ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Հոգևոր քարոզներ 2019
Սուրբ Արսեն Մեծը, նախքան ճգնավոր դառնալը, որպես խելացի և առաքինի մարդ, Թեոդոս կայսեր կողմից հրավիրվել էր Կոստանդնուպոլիս՝ որպես իր զավակների` Արկադիոսի և Հոնորիոսի ուսուցիչ: Լինելով հոգով խոնարհ և հարգելով նրանց՝ որպես թագավորի զավակներ, նա միշտ դասերը վարում էր կանգնած, և դա այն դեպքում, երբ աշակերտները նստում էին փափուկ ու շքեղ բազկաթոռներին:
Մի անգամ անսպասելի նրանց այցելեց Թեոդոսը: Տեսնելով Արկադիոսին և Հոնորիոսին նստած, իսկ Արսենին՝ նրանց առջև կանգնած՝ նա վիրավորվեց և ասաց.
«Մի՞թե ես այդպես եմ պատվիրել քեզ: Ամենասկզբից ես քեզ չասացի՞, որ դու՝ որպես երկրորդ հայր, նրանց համարես ոչ թե արքայի, այլ քո երեխաները»:
«Ամեն ինչ իր տեղում պիտի լինի,- հեզությամբ պատասխանեց Արսենը, - պետք է պատանիներին ուսում տալ, իսկ արքայորդիներին՝ արքայական պատիվ»…
Թեոդոսն ավելի դժգոհ մնաց Արսենի պատասխանից և անմիջապես երեխաների վրայից հանեց իրենց կայսերական նշանները և նրա կամքին հակառակ, ուսուցչին ստիպեց նստել, իսկ աշակերտներին՝ կանգնել նրա առաջ…
«Եթե սովորեն Աստծուց վախենալ, - երեխաների մոտից դուրս գալով՝ ասաց նա, - և՛ ժողովրդին կառավարելու արժանի կլինեն, և՛ Երկնային Նախախնամությունը նրանց արքայություն կտա երկրի վրա: Իսկ եթե լինեն հպարտ ու չար, ապա ավելի լավ է չթագավորեն, քան թագավորեն անմտությամբ:
Աղոթում եմ Աստծուն, որ ավելի լավ է իմ զավակները մեռնեն երիտասարդ հասակում, քան թե մեծանան իրենց հոգին կործանելու և ժողովրդին դժբախտություն բերելու համար»:
Իր հոգում օրհնելով Թեոդոսին` Արսենն սկսեց դասավանդել նստած, իսկ արքայորդիները կանգնում էին նրա դիմաց:
Անկասկած, իր որդիներին երջանկություն չի ցանկանում այն հայրը, ով թեկուզև մի փոքր առիթ է տալիս նրանց՝ հպարտանալու իրենց հարստությամբ և նշանավոր լինելով:
ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ
ԲԱՐԵՊԱՇՏՈՒԹՅԱՆ
ՕՐԻՆԱԿՆԵՐ
Օրվա ընթերցվածք.
Ավետարան ըստ Հովհաննեսի 13.16-30
16 Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ. ծառան աւելի մեծ չէ, քան իր տէրը, եւ ոչ էլ ուղարկուածը՝ աւելի մեծ, քան նա, ով նրան ուղարկեց: 17 Եթէ այս բաները գիտէք, առաւել երանելի էք, եթէ դրանք կատարէք: 18 Ձեր բոլորի համար չէ, որ ասում եմ, որովհետեւ ես գիտեմ նրանց, որոնց ընտրել եմ, այլ՝ որպէսզի կատարուի գրուածը, թէ՝ «Ով ինձ հետ հաց էր ուտում, իմ դէմ դարձաւ». 19 հէնց այժմուանից ասում եմ ձեզ, քանի դեռ չի եղել, որպէսզի երբ որ լինի, հաւատաք, որ ես եմ: 20 Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ. ով որ ընդունի նրան, ում ես կուղարկեմ, ինձ է ընդունում, եւ ով ինձ է ընդունում, ընդունում է նրան, ով ինձ ուղարկեց»: 21 Երբ Յիսուս այս բաներն ասաց, խռովուեց իր հոգում, վկայեց ու ասաց. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, որ ձեզնից մէկը ինձ մատնելու է»: 22 Աշակերտներն իրար էին նայում՝ տարակուսելով, թէ ում մասին է ասում: 23 Եւ աշակերտներից մէկը, որին Յիսուս սիրում էր, նստել էր նրա մօտ: 24 Սիմոն Պետրոսը նրան ակնարկ արեց՝ հարցնելով, թէ այդ ում մասին է ասում: 25 Եւ սա Յիսուսի կրծքով ընկաւ ու ասաց նրան. «Տէ՛ր, ո՞վ է»: 26 Յիսուս պատասխանեց եւ ասաց. «Նա է, որի համար ես այս պատառը կթաթախեմ եւ կտամ իրեն»: Եւ թաթախելով պատառը՝ տալիս է Իսկարիովտացի Յուդային: 27 Եւ երբ նա պատառն առաւ, սատանան մտաւ նրա մէջ: Յիսուս նրան ասաց. «Հիմա ինչ որ անելու ես, իսկոյն արա՛»: 28 Եւ սեղանակիցներից ոչ ոք չիմացաւ, թէ նա ինչի համար այդ նրան ասաց. 29 որովհետեւ ոմանք կարծում էին, թէ քանի որ Յուդան է գանձանակը պահում, Յիսուս նրան ասաց. «Գնի՛ր, ինչ որ մեզ տօնի ժամանակ պէտք է», եւ կամ՝ որ մի բան տայ աղքատներին: 30 Իսկ նա, պատառը վերցնելով, իսկոյն դուրս ելաւ: Եւ գիշեր էր…