Դո՞ւ էլ ես ասում, թե` Աստված ինչո՞ւ ստեղծեց մարդուն.

ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ


Հոգևոր քարոզներ 2019

Հարց. Աստված ինչո՞ւ ստեղծեց արարածներին:
Պատասխան.  Իր համար: Բայց ոչ թե, որ նրանց կարիքն ուներ, այլ որպեսզի Իր մեծ կարողությունը, գիտությունը, բարությունը, և մեծաշուք փառքը նրանցում բացահայտ երևան, և հրեշտակների հետ մարդուն Իր Անվախճան Տերությանը և փառքին արժանացնի, քանի որ բոլոր արարածների մեջ միայն հրեշտակներն ու մարդն են ընդունակ բարձրյալ Աստծու շնորհիվ հաղորդակից լինելու հավիտենական փառքին:
Որովհետև նրանք միտք և կամք ունենալով, կարող են մտքով ճանաչել և կամքով սիրել Աստծուն, նաև անմահ լինելով` աստծու հավիտենական Արքայության մեջ Նրա երկնային փառքով փառավորվել:
Ինչպես հրեշտակները հոգեղեն էակներ լինելով, չեն մահանում, այնպես էլ մարդկային հոգիները հոգեղեն լինելով չեն մահանում, և այս պարգևը ձրի շնորհվեց նրանց, սակայն այն պատճառով, որ իր հրամանին հնազանդվեն:
Ոչ թե նրանց հնազանդությամբ Աստծու փառքը ավելանում է, կամ անհնազանդությամբ պակասում, քավ լիցի,այլ նրանք իրենց արդար պարտքը վճարելով, Աստծու փառքին են արժանանում:
Եվ ինչպես որ Աստված այս աշխարհն ստեղծելու ժամանակ Իրեն հնազանդվողների համար Իր Արքայության մեջ հավիտենական ուրախություն պատրաստեց, քանի որ Բարերար ու Ողորմած է, այդպես էլ անհնազանդների համար Նա դժոխքում բնակվելու հավիտենական պատիժ սահմանեց, որովհետև Արդար է:
Արդ, ինչպես որ Աստծու համար ըմբոստացած հրեշտակները դատապարտության այդ վայրն աքսորվեցին, նույնպես և մարդկանցից ապստամբները ամենայն արդարությամբ նույն պատժավայրը պիտի գցվեն:
Թեև արքայությունը մարդու, իսկ դժոխքը սատանայի համար պատրաստվեց, բայց մարդը, իր մեղքի պատճառով, Աստծու դեմ ապստամբելով, իր համար պատրաստված արքայությունը թողնում է և ստանային հատկացված դժոխքն է ցանկանում, որովհետև մարդու դժոխք գնալու պատճառը իր մեղքն է, քանզի Աստված, արդար լինելով, ոչ մի անմեղ մարդու չի դատապարտում:
Ինչպես որ հնազանդության մեջ մնացած հրեշտակները, հավիտենապես Աստծու փառքի մեջ լինելով, Նրան փառավորում և սիրում են, Նրա սիրով արքայության անվախճան երանության մեջ հրճվում և ուրախանում, նույնպես և մարդը, եթե աշխարհում հնազանդվում է Աստծուն, արքայության մեջ հրեշտակների նման պետք է լինի:
Աշխարհում մարդը Աստծո հրամանով ապրելուց բացի ուրիշ գործ չունի, և մարդու համար սրանից մեծ կամ կարևոր ծառայություն կամ զբաղմունք չի կարող լինել: Քանզի եթե կարևոր չլիներ, մարդն իզուր ստեղծված կլիներ: Սակայն «Աստված մարդուն իզուր ստեղծեց» ասելը պարզապես հայհոյություն է: Եթե կա ծառայություն, կա նաև վարձ: Ահա այս է մեր Սուրբ հավատի նպատակը` ըստ որի` այս աշխարհում Աստծուն հավատարմությամբ ծառայողին արքայության անվախճան ուրախություն է շնորհվում: Քանզի եթե արքայության մեջ մարդուն մեկ այլ վարձատրություն կամ շնորհ չլիներ, մարդն անասունների նման կլիներ, քանի որ մարդն էլ է մեռնում, անասունն էլ և մեռնելուց հետո այս աշխարհում վայելած կյանքի ուրախությունն ու իշխանությունը երազի նման են լինում:Կամ արքայությունը պիտի ընդունել, կամ մարդուն մարդկությունից դուրս դիտարկել. և արքայությունը ընդունելուդ պես, իհարկե, պարտավոր ես աստծո հրամանին հնազանդվել, և ով չի հնազանդվում, հիմարի աստիճանին է իջնում, քանի որ օգուտն ու վնասը չզանազանելը հիմարություն է:
 
Պողոս Եպիսկոպոս Ադրիանուպոլսեցի
«Հինգ դարերի զանազանությունը»

Օրվա ընթերցվածք.

Ավետարան ըստ Մատթեոսի 21.33-46

33 Լսեցէ՛ք մի այլ առակ. մի տանուտէր կար, որ այգի տնկեց եւ այն ցանկապատեց ու նրա մէջ հնձան փորեց եւ աշտարակ շինեց. ապա այն վարձու տուեց մշակներին եւ գնաց հեռու երկիր: 34 Երբ պտղի ժամանակը մօտեցաւ, իր ծառաներին ուղարկեց այն մշակների մօտ, որպէսզի բերքից իր բաժինը առնեն: 35 Իսկ մշակները, նրա ծառաներին բռնելով, մէկին տանջեցին, մէկին սպանեցին, մէկին քարկոծեցին: 36 Դարձեալ ուրիշ ծառաներ ուղարկեց՝ թուով աւելի, քան առաջինները: Եւ սրանց էլ նոյնն արեցին: 37 Յետոյ նրանց մօտ ուղարկեց իր որդուն ու ասաց. «Թերեւս իմ այս որդուց ամաչեն»: 38 Իսկ մշակները, երբ տեսան որդուն, իրենց մտքում ասացին. «Սա է ժառանգը, եկէք սպանենք սրան եւ սրա ժառանգութիւնը մենք սեփականեցնենք»: 39 Եւ նրան բռնեցին, հանեցին այգուց դուրս եւ սպանեցին: 40 Արդ, երբ այգու տէրը գայ, այդ մշակներին ի՞նչ կանի»: 41 Նրանք ասացին նրան. «Չարերին չարաչար կոչնչացնի եւ այգին կտայ այլ մշակների, որոնք նրան կտան պտուղներն իրենց ժամանակին»: 42 Յիսուս նրանց ասաց. «Սուրբ Գրքերում երբեւիցէ չէ՞ք կարդացել. այն վէմը, որ կառուցողները անարգեցին, նա է, որ եղաւ անկիւնաքար. Տիրոջից եղաւ այս եւ մեր աչքին սքանչելի է: 43 Դրա համար ասում եմ ձեզ, որ ձեզնից կվերցուի Աստծոյ արքայութիւնը եւ կտրուի այն ազգին, որ պտղաբեր կդարձնի այն: 44 Եւ ով այս վէմի վրայ ընկնի, կփշրուի, եւ ում վրայ այն ընկնի, նրան կճզմի»: 45 Երբ քահանայապետները եւ օրէնսգէտներն ու փարիսեցիները նրա առակները լսեցին, իմացան, որ իրենց համար ասաց: 46 Եւ ուզում էին նրան բռնել, բայց վախեցան ժողովրդից, քանի որ իբրեւ մարգարէ էին ընդունում նրան: