ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Հոգևոր քարոզներ 2019
Փոքր նպատակներդ մի դիր քո գլխավոր նպատակից առաջ: Քո գլխավոր նպատակը Աստծուն միանալն է,
հենց միացար, փոքր նպատակներդ կանհետանան Աստծու փառքի և Նրա տված պարգևների առջև:
Երիտասա՞րդ ես, փնտրիր Աստծուն և Նա քեզ կօգնի գտնել կյանքիդ ընկերոջը:
Անուսնացա՞ծ ես, կապվիր Աստծուն, որ ամուր լինի ընտանիքդ: Հիշիր, որ Աստծուն հաճելի է այս թվաբանությունը`1+1=1
Այր ու կին մեկ մարմին են, ոչ երկու: Եվան հողից չստեղծվեց, այլ Ադամի կողից` նրա մի մասնիկն է:
Հղի՞ ես, հոգևոր շարականներ լսիր, բարձրաճաշակ երեխա ունենալու համար:
Ծնվե՞ց երեխան, Սուրբ Մկրտության տար Աստծու տաճարը:
Կերակրո՞ւմ ես երեխային կրծքով, սաղմոս երգիր նրա համար, թող հաճելին օգտակարի հետ լինի:
Քայլե՞ց երեխադ, ձեռքը բռնիր ու եկեղեցի տար, պատմիր նրան իր ընկալման սահմաններում եկեղեցու մասին, բայց սիրով, ոչ թե ստիպելով: Քիչ- քիչ լցրու նրա միտքը արժեքավոր բաներով:
Խոսե՞ց երեխադ, Աստծուն ու մարդուն շնորհակալություն հայտնել և ներողություն խնդրել սովորեցրու: Այսպիսի երեխայի մեկ խնդրանքը կարող է բացել Երկնքի Արքայության դռները:
Թող աղոթեն երեխաները, քանի մաքուր է նրանց սրտերը, նրանց խոսքը ակնթարթորեն լսելի կլինի Աստծուն: Փոքր երեխան չի կարող խնդրել Աստծուն` իր մայրիկի հիվանդության համար, քանի որ տեղյակ չէ, և սովոր չէ ասելու. «խնդրում եմ սիրելի Հիսուս Քրիստոս», կամ «Շնորհակալ եմ սիրելի Հիսուս Քրիստոս»:
Իսկ նրանց անտեղյակություն համար մենք ենք մեղավոր ու պատասխանատու: Մեղավոր ենք, որովհետև մենք էլ չգիտենք: Իսկ ժամանակը անցնում է ու չի սպասում...
Սիրելի կնքահայրեր հանձն առեք ձեր սուրբ պարտականությունը, որ ստանձնեցիք երեխայի մկրտության ժամանակ: Օգնեք նրանց հաստատվել եկեղեցում ժամանակի ընթացքում:
Սիրելի ծնողներ պատմեք երեխային այն սրբի մասին, ում անունը կրում է ձեր երեխան` եթե իհարկե կրում է, թող իմանա, թե ում պատվավոր անունն է կրում ինքը, սթափ լինելու համար` հետևելով նրա կյանքի սրբությանը::
Մեծահասա՞կ եք, նպաստեք, որ այս բարեպաշտական սովորությունները բուն դնեն ձեր հարկի տակ, որպեսզի խաղաղ ապրեք ձեր տանը և այս աշխարհի խառնաշփոթի մեջ:
Հիմա տեսնենք թե ինչ ասում սիրելի Հովհան Ոսկեբերան Հայրապետը.
Դու շա՞տ ես մեղանչել: Վերջապես կանգ առ, բռնիր հակառակ ճանապարհը, երախտապարտ եղիր Աստծուն, որ Նա չարտաքսեց քեզ (ողջերից) մեղք կատարելու պահին, և մի ցանկացիր, որ քեզ նորից չարիք կատարելու ժամանակ տրվի: Մի ասա` դեռ ժամանակ կլինի, որպեսզի դարձի գամ: Շատերը կորստյան մատնվեցին հենց այն պահին, երբ տրվեցին շահամոլության և դատապարտվեցին:
Երկյուղ ունեցիր, որպեսզի և դու չենթարկվես դատապարտման` առանց արդարացման հույսի:
Բայց շատերին, ասում ես, Աստված ժամանակ տվեց մինչև խոր ծերություն: Ի՞նչ ես ուզում ասել, քեզ էլ տա՞:
Հնարավոր է և տա` ասում ես դու: Ի՞նչ են նշանակում «հնարավոր է», «երբեմն», «հաճախ» բառերը: Մտածիր, որ խոսքը հոգուդ մասին է, պատկերացրու նաև հակառակը,
կշռադատիր և ասա` իսկ եթե չտա՞:
Օրվա ընթերցվածք.
Հովհաննես առաքյալի Ա թուղթը 3.6
3 1 Տեսէ՛ք, ինչպիսի սէր շնորհեց մեզ Հայրը, որպէսզի մենք կոչուենք Աստծոյ որդիներ. աշխարհը մեզ չի ճանաչում նրա համար, որ նրան էլ չճանաչեց: 2 Սիրելինե՛ր, այժմ Աստծոյ որդիներ ենք. եւ դեռ յայտնի էլ չէ, թէ ինչ ենք լինելու: Գիտենք, որ երբ նա յայտնուի, լինելու ենք նրա նման, քանի որ նրան տեսնելու ենք այնպէս, ինչպէս նա կայ: 3 Եւ ամէն ոք, որ այս յոյսն ունի իր մէջ, մաքրում է ինքն իրեն, ինչպէս որ նա է մաքուր: 4 Ամէն ոք, ով մեղք է գործում, նաեւ անօրինութիւն է անում. եւ մեղքը ինքնին անօրինութիւն է: 5 Եւ գիտենք, որ նա այն պատճառով յայտնուեց, որպէսզի վերացնի մեղքերը. բայց նրա մէջ մեղք չկայ: 6 Ամէն ոք, ով բնակւում է նրա մէջ, չի մեղանչում. եւ ամէն ոք, ով մեղանչում է, ո՛չ տեսել է նրան եւ ո՛չ էլ ճանաչել:
Post Views: 853