ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Հոգևոր քարոզներ 2019
Նա, որը հանձն առավ մեռնել քեզ համար, որքան պիտի կամենա տեսնել քո փրկությունը Իր միջոցով:
Պատարագի Խորհուրդը սթափության ահազանգ է բոլոր մարդկանց համար: Ինքնաքննության հրավեր է յուրաքանչյուրիս, զղջումի հնարավորություն է, փրկության հույս է, մեր կյանքի առանցքն է Սուրբ Պատարագը: Ուրիշ ո՛չ մի տեղ չկա խաղաղություն, սեր օրհնություն և միասնություն: Մեր հանապազօրյա Հացն է այնտեղ բաշխվում ամեն կիրակի: Աստծուն գոհություն հայտնելու լավագույն հնարավորություն է: Մենք «Հայր -Մեր» աղոթքի մեջ մեր հանապազօրյա հացն ենք խնդրում ամեն օր, և կիրակի օրերը չենք մասնակցում Պատարագի: Մի՞թե միայն նյութական հաց ենք ուզում մեր Տիրոջից: Ամեն կիրակի պետք է մասնակցենք Պատարագի և հաղորդվենք մեր Տիրոջ հետ: Ո՞վ գիտե, հաջորդ կիրակի մեզնից յուրաքանչյուրը ո՞ւր կլինի...
Գնա Եկեղեցի, որպեսզի Պատարագի ժամանակ լսես օրվա Ավետարանը: Եթե դուրս գալուց հետո չես հիշում, թե ինչ կարդացվեց եկեղեցում, ուրեմն այդ բացը լրացրու տանը, կամ հաջորդ կիրակի: Անհնար է մասնակցել Պատարագին ու չհիշել, թե որն էր օրվա Ավետարանը, կամ օրվա խորհուրդը: Այլապես ոչինչ չես սովորի այդ օրը: Ծուլությունը հոգևոր ասպարեզի անեծքն է դարձել: Քունը պատճառ է դարձել զրկվել փրկությունից, որովհետև չարը հետապնդում է հանապազ:
Կամ, երբ քեզ ճաշի են հրավիրում, անհնար է, որ ավարտին շնորհակալություն չհայտնես հյուրասիրության համար: Իսկ ինչպե՞ս ես եկեղեցուց դուրս գալիս Սուրբ հաղորդություն ստանալուց անմիջապես հետո, առանց գոհության աղոթքին մասնակցելու: Սուրբ Հաղորդությունից հետո քաղցր ձայնով երգում են. «Աստուած մեր և Տէր մեր երևեցաւ մեզ, օրհնեալ եկեալ անուամբ Տեառն»: Մեր Տեր Աստվածը և մեր Տերը երևաց մեզ, օրհնյալ է Տիրոջ անունով եկողը։ Իսկ դու, որ արդեն դուրս ես եկել եկեղեցուց, չես լսում այս գեղեցիկ մեղեդին: Իսկ դպիրներն ու ժողովուրդը գոհունակության երջանիկ զգացումով երգում են. «Լցաք ի բարութեանց Քոց, Տէր»։
Այսինքն՝ Քո բարիքներով լցվեցինք, Տեր, Մարմինն ու Արյունը ճաշակելով. փառք բարձունքներում՝ մեզ կերակրողիդ, որ միշտ կերակրում ես մեզ։ Ուղարկիր մեզ քո հոգևոր օրհնությունը. փառք բարձունքներում՝ մեզ կերակրողիդ։ «Գոհություն ենք մատուցում Քեզ, ո՛վ Տեր, որ քո անմահական Սեղանից կերակրեցիր մեզ՝ քո Մարմինն ու Արյունը բաշխելով աշխարհին փրկություն և մեր անձերին կյանք լինելու համար»։
Եթե դու մինչև Քահանայի արձակումը դուրս գաս, կլինի, որ օգտվեցիր բարիքներից և շնորհակալություն չհայտնեցիր Պարգևատուին: Միշտ էլ կարելի է սովորել, երբեք ուշ չէ, կարևորը ցանկությունն է: Աստված բոլորի Արարիչն է, բայց ոչ բոլորի Հայրը, որովհետև մարդիկ երկու խմբի են բաժանված, Աստծո զավակներ և սատանայի զավակներ: Սովորիր Աստծո մատնանշած ճանապարհը, և ցույց տուր քո սիրելի զավակին, որպեսզի նա հաստատ լինի իր գործերում: Իսկ երբ դու էլ տեղյակ չես Աստծո շիտակ ճանապարհներից, նրան ցույց ես տալու քո պատկերացրած ճանապարհը, իսկ մարդը չգիտե շիտակ ճանապարհի սկիզբը առանց Աստծո: Իսկ Կղեմես Ալեքսանդրացին հոգևոր քրիստոնյայի կյանքի համար այսպիսի գեղեցիկ տողեր ունի...
«Կատարյալ քրիստոնյայի բովանդակ կյանքը նման է սրբազան հանդեսի. նրա զոհաբերություններն աղոթքներն են, նրա աստվածպաշտությունը՝ Աստվածաշնչի ընթերցանությունը... Քաջատեղյակ լինելով Սուրբ Գրքին և ծերության մեջ էլ ընթերցելով այն, նա ապրում է՝ լիովին հնազանդվելով Ավետարանին... Նրա բովանդակ կյանքը ոչ այլ ինչ է, քան ուսում և գործեր՝ հիմնված Տիրոջ վարդապետության վրա»:
Օրվա ընթերցվածք.
Հովհաննես առաքյալի Ա թուղթը 3.10-20
Ամէն ոք, ով արդարութիւն չի գործում, Աստծուց չէ. նոյնպէս՝ նա, ով չի սիրում իր եղբօրը: 11 Քանզի այս է այն պատուիրանը, որ լսեցիք ի սկզբանէ՝ որ սիրե՛նք միմեանց. 12 ոչ՝ ինչպէս Կայէնը, որ չարից էր եւ սպանեց իր եղբօրը: Եւ ինչո՞ւ սպանեց նրան. որովհետեւ իր գործերը չար էին, իսկ եղբօր գործերը՝ բարի: 13 Եւ մի՛ էլ զարմացէք, եղբայրնե՛ր, որ աշխարհը ատում է ձեզ: 14 Մենք գիտենք, որ մահուանից դէպի կեանք անցանք, քանզի սիրում ենք մեր եղբայրներին: Իսկ ով չի սիրում եղբօրը, մնում է մահուան մէջ: 15 Ամէն ոք, ով ատում է եղբօրը, մարդասպան է. եւ գիտենք, որ ամէն մարդասպան իր մէջ յաւիտենական կեանք չունի: 16 Սէրը նրանով ճանաչեցինք, որ Յիսուս իր կեանքը տուեց մեզ համար. մենք էլ պարտաւոր ենք մեր եղբայրների համար տալ մեր կեանքը: 17 Ով այս աշխարհի բարիքներից ունենայ եւ տեսնի իր եղբօրը մի բանի կարօտ ու փակի իր սիրտը նրա առաջ, Աստծոյ սէրը ինչպէ՞ս կարող է բնակուել նրա մէջ: 18 Որդեակնե՛ր, խօսքերով եւ լեզուո՛վ չսիրենք, այլ՝ գործով եւ ճշմարտութեամբ: 19 Եւ հէնց դրանով ճանաչած կլինենք, որ ճշմարտութիւնից ենք, եւ նրա առաջ կանգնելու վստահութիւն կունենան մեր սրտերը: 20 Եթէ մեր սրտերը դատապարտեն մեզ, մենք գիտենք, թէ Աստուած աւելի մեծ է, քան մեր սրտերը. եւ նա գիտէ ամէն բան: