ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Հոգևոր քարոզներ 2019
Երբ սիրում ես մեկին, ավելի մանրամասն հետաքրքրվում ես նրա մասին, թե ինչ է սիրում, ինչով է հետաքրքրվում, ովքեր են ծնողները, բարեկամները, որտեղ է ծնվել, ովքեր են նրա ընկերները, մի խոսքով ամեն ինչ հետաքրքիր է իմանալ նրա մասին, քանի որ սիրում ես նրան: Հետևաբար կկամենաս անել այն, ինչ ինքն է սիրում, ոչ թե դու: Եթե օրինակ` նա նախընտրում է դասական երաժշտություն, պատշաճ չէ նրան հրավիրել ռաբիս համերգի, որը օրինակ` դուք եք սիրում: Ինչի՞ համար է այս բոլոր մանրամասները, որպեսզի գանք բուն նյութին:
Ինչպե՞ս կարող է քրիստոնյան ասել, որ սիրում է Հիսուս Քրիստոսին, և չհետաքրքրվել, թե նա որտե՞ղ է ծնվել, որտե՞ղ է ապրել, ո՞րն է Նրա գործունեության նպատակը, և հատկապես կարդալ մի գիրք, որն ամբողջությամբ Նրա մասին է:
Ճիշտ չէ այն խոսքը, որն ասում է` կարևոր է Աստծուն սրտում ունենալ, մնացածը երկրորդական է: Այո դա ճիշտ կլիներ, եթե մենք անմեղ լինեինք, կամ հրեշտակներ լինեինք: Բայց մենք մեղավոր մարդիկ ենք, և ամեն ժամ կարիքն ունենք Նրա խոսքը լսելու, Նրա պատգամները կարդալու, Նրա ճանապարհով քայլողների ճանապարհով քայլելու, մինչև ինքներս ի վիճակի կլինենք սկսել մեր հաստատուն քայլերը:
Երբեմն համացանցում շատ օգտակար տեսանյութեր և նյութեր եմ հանդիպում, որ ցանկություն է առաջանում երկրորդ անգամ ընթերցել, կամ լսել: Նայում եմ, որ տեսնեմ արդյոք շատերի՞ ուշադրությանն արժանացավ, շատե՞րը լսեցին սովորեցին մի բան: Ցավ եմ ապրում, որ նման նյութերը կամ տեսանյութերը ուշադրության չեն անդրադառնում, մինչդեռ մի անորակ հումորային հաղորդում, որը նույնիսկ ամոթ է նայելը, բազում հետևորդներ ունի:
Մի՞թե այլևս մարդկանց իրենց հոգու փրկությունը հետաքրքիր չէ, մի՞թե դրանից էլ ձանձրացան: Վերցրեք մեր հայրերի գրվածքների հիման վրա ստեղծված տեսանյութերը, հոգևոր բոլոր քարոզները համացանցում, ստուգեք նրանց լսողների քանակը և կհամոզվեք ասածիս ճշմարտությանը: Մարդու ամբողջ ուշադրությունը մնաց զվարճանքի, դրամի և հարմարավետության հաճույքի վրա: Սա տխուր փաստ է, որ արձանագրվում է ամեն օր: Քրիստոնյան պարտավորություն ունի, այս պատվավոր անունը ինքնանպատակ չէ:
Օրվա ընթերցվածք.
Ավետարան ըստ Մատթեոսի 28.16-20
16 Իսկ տասնմէկ աշակերտները գնացին Գալիլիա՝ այն լեռը, ուր Յիսուս իրենց հետ ժամադրուել էր: 17 Երբ նրան տեսան, երկրպագեցին նրան, իսկ ոմանք երկմտեցին: 18 Եւ Յիսուս մօտենալով խօսեց նրանց հետ ու ասաց. «Ինձ է տրուած ամէն իշխանութիւն երկնքում եւ երկրի վրայ. ինչպէս Հայրը ինձ ուղարկեց, ես էլ ձեզ եմ ուղարկում: 19 Գնացէ՛ք, ուրեմն, աշակե՛րտ դարձրէք բոլոր ազգերին, նրանց մկրտեցէ՛ք Հօր եւ Որդու եւ Սուրբ Հոգու անունով: 20 Ուսուցանեցէ՛ք նրանց պահել այն բոլորը, ինչ որ ձեզ պատուիրեցի: Եւ ահա ես ձեզ հետ եմ բոլոր օրերում՝ մինչեւ աշխարհի վախճանը»:
Post Views: 755