ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Հոգևոր քարոզներ 2019
Հովհան Ոսկեբերան հայրապետն ասում է.
«Կայենի հետ Աստված խոսում էր հանուն Աբելի, սատանայի հետ` հանուն Հոբի, Փարավոնի հետ` հանուն Հովսեփի, Նաբուգոդոնոսորի հետ` հանուն Դանիելի, և նաև հայտնություն ստացան նաև մոգերը Մանուկ Հիսուսի ծծնդով: Պատահում է, որ իշխանավորները լինում են չար և անզուսպ, իսկ ենթակաները` բարի և խոնարհ:
Աշխարհականներն ապրում են առաքինի կյանքով, իսկ հոգևորականները` արատավոր: Եվ եթե շնորհը միշտ արժանավորներին փնտրեր, ապա չէր լինի ո՛չ մկրտություն և ո՛չ էլ Սուրբ Հաղորդություն: Բայց այժմ Աստված գործում է նաև անարժանների միջոցով, և մկրտության շնորհն ամենևին էլ չի տուժում քահանայի վատ կյանքից, որը կկանգնի Աստծո Ահեղ դատաստանի առաջ, և Տերն Ինքը կդատի նրան` ըստ նրա գործերի:
Սա ասում եմ, որպեսզի առաջիկայում որևէ մեկը, հետևելով քահանայի կյանքին, չկասկածի նրա կատարած խորհուրդների վավերականությանը:
Մարդն իր կողմից ոչ միբան չի դնում դրանց մեջ, այլ ամեն ինչ Աստվածային զորության արդյունքն է: Նա մեզ վրա ազդում է Սուրբ Խորհուրդներով:
Սուրբ Հովհան Ոսկեբերանի տվյալ միտքն ավելի ուժգին և ցայտունորեն է արտահայտված նաև հետևյալ խոսքերի մեջ.
«Քեզ ի՞նչ է վերաբե րում, թե քահանան պիղծ է և չար: Իսկ եթե արդարն ու առաքինին է քեզ համար Աստծուն աղոթում, ի՞նչ օգուտ, երբ դու ինքդ չար ես: Այնպես էլ քեզ անմաքուր քահանան չի վնասի, եթե դու ինքդ հավատարիմ ես Աստծուն և հաճելի ես Նրան, քանզի ամեն շնորհ Աստծուց է: Քահանան միայն շուրթերն է բացում, իսկ ամեն ինչ ասում է Աստված»:
«ՀՈՎՎԻ ՏԿԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ԱՍՏՎԱԾԱՅԻՆ ՇՆՈՐՀԸ» գրքից
Օրվա ընթերցվածք.
Հովհաննես 12:44-50
Յիսուս աղաղակում էր ու ասում. «Ով ինձ է հաւատում, ինձ չէ, որ հաւատում է, այլ նրան, ով ինձ ուղարկեց։ Եւ ով ինձ է տեսնում, տեսնում է նրան, ով ինձ ուղարկեց։ Ես որպէս լոյս եկայ աշխարհ, որպէսզի ամէն ոք, որ ինձ հաւատում է, խաւարում չմնայ։ Եւ եթէ մէկը լսի իմ խօսքերը եւ չպահի դրանք, ես նրան չեմ դատապարտի, քանի որ չեկայ, որ աշխարհը դատապարտեմ, այլ՝ որպէսզի փրկեմ աշխարհը։ Ով անարգում է ինձ եւ իմ խօսքերը չի ընդունում, կայ մէկը, որ նրան դատում է. այն խօսքը, որ ես խօսեցի, դա՛ պիտի դատապարտի նրան վերջին օրը, որովհետեւ ես ինքս ինձնից չխօսեցի, այլ Հայրը, որ ինձ ուղարկեց, նա՛ ինձ պատուիրեց, թէ ի՛նչ պիտի ասեմ եւ ի՛նչ պիտի խօսեմ։ Եւ գիտեմ, որ այն պատուիրանը յաւիտենական կեանք է։ Արդ, ինչ որ ես եմ խօսում, այնպէս եմ խօսում, ինչպէս Հայրն ինձ ասաց»։