ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Հոգևոր քարոզներ 2019
Այսպիսով, և՛ Սուրբ Գիրքը, և՛ սրբազան Ավանդությունը, և՛ առողջ մարդկային բանականությունը հավասարապես համոզիչ կերպով, վկայում են, որ Աստվածային կենարար շնորհը մարդկանց տրվում է նաև անարժան հովիվների միջոցով:
Հողագործը ցորենը միշտ ցանում է կեղտոտ, կոշտ ձեռքով, սակայն չնայած դրան, արտերը` Աստծո օրհնությամբ ծածկվում են առատ հունձքով:
Այդպես էլ հովիվն է: Նա իր անձնական կյանքում կարող է լինել կոպիտ ու վատ մարդ, սակայն նրա հոգեխնամ առաքելության արդյունքները կարող են փրկարար, հրաշալի և նախանձելի լինել ուրիշների համար, բնականաբար միայն Աստծո օգնականությամբ: Հովհ 22:21 Նա դարձեալ նրանց ասաց. «Խաղաղութի՜ւն ձեզ. ինչպէս իմ Հայրն ինձ ուղարկեց, ես էլ ուղարկում եմ ձեզ»։ Երբ այս ասաց, նրանց վրայ փչեց եւ ասաց. «Առէ՛ք Սուրբ Հոգին։ Եթէ մէկի մեղքերը ներէք, նրանց ներուած կը լինի. եթէ մէկի մեղքերը չներէք, ներուած չի լինի»։
Արդարացի՞ է արդյոք այսքանից հետո պնդել, որ քահանան չի կարող ներել մեղքերը, քանի որ ինքը նույնպես մղավոր է: Եթե Աստված Ինքն է նրան այդպիսի իշխանություն տվել, ապա մարդիկ ինչպե՞ս կարող են այն վիճարկել: Մենք չպետք է նայենք, թե հովիվը արժանավոր է կամ անարժան, չէ՞ որ ինքը չէ արձակողը, այլ նրա միջոցով Աստված Ինքն է գործում: Եթե այս ամենին նայենք այլ կերպ, օրինակի համար` աղանդավորների նման, ապա ընդահանրապես առանց ապաշխարության կմնանք: «Կապողներ և արձակողներ» չեն լինի, որովհետև Աստծո ճշմարիտ դատաստանի առջև մենք բոլորս մեղավոր ենք և անարժան: Եվս մեկ անգամ կրկնում ենք. աստվածային շնորհը հավատացյալ մարդուն միշտ տրվում է նրա հավատքի չափով, նույնիսկ, անկախ այն բանից, խորհրդակատար հովիվն արժանա՞վոր է, թե ՞ անարժան: Եվ եթե այդպես է, ապա ելնելով սուրբ ձեռնադրության հանդեպ ունեցած հարգանքից, պետք է նաև հարգել անարժան հովիվներին` օգտվելով նրանց շնորհատու քահանայագործությունից և Սուրբ Խորհուրդներից: Այստեղ որևէ կասկած և այլընտրանք չի կարող լինել: Մարդն ինքը տկար է, սակայն նրա միջոցով տրվող աստվածային շնորհը մշտապես սուրբ է և մաքուր:
«Հովվի տկարություններն ու աստվածային շնորհը» գրքից
Օրվա ընթերցվածք.
Հուդա առաքյալի թուղթը 1.17-25
17 Բայց դուք, սիրելինե՛ր, յիշեցէ՛ք մեր Տէր Յիսուս Քրիստոսի առաքեալների կողմից նախապէս ասուած խօսքերը: 18 Նրանք ձեզ ասում էին, թէ՝ «Վերջին ժամանակներում պիտի լինեն ծաղրող մարդիկ, որոնք պիտի տարուեն իրենց ամբարիշտ ցանկութիւններով»: 19 Սրանք նշաւակելի, մարմնասէր մարդիկ են, որ չունեն Հոգին: 20 Իսկ մենք, սիրելինե՛ր, մեր անձերը կառուցենք հաւատի սրբութեամբ, աղօթենք Սուրբ Հոգով, 21 պահենք մեզ Աստծոյ սիրով՝ սպասելով մեր Տէր Յիսուս Քրիստոսի ողորմութեանը յաւիտենական կեանքի համար: 22 Կշտամբեցէ՛ք նրանց, որ դատապարտուած են. 23 փրկեցէ՛ք նրանց՝ խլելով կրակից: Իսկ ուրիշներին ողորմեցէ՛ք երկիւղով՝ դատապարտելով նոյնիսկ այն պատմուճանը, որ աղտոտուած է նրանց մարմնից: 24 Արդ, ով կարող է պահել ձեզ անարատ ու անբիծ եւ կանգնեցնել ձեզ իր փառքի առաջ անխառն ցնծութեամբ, 25 նրան՝ միակ Աստծուն եւ մեր Փրկչին՝ Յիսուս Քրիստոսին՝ մեր Տիրոջը, փա՜ռք, մեծութի՜ւն, զօրութի՜ւն եւ իշխանութի՜ւն բոլոր ժամանակներից առաջ, ե՛ւ այժմ, ե՛ւ բոլոր ժամանակներում: Ամէն: