ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Հոգևոր քարոզներ 2019
Հրեական ավանդությունը պատմում է, որ առաջին դարերում ընդունված օրենք էր, երբ մարդը կույր էր, կամ մտավոր անկարող` ապա նա ազատված էր պատվիրաններից, քանի որ և չէր հասկանում և չէր տեսնում:
Ռաբբի Շիմոն անունով մեկը, որը հայտնի անձ էր հրեաների մեջ, իր էշով անցնում է ճանապարհով և նրա դիմաց դուրս է գալիս մի խեղանդամ, որի աչքերը արցունքապատ է ցավի պատճառով:
Նա խարխափելով անցնում էր ճանապարհը:
Ռաբբին ծաղրելով ասում է.
- Այդ ինչպես է, որ դու և կույր ես և հաշմանդամ:
Իսկ մարդը պատասխանում է.
- Իսկ դու գնա և բրուտին բողոքիր, որ նա ինձ պես անպետք անոթ է պատրաստել և այսպիսի խեղանդամ մարդ:
Ռաբբին անմիջապես ներողություն է խնդրում, ասելով, որ սխալվեց:
Մարդը շարունակում է հետապնդել ռաբբիին, ասելով, -ես քեզնից չեմ հեռանա այնքան ժամանակ, մինչև չգնաս և բրուտին չասես, որ անպետք անոթ է պատրաստել:
Չէ որ դու ինձ չվիրավորեցիր, այլ` բրուտին:
Այսպես հասան քաղաք, և ռաբբիին մեծ թվով բազմություն դիմավորեց, ասելով, ռաբբի, ուրախ ենք քեզ տեսնելու համար:
Մարդը զարմացավ և հարցրեց.
Այդ դուք եք նրան ռաբբի անվանում, և պատմեց նրանց ողջ եղելությունը, ինչ որ պատահել էր ճանապարհին:
Քաղաքի մարդիկ սկսեցին համոզել այս մարդուն, որ ներողոմիտ գտնվի և ների ռաբբին:
Մարդը ասաց.- միայն նրա համար, որ Արարիչը անպետք արարած չի ստեղծել, և Աստծու ստեղծագործությունը թերի չի լինում, այդ պատճառով միայն ներում եմ քեզ, որովհետև ես ունեմ ներելու ուժ և շնորհ:
Եվ դարձյալ ավանդությունը ասում է, որ մինչև վիրավորված մարդը քեզ չների, Աստված չի ների քեզ, որովհետև դու իրավունք չունես ուրիշի ծառային վիրավորելու: Երբ դու վիրավորում ես մեկին, հավասարազոր է, որ նրա արյունն ես թափել, քանի որ քո վիրավորանքից նրա դեմքը կարմրում է իր արյունից:
Առակը ամբողջությամբ լուսաբանում է լեռան քարոզի այս հատվածը, թե`
«Իսկ ես ձեզ ասում եմ, թէ՝ ամէն մարդ, որ զուր տեղը բարկանում է իր եղբօր վրայ, ենթակայ կը լինի դատաստանի, եւ ով որ իր եղբօրն ասի՝ յիմար, ենթակայ կը լինի ատեանի, եւ ով որ իր եղբօրն ասի՝ ապուշ, ենթակայ կը լինի գեհենի կրակին»:
Թող ողորմությունը, խաղաղությունը և սերը առատ լինեն մեզ համար, որպեսզի նախ` չվիրավորենք, իսկ եթե պատահի, որ մեզ վիրավորեն, այս կույրի պես վարվենք:
Օրվա ընթերցվածք.
Հուդա առաքյալի թուղթը 1.8-15
8 Նոյն ձեւով էլ սրանք եւս, քնի մէջ զառանցելով, մարմին են պղծում, Աստծոյ իշխանութիւնն արհամարհում, երկնային փառաւոր էակներին հայհոյում՝ 9 այն դէպքում, երբ Միքայէլ հրեշտակապետը բանսարկու սատանայի հետ Մովսէսի մարմնի մասին վիճելիս չհամարձակուեց հայհոյալից խօսքերով դատապարտել նրան, այլ ասաց. «Թող Տէրը քեզ սաստի»: 10 Իսկ սրանք հայհոյում են այն բանի դէմ, որ չգիտեն. եւ ինչ բաներ որ բնազդով գիտեն, ինչպէս անբան անասունը, նրանցով էլ ապականւում են: 11 Վա՜յ նրանց, որոնք Կայէնի ճանապարհով ընթացան եւ ըստ Բաղաամի մոլորութեան սայթաքեցին՝ վարձի յետեւից ընկնելով, եւ կորան Կորխի պէս իրենց ըմբոստութեան պատճառով: 12 Նրանք ատելի բանսարկուներ են, որոնք ընթանում են իրենց ցանկութիւնների յետեւից իրենց սէրերով եւ խարդախութեամբ, մասնակից են լինում սիրոյ ճաշին անպատկառօրէն իրենք իրենց պարարտացնելու համար. սրանք հողմակոծ անջուր ամպեր են, պտղակորոյս ծառեր՝ անպտուղ, կրկնակի մեռած, արմատախիլ եղած. 13 ծովի կատաղի ալիքներ, որ միշտ փրփրում-թափում են իրենց սեփական ամօթը. մոլոր աստղեր, որոնց համար է պահուած յաւիտենական խաւարի վիհը: 14 Նրանց մասին մարգարէացել է նաեւ Ենոքը՝ եօթերորդը Ադամից սկսած, եւ ասել. «Ահաւասիկ եկաւ Տէրը բիւրաւոր սուրբ հրեշտակներով՝ 15 դատաստան տեսնելու բոլորի հանդէպ եւ յանդիմանելու բոլոր ամբարիշտներին իրենց այն գործերի համար, որ ամբարշտութեամբ գործեցին, եւ այն բոլոր խիստ խօսքերի համար, որ նրա դէմ ասացին մեղաւորները եւ ամբարիշտները»: