Ներելը առավել օգտակար է ներողին.

ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ


Հոգևոր քարոզներ 2019

Ներիր, ո՛չ միայն քո խիղճը հանգստացնելու, այլ քո այդ քայլով նրան խորհելու և դարձի գալու առիթ տուր: Ներիր, քանի որ դու գիտես, եթե նա դարձի չգա, ինչ է սպասվում նրան Արդար Դատաստանին: Նրա փրկությունը պակաս կարևոր չէ քո խղճի հանգստությունից: Եթե միայն պատվիրանապահության համար ներես քեզ նեղացնողին, ինչ որ բան կիսատ կմնա: Ուրեմն ներիր, գուցե քո արարքը նրան մտածելու տեղիք տա, և Աստված փոխի նրա սիրտը. Մի այլ դեպքում ներիր, որովհետև դու քաջատեղյակ ես Աստվածաշնչին, իսկ նա գուցե տեղյակ չէ: Ամեն դեպքում ներիր, դեռ ներելուց վնաս չի եղել, սակայն հիշաչարությունը բազում վնասներ ու թշնամություններ է բերել իր հետևից: Մի փիլիսոփա ասել է
«Նա, ով հազար բարեկամ ունի, իր կողքին չունի ոչ մեկին, իսկ նա, ով մեկ թշնամի ունի, նրան հանդիպում է ամենուր»: Ներելով է սկսվում սիրելու առաջին քայլերը...

Կյանքը երկդռնանի քաղաք է.
մեկով մտնում, մյուսով դուրս ենք գալիս... սբ. Գր.Տաթևացի

Օրվա ընթերցվածք.

Հովհաննես առաքյալի Ա թուղթը 5.1-12

1 Ամէն ոք, ով հաւատում է, թէ Յիսուսն է Քրիստոսը, Աստծուց է ծնուած. եւ ամէն ոք, ով սիրում է ծնունդ Տուողին, սիրում է նաեւ նրանից Ծնուածին: 2 Սրանով ենք ճանաչում, թէ սիրում ենք Աստծոյ Որդուն, երբ սիրենք Աստծուն եւ կատարենք նրա պատուիրանները. 3 քանզի այս է Աստծոյ հանդէպ մեր սէրը. որ պահենք նրա պատուիրանները: 4 Եւ նրա պատուիրանները ծանր չեն, քանի որ ամէն ոք, որ Աստծուց է ծնուած, յաղթում է աշխարհին: Եւ այս է այն յաղթութիւնը, որ յաղթում է աշխարհին՝ մեր հաւատը: 5 Եւ ո՞վ է, որ յաղթում է աշխարհին, եթէ ոչ՝ նա, ով հաւատում է, որ Յիսուսն է Աստծոյ Որդին: 6 Սա է, որ եկաւ ջրով, Հոգով եւ արեամբ՝ Յիսուս Քրիստոսը. ոչ միայն ջրով, այլեւ արեամբ եւ ջրով: 7 Եւ Հոգին է, որ վկայում է, որովհետեւ հէնց Հոգին է ճշմարտութիւնը: 8 Սրանք երեքը միասին են վկայում՝ Հոգին, ջուրը եւ արիւնը. եւ երեքը վկայութեան մէջ մէկ են: 9 Եթէ ընդունում ենք մարդկանց վկայութիւնը, Աստծոյ վկայութիւնն, ինչ խօսք, աւելի մեծ է: Այս է Աստծոյ վկայութիւնը. այն, որ նա վկայեց իր Որդու համար: 10 Ով հաւատում է Աստծոյ Որդուն, նա իր մէջ իսկ ունի այս վկայութիւնը. ով չի հաւատում Աստծոյ Որդուն, սուտ է հանում Աստծուն, քանի որ չի հաւատում այն վկայութեանը, որն Աստուած վկայեց իր Որդու համար: 11 Եւ այս իսկ է վկայութիւնը. այն, որ Աստուած յաւիտենական կեանք տուեց մեզ. եւ դա այն կեանքն է, որ նրա Որդու մէջ է: 12 Ով ընդունում է Որդուն, ընդունում է նաեւ կեանքը. եւ ով չի ընդունում Աստծոյ Որդուն, չի ընդունում նաեւ կեանքը: