզ այսօր, Աստվածաշնչից մի գլուխ, մի համար, մի նախադասություն: Չե՞ս ուզում իմանալ, թե Աստված ինչպես է խոսում մարդկանց հետ Սուրբ Գրքի միջոցով: Չե՞ս ուզում իմանալ, թե Աստված ինչ է գրել քո մասին այդ Գրքում:
Ով, որ կարդաց Աստվածաշունչը, նա գտավ ճշմարիտ ճանապարհը: Ով, որ կարդացածը կյանքի կոչեց, փրկեց իրեն և գուցե նաև ուրիշներին: Ով, որ կարդաց, կյանքի կոչեց կարդացածը նաև ողորմության միջոցով, նա Երկնքի Արքայության արժանի բնակիչ է արդեն երկրի վրա: Գիտե՞ք ինչու, որովհետև աշխարհը հենված է երեք զորությունների վրա: Աստվածաշունչ, Պատարագ և ողորմություն: Այս զորություններն են երկիրը պահում անսասան` առայժմ: Որքան առաջնային են այս արժեքները աշխարհում, այնքան նվազ են են աղետները, արհավիրքները, և ամենատարբեր վտանգները որ տեսնում ենք մենք աշխարհում: Ուրիշ հիմք չկա, որ աշխարհին ամուր պահի, բացի Աստված:
Օրվա ընթերցվածք.
Ավետարան ըստ Հովհաննեսի 14.25-31
25 Այս բաներն ասացի ձեզ, մինչ ձեզ հետ եմ: 26 Իսկ Մխիթարիչը՝ Սուրբ Հոգին, որին Հայրը կուղարկի իմ անունով, նա ձեզ ամէն բան կուսուցանի եւ ձեզ կյիշեցնի այն ամէնը, ինչ ես ասացի ձեզ: 27 Խաղաղութիւն եմ թողնում ձեզ, իմ խաղաղութիւնն եմ տալիս ձեզ. ձեզ չեմ տալիս այնպէս, ինչպէս այս աշխարհն է տալիս. ձեր սրտերը թող չխռովուեն, եւ չվախենաք: 28 Լսեցիք, որ ձեզ ասացի, թէ՝ գնում եմ եւ կգամ ձեզ մօտ. եթէ ինձ սիրէիք, ապա դուք ուրախ պիտի լինէիք, որ ես Հօր մօտ եմ գնում, որովհետեւ իմ Հայրը մեծ է, քան ես: 29 Եւ հիմա ասացի ձեզ, քանի դեռ չի եղել, որպէսզի երբ լինի, հաւատաք: 30 Այլեւս երկար չեմ խօսի ձեզ հետ. գալիս է աշխարհի իշխանը եւ ինձ վրայ ոչ մի իշխանութիւն չունի: 31 Իսկ որպէսզի աշխարհը գիտենայ, որ ես սիրում եմ Հօրը, այնպէս եմ անում, ինչպէս որ Հայրը պատուիրեց ինձ. դե՛հ, վե՛ր կացէք գնանք այստեղից»: