Անմեղ ու Անարատ մարմնին անգամ պետք եղավ պահքի պնդությունը.

ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ


Հոգևոր քարոզներ 2019

Սույն պահքի պնդությամբ և նինվեացիների բազմամբոխ քաղաքը փրկվեց, որովհետև նրանք դարձան իրենց բոլոր անօրինություններից և չար ընթացքից, քրձով ու մոխրով ետ դարձրեցին Աստծու խստացած բարկությունը:
Եվ քանի որ նրանք չխնայեցին իրենց անձերը` նեղելու դրանք պահքով ու պաղատանքներով, ողբալով և հեծեծանքներով լաց լինելով, Աստված խնայեց նրանց հոգիներն ու մարմինները:
Սույնով իսկ՝ պահքի պնդությամբ, և Մովսեսն ընդունեց աստվածադիր օրենքները, որովհետև քառասնօրյա պահքի մաքրությամբ արժանի դարձավ մոտենալու Մաքուրին. և խոսում էր Նրա հետ՝ իբրև բարեկամի:
Սույն պահքի պնդությամբ սրբվեց և Թեզբացի Եղիան և իր բերանի խոսքով բացեց ու փակեց երկինքը և երկնքից կրակ իջեցրեց:
Էլ ի՞նչ ասեմ պահքի պնդության մասին.տերունական Անմեղ ու Անարատ մարմնին անգամ պետք եղավ պահքի պնդությունը՝ մեզ օրինակ լինելու համար: Դրանով նաև առաջին հայրերն առաքինացան և անմարմին հրեշտակների վարքը մարմնի մեջ ցույց տվեցին. երկրում մեռցրին երկրավոր ցանկությունները և երկնքում կենդանացրեցին իրենց հոգիները, մերժեցին անցողիկ հաճույքները, որպեսզի ընդունեն անանցանելի բարիքները, հեռացան տնից ու ստացվածքներից, չարչարվեցին բազում նեղություններից և չարչարվելով՝ ամբողջովին մեռցրեցին իրենց անձերը քաղցով, ծարավով ու նվաստ հագուստներով:
Իսկ նրանք, որոնք հեռացան պահքից, հեռացան Աստծու շնորհներից և բազում չարերով չարչարվեցին: Ահա Ադամը հեռացավ ամուր պահեցողությունից և դրախտից դուրս՝ փշաբեր երկիրը ելավ: Նոյի ազգի ծնունդները հեռացան ամուր պահեցողությունից և համայնաջինջ ջրհեղեղով խեղդվեցին ու մեռան: Եբրայեցի ժողովուրդը հեռացավ ամուր պահեցողությունից, և ընտիրները մեռան: Սոդոմի բնակիչները հեռացան պահքից, և հրե անձրև ու կայծակ տեղաց նրանց վրա: Եվ բոլոր նրանք, ովքեր արհամարհեցին պահքը, արհամարհվեցին Աստծու կողմից և հեռացան Նրա ողորմությունից:
Բայց հարկ է, որ պահողները զինված լինեն խոհեմությամբ. քանզի սատանան կորստյան է մատնում և՛ պահք պահողներին, և՛ պահողների պահքը:
Հովհան Մանդակունի <<Ճառեր>>

Օրվա ընթերցվածք.

Պողոս առաքյալի թուղթը հռոմեացիներին 6.3-14
3 Կամ չգիտէ՞ք, որ մենք բոլորս, որ մկրտուեցինք Յիսուս Քրիստոսով, նրա մահով է, որ մկրտուեցինք: 4 Մկրտութեամբ թաղուեցինք նրա հետ մահուան մէջ, որպէսզի ինչպէս որ Քրիստոս մեռելներից յարութիւն առաւ Հօր փառքով, նոյնպէս եւ մենք քայլենք նոր կեանքով. 5 որովհետեւ եթէ նրա մահուան նմանութեամբ տնկակից եղանք նրան, պիտի լինենք նաեւ նրա յարութեան նմանութեամբ: 6 Այս իմացէ՛ք, որ մեր միջի հին մարդը խաչուեց նրա հետ, որպէսզի քայքայուի մեղքի մարմինը, եւ այլեւս մենք չծառայենք մեղքին. 7 որովհետեւ ով մեռնում է, ազատ է մեղքից: 8 Իսկ եթէ մեռանք Քրիստոսի հետ, հաւատում ենք, որ նրա հետ էլ կապրենք: 9 Գիտենք, որ Քրիստոս, մեռելներից յարութիւն առած լինելով, այսուհետեւ չի մեռնի, եւ մահը նրան այլեւս չի տիրի. 10 որովհետեւ նա, որ մեռաւ, մեղքի համար մեռաւ մէկընդմիշտ, եւ նա, որ կենդանի է, կենդանի է Աստծոյ համար: 11 Նոյնպէս եւ դուք ձեզ մեռած համարեցէք մեղքի համար, բայց կենդանի՝ Աստծոյ համար՝ մեր Տէր Քրիստոս Յիսուսով: 12 Այսուհետեւ մեղքը թող չթագաւորի ձեր մահկանացու մարմիններին՝ հնազանդեցնելու ձեզ իր ցանկութիւններին: 13 Եւ ձեր մարմնի անդամները, որպէս անիրաւութեան գործիք, ի ծառայութիւն մեղքի մի՛ պատրաստէք, այլ յանձնեցէ՛ք ձեզ ի ծառայութիւն Աստծոյ՝ որպէս մեռելներից կենդանի դարձածներ, իսկ ձեր մարմնի անդամները՝ արդարութեան գործիքներ՝ ի ծառայութիւն Աստծոյ, 14 որպէսզի մեղքը ձեզ չտիրի. քանզի օրէնքի տակ չէք, այլ՝ շնորհի: