Մեկը վանական ճգնավորին ասում է. «Հայ՛ր, մեծ են պատվիրանները և չափազանց շատ, դրանից իմ միտքը մթագնում է և չգիտեմ` ո՞րը կատարեմ և ո՞րը թողնեմ»:
Իսկ նա պատասխան տվեց. «Թող այդ քեզ չվախեցնի , եղբայ՛ր, այլ իմացի՛ր, որ եթե քո մեջ ատելություն մշակես դեպի ունեցվածքը, հեշտությամբ կհասնես բոլոր առաքինություններին, որովհետև ով ոչինչ է համարում աշխարհիս բարիքները, նա ո՛չ ոխակալ կլինի, ո՛չ կռվարար և ոչ էլ մեկնումեկին ատող: Սակայն ասա՛ ինձ` ի՞նչ դժվարություն ունի թշնամու համար աղոթելը: Քեզ պետք չէ ո՛չ փորել երկիրը, ո՛չ հեռավոր ճանապարհ գնալ, այլ միայն ատել ունեցվածքը, որովհետև այնտեղ, ուր չկա ունեցվածք, որտեղի՞ց թշնամություն պետք է լինի: Անարգեց քեզ, գոհացի՛ր, քանզի առաքյալների աշակերտը եղար, որոնք ցնծում էին, երբ Հիսուսի անվան համար գանահարվելու էին արժանանում: Նրանք` գանահարվողները, արդար էին, իսկ մենք գանահարությունների և անարգանքի արժանի ենք, թեկուզ ամենք էլ մեզ պատվեն. նաև անիծյալ ենք, քանզի գրված է. «Անիծյալ են նրանք որոնք Քո պատվիրաններից շեղվեցին»:
Մի՛ կարծիր, թե ամենքին է տրված անարգվել Քրիստոսի անվան համար: Վստահաբար ոչ ամենքին, այլ արդարներին ու սրբերին միայն, ինչպես ասացի, իսկ մեզնից ովքեր իմաստուն են, խոստովանում են և ասում`իրավացիորեն մենք անարգվում ենք մեր բազում չար և ապիրատ գործերի համար: Սակայն որքան եղկելի է այն անձը, ով գիտե իր բոլոր չար գործերը և գիտե ամեն բան, որ կատարվում է իր հետ, արդարացիորեն է կատարվում, սակայն իր մտքերի մեջ հիմարանալով`մոռանում է իր բոլոր մեղքերը և նստած` չար ու դիվական խորհուրդներ է խորհում և և ասում. «Այս մեկն ինձ այս բանն ասաց, կամ այսինչն ինձ անարգեց»: Չի հասկանում եղկելին, որ սրանով կորստյան է մատնում իր անձը` ինքն իր դևը դառնալով: Քանզի` ով արվեստի գործն է տեսնում, նա նաև գործի մեջ արվեստագետի անձն է տեսնում: Ինչպես ուսուցիչներն են աշակերտներին հանձնարարում արվեստի գործ, և թույլ են տալիս, որ աշակերտները գործեն, և չեմ նստում նրանց կողքին, այլ ժամանակ առ ժամանակ գալիս են տեսնելու, թե ինչպես են աշխատում, որ չլինի թե ինչ որ բան սխալ անեն, կամ ծուլանան աշխատանքի մեջ, այնպես էլ` դևերը, երբ տեսնում են մեկը հեշտությամբ հնազանդվում է իրենց, և իր մտքի մեջ է առնում իրենց խորհուրդները, տալիս են նրա սրտին իրենց դիվային և թունավոր չար խորհուրդները, և կարիք չեն ունենում մոտ գտնվելու` գիտենալով, որ այդպիսի չար անձը բավական է ինքն իրեն սպանելու համար, այլ ժամանակ առ ժամանակ գալիս են նրա սրտում նորոգում են չարը, որպեսզի հանկարծ չծուլանա: Ուրեմն ո՞ր գործն է ավելի դյուրին` սիրե՞լ ամենքին և սիրված լինել ամենքից, թե՞ ատել ու մշտապես մարտնչել: Ոչ թե Տիրոջ պատվիրանները մեզ հանգիստ չեն տալիս, այլ մեր միտքն ու կամքը չենք ուղղում դեպի բարին, իսկ եթե ուղղվեն, ամեն բարիք հեշտությամբ կտրվի: Եվ ինչպես ասացի, մի փոքրիկ հոժարությունը մեծամեծ առաքինություններ կբերի մեր սիրտը: Ինչպես ասաց մեծն Անտոնը` առաքինությունների համար միայն մեր կամքն է անհրաժեշտ, և պետք չէ հեռու ճանապարհ գնալ. և որոնել Աստծու Արքայությունը, ոչ էլ ծովեր անցնել` առաքինության համար: Ո՞ր հանգիստը չունեն հեզերն ու խոնարհները, քանզի հեզերը կժառանգեն երկիրը և բազում խաղաղությամբ կբնակվեն այնտեղ»: