Ո՞վ է քրիստոնյան այսօր.

ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ


Հոգևոր քարոզներ 2019

Քրիստոնյան Պողոս Առաքյա՛լն է, որի աչքերը կուրացան ժամանակավորապես Իրական Լույսից և նա քրիստոնյաներ հալածողից դարձավ ընտրյալ քրիստոնյա և կյանքով ծառայեց Աստծուն:
Քրիստոնյան Պետրոս Առաքյա՛լն է, որը ընկավ փորձության մեջ`ուրանալով Տիրոջը և ողջ կյանքը դառնապես զղջալով, նվիրումով ծառայեց Աստծուն` իր կյանքի օրինակով:
Թովմա՛սն էր Քրիստոնյա, որը երկմտեց, որովհետև մարդ էր, սակայն այնպես ամրացավ հավատքի մեջ, որ միանգամից գոչեց.«Տեր ին և Աստված իմ» և ապրեց ու քարոզեց Աստծուն:
Բոլո՛ր Առաքյալներն են քրիստոնյա, որոնք Քրիստոսին ճանաչելուց և Նրա Սուրբ անունը կրելուց հետ կամավոր նահատակվեցին իրենց ներքին համոզման, զորեղ հավատքի, իրենց աչքի տեսածի ու լսածի համար` առանց վարանելու:

Մեր օրերի քրիստոնյան նա է, որը`
Փնտրում է հավատով, Խնդրում է հույսով, Բախում է սիրով...
Քրիստոնյան երջանիկ է, որովհետև գնահատում է իր պատվավոր անունը.
Ուրախ է, որովհետև սիրտը անդադար զովացնում է Աստծո անմահական ջրով:
Խաղաղ է, որովհետև չի մոռանում, որ իր ապավենը և հույսը Տեր Աստվածն է:
Խոնարհ է, քանզի գիտե իր հողեղեն շինվածքի մասին ու չի մոռանում երբեք:
Ողորմած է, որովհետև առանց Տիրոջ ողորմության ինքը գոյություն չէր ունենա:
Քրիստոնյայի ոտքերը ամուր են երկրի վրա, որովհետև չի մոռանում իր դավանած «Հավատամքը» և այն պահում է իր սրտի գանձարանում և սիրով բարձրաձայնում, որտեղ որ հարկն է` փաստելով իր քրիստոնյա բարձր անունը:
Քրիստոնյան հարաժամ աղոթող է, որովհետև խնդրում է Աստծուց հավատով, բաժանում է այլոց սիրով և սպասում է պսակին` հույսով:
Քրիստոնյան միշտ արթուն է, որովհետև քաջատեղյակ է, որ Աստծու Ամենատես աչքի առջև է հանապազ խոսում, մտածում և գործում:
Քրիստոնյան Սուրբ Հաղորդության միջոցով մշտական կապի մեջ է Աստծո Որդու հետ, որովհետև գիտե իր առաքելության նպատակը այս աշխարհ գալու և հավիտենականություն ժառանգելու մասին:
Քրիստոնյան գիտակցաբար դիմանում է անարդարություններին, անօրենություններին, զրկանքներին, ի մտի ունենալու Արդարի, Ճշմարիտի, Լույսի հալածանքներն ու Խաչելությունը խավարասերների կողմից: Նա չի մոռանում Տիրոջ խոսքը` թե. «Ես ձեզ հետ եմ մինչև աշխարհի վախճանը»:
Քրիստոնյան որպես Տիրոջ ներկայություն իր սրտում ունի Աստվածաշունչը: Քրիստոնյան հավատով է վերցնում իր բաժին լուծը և հույսով է տանում բեռը, որովհետև վստահ է, որ Տերը ցույց է տալու իրեն բեռը կրելու հեշտ ճանապարհը: Ոչ թե բեռից հրաժարվելու, այլ սիրով տանելու:

Քրիստոնյան նա վերջապես, որը իր փրկությունը տեսնում է Եկեղեցու ներսում, Եկեղեցու ներսի բացերը շտկում է իր առաքինություններով, կրթվում է այնտեղ, և ջանում է այլոց համար լինել վառված մոմ, որից կարող են բոլորը լուսավորվել:
Այս բաները չհիշող քրիստոնյան լինում է տխուր, բարկացկոտ, թերահավատ, սնոտիապաշտ, հպարտ, ծույլ և անհույս` ավա՛ղ, մկրտված լինելով հանդերձ:
Դառնանք Առաքյալների նման քրիստոնյաներ, մի բանով էլ մենք ուրախացնենք մեր Տիրոջը` Նրանից այսքան կատարյալ բարիքներ ստանալուց հետո: Քրիստոսասեր բարեկամ, անհնար ոչինչ չկա, կամենալու և ջանալու դեպքում: Ինչպես կարող ենք շնորհակալ լինել մեր սրբերին, եթե մեր կյանքը չնմանեցնենք նրանց կյանքին`ծառայեցնելով Աստծու փառքի համար: Մեր փոխված կյանքն է միայն, որ կուրախացնի ինչպես մեր Տեր Հիսուս Քրիստոսին, այնպես էլ Նրա անվան համար նահատակված սրբերին:

Օրվա ընթերցվածք.

Հովհաննես առաքյալի Ա թուղթը 3.7-10
Որդեակնե՛ր, թող ոչ ոք ձեզ չխաբի. ով արդարութիւն է անում, արդար է, ինչպէս որ նա է արդար:  Եւ ով մեղք է գործում, դա սատանայից է, քանի որ սատանան մեղանչող է ի սկզբանէ: Աստծոյ Որդին հէնց նրա համար յայտնուեց, որ քանդի սատանայի գործերը:  Ամէն ոք, ով Աստծուց է ծնուած, մեղք չի գործում, որովհետեւ նրա սերմը մնում է նրա մէջ. չի էլ կարող մեղանչել, որովհետեւ Աստծուց է ծնուած: Սրանով են տարբերւում միմեանցից Աստծոյ որդիները եւ սատանայի որդիները: