ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Հոգևոր քարոզներ 2019
Մի հրեա կար՝ Հովսեփ անունով. այնքան նշանավոր բժիշկ էր, որ զարկերակը շոշափելով` հինգ օր առաջ գուշակում էր մարդու մահը: Աստվածընտիր Բարսեղը մեծը Հոգով տեսավ, որ Հովսեփն ինչ-որ ժամանակ կդիմի Աշխարհի Փրկչին, սիրեց նրան և հաճախ կանչելով իր մոտ խորհուրդ էր տալիս մկրտվել:
Բայց հրեան մշտապես հրաժարվում էր՝ ասելով, թե ինչ հավատի մեջ որ ծնվել է, նրա մեջ էլ ցանկանում է մեռնել:
Աստվածահաճո Բարսեղը նրան ասաց. «Հավատա ինձ, որ չենք մեռնի ոչ ես, ոչ դու, մինչև որ դու չծնվես Ջրից և Հոգուց: Առանց այս առաքինության անհնար է մտնել Երկնքի արքայություն: Քո նախահայրերը չմկրտվեցի՞ն ամպի և ծովի մեջ, չխմեցի՞ն արդյոք վեմից, որ հոգևոր վեմի՝ Հիսուս Քրիստոսի այլափոխումն էր»:
Վերջապես եկավ նրա՝ Բարսեղի Աստծո մոտ գնալու ժամանակը: Սուրբը հիվանդացավ և Հովսեփին կանչելով իբրև թե իրեն բժշկելու համար, հարցրեց. «Ի՞նչ ես մտածում իմ մասին»: Հրեան, շոշափելով սրտի զարկերակը, ծառայողներին ասաց. «Պատրաստեցեք ամեն ինչ թաղման համար, շուտով սուրբը կմահանա»: «Ինքդ էլ չգիտես, թե ինչ ես խոսում», - ասաց Բարսեղ Մեծը: Բայց Հովսեփը վստահորեն պատասխանեց. «Ճիշտ եմ ասում, Տեր, դու կմեռնես նախքան արևը մայր կմտնի»: «Իսկ ի՞նչ կանես, եթե մինչև առավոտյան վեցերորդ ժամը չմահանամ»,- հարցրեց Բարսեղը: «Թող ինքս մեռնեմ»,-պատասխանեց Հովսեփը: «Երդվեցնում եմ քեզ մահանալ մեղքի համար, որպեսզի ապրես Աստծու համար», - ասաց սուրբը: «Գիտեմ, ինչի մասին ես խոսում, տեր, - պատասխանեց հրեան, - վկա է Աստված, որ կկատարեմ»:
Սուրբ Բարսեղն ազատ արձակեց հրեային և խնդրեց Աստծուն, որ մոլորյալին փրկելու համար շարունակվի իր կյանքը:
Հաջորդ առավոտյան սուրբը մարդ ուղարկեց նրա հետևից: Բժիշկն այնքան վստահ էր իր վրա, որ ծառային չհավատաց, թե Բարսեղը կենդանի է, բայց ցանկանալով մահացածին հրաժեշտ տալ, գնաց ծառայի հետ: Բայց մեծ եղավ զարմանքը, երբ տեսավ աստվածահաճո մարդուն: Հովսեփն ընկավ նրա ոտքերն ու մաքուր սրտով բացականչեց. «Մեծ է քրիստոնյաների Աստվածը, և Նրանից բացի չկա ուրիշ Աստված: Կարգադրիր, հայր սուրբ, որ և ինձ, և ընտանիքիս անդամներին անհապաղ մկրտեն»:
«Ես իմ ձեռքով կմկրտեմ քեզ», - պատասխանեց Քրիստոսի սուրբը և ի զարմանս բոլորի վեր կացավ մահճից, գնաց եկեղեցի: Այնտեղ ամբողջ ժողովրդի ներկայությամբ մկրտեց Հովսեփին և նրա ընտանիքի անդամներին, պատարագ մատուցեց և նորադարձներին Սուրբ Հաղորդություն տվեց: Նրանց սովորեցնելով՝ նա եկեղեցում մնաց մինչև իններորդ ժամը: Վերջապես, փառք տալով Աստծուն, ժողովրդի աչքի առաջ հոգին հանձնեց Աստծո ձեռքը:
«Հոգևոր խրատներ»
Օրվա ընթերցվածք.
Հովհաննես առաքյալի Ա թուղթը 3.2-6
2 Սիրելինե՛ր, այժմ Աստծոյ որդիներ ենք. եւ դեռ յայտնի էլ չէ, թէ ինչ ենք լինելու: Գիտենք, որ երբ նա յայտնուի, լինելու ենք նրա նման, քանի որ նրան տեսնելու ենք այնպէս, ինչպէս նա կայ: 3 Եւ ամէն ոք, որ այս յոյսն ունի իր մէջ, մաքրում է ինքն իրեն, ինչպէս որ նա է մաքուր: 4 Ամէն ոք, ով մեղք է գործում, նաեւ անօրինութիւն է անում. եւ մեղքը ինքնին անօրինութիւն է: 5 Եւ գիտենք, որ նա այն պատճառով յայտնուեց, որպէսզի վերացնի մեղքերը. բայց նրա մէջ մեղք չկայ: 6 Ամէն ոք, ով բնակւում է նրա մէջ, չի մեղանչում. եւ ամէն ոք, ով մեղանչում է, ո՛չ տեսել է նրան եւ ո՛չ էլ ճանաչել: