Հոգևոր լռությունը մարդկային վախից չէ, այլ Աստծո երկյուղից.

ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ


Հոգևոր քարոզներ 2019

Աստծու խոսքը բացարձակ հեղինակություն է, կատարյալ ճշմարտություն է, աննահանջ երթ է, անխախտ խոստում է, հոգևոր դիմադրողականություն է, հզոր զենք է հոգևոր պատերազմի ժամանակ, հետևաբար նրանով է բարձրանում եկեղեցու օգտակար գործողության գործակիցը:
Հիսուս Քրիստոսի սիրելի աշակերտ Հովհաննես Առաքյալը միակն է, որը թափանցել է շատ հեռավոր անցյալ`գրել է. «Սկզբից էր Բանը» և շատ հեռավոր ապագա`գրել է «Հայտնությունը» ասում է.
«Երանի՜ նրանց, որ կարդում են այս մարգարէութեան խօսքերը եւ երանի՜ նրան, ով լսում եւ պահում է այն, ինչ որ գրուած է նրա մէջ. որովհետեւ մօտ է ժամանակը»։
Իսկ Ղուկասի Ավետարանում Աստծու Արքայության Գալուստի մասին (Ղուկ.17:26)  նկարագրության մեջ համեմատություն է արվել Նոյի և Ղովտի օրերի հետ. գրված է. Նոյն ձեւով է լինելու այն օրն էլ, երբ մարդու Որդին է յայտնուելու։ Այսինքն մի դեպքում Ղովտի ընտանիքի փրկության մասին է, մյուս դեպքում էլ Նոյի: Մենք ուրիշ փրկվածի անուն չենք կարդում:
Այսպիսի ճշմարտություն ունենք մենք գրված Սուրբ Գրքում և մենք առայժմ հանգիստ վիճակում ենք, կարծես մեզ մահ չի սպասվում: Կիրակի օրերին եկեղեցում մարդկանց քանակից չի կարելի ենթադրել, որ այս տողերը շատերն են կարդում և լրջությամբ քննում: Ուրեմն մենք այլ անելիք չունենք ավելի կարևոր, քան Սուրբ Գիրքը մեծագույն ուշադրությամբ կարդալ:
Վերցրու խաչդ և արի իմ հետևից.
Այս խոսքերը մեզ ասում է Տիեզերքի Արարիչը, որը մեր հավիտենական փրկության, կան հավիտենական տանջանքի Գլխավոր Պատասխանատուն է:
Անշուշտ հազարավոր բացատրություններ է տալիս խաչի տեսակների, չափսերի, այլնի մասին, և զգուշացնում է, որ սխալ խաչ ընտրողը չի կարող գտնել Գողգոթայի ճանապարհը, այլ կգնա ուրիշ ուղղությամբ, որտեղ դիմավորողը Տերը չէ, այլ նրա հակառակորդը: Յուրաքանչյուրս մեր խաչը յուրովի ենք տանում: Ուրեմն շատ կարդանք, ճիշտ կարդանք և գործի վերածենք կարդացածը.
Աստվածաշունչը ամեն օր սրտով կարդացող և հոգով հասկացող հավատացյալ քրիստոնյան ձեռք է բերում
Հոգևոր բարձր ճաշակ,
Հոգևոր դիմադրողականություն, ոչ ձեռքբերովի.
Հոգևոր քաջություն, ոչ ամբարտավանություն.
Հոգևոր խորագիտություն, ոչ խորամանկություն.
Հոգևոր լռություն, բայց ոչ վախից:

Օրվա ընթերցվածք.

Պետրոս առաքյալի Բ թուղթը 1.20-2.8

20 Բայց նախ այս բանն իմացէք, որ Գրքերի ամէն մի մարգարէութիւն իր յատուկ մեկնութիւնը չունի, 21 քանի որ մարգարէութիւնը ոչ թէ ըստ մարդկանց կամքի տրուեց երբեւէ, այլ Սուրբ Հոգուց մղուած է, որ խօսեցին Աստծոյ սուրբ մարդիկ:

2 1 Եղան նաեւ սուտ մարգարէներ ժողովրդի մէջ, ինչպէս որ այժմ էլ ձեր մէջ կարող են լինել սուտ ուսուցիչներ, որոնք սպրդեցնելով կորստաբեր հերձուածներ են ներմուծելու եւ, ուրանալով Տիրոջը, որ իրենց գնեց, իրենց վրայ արագահաս կորուստ են բերելու: 2 Եւ շատերը պիտի գնան նրանց անառակութիւնների յետեւից. եւ այդ պատճառով ճշմարտութեան ճանապարհը պիտի անարգուի: 3 Եւ ընչաքաղցութեամբ, մտացածին խօսքերով ձեզ պիտի շահագործեն. բայց նրանց դատապարտութիւնը սկզբից յայտնի է, եւ նրանց կործանումը չպիտի ուշանայ: 4 Քանզի Աստուած չխնայեց մեղանչած հրեշտակներին, այլ խաւարի կապանքներով գցեց տարտարոսը, որպէսզի նրանք պահուեն դատաստանի օրուայ համար: 5 Նա չխնայեց նաեւ հին աշխարհին, երբ ամբարիշտների աշխարհի վրայ ջրհեղեղը բերեց՝ փրկելով միայն ութ հոգու, այդ թւում նաեւ Նոյին՝ արդարութեան քարոզչին: 6 Նոյնպէս նա սոդոմացիների եւ գոմորացիների քաղաքները մոխրի վերածելով դատապարտեց՝ օրինակ ծառայեցնելով նրանց ապագայի ամբարիշտների համար: 7 Եւ նա փրկեց արդար Ղովտին, որ ձանձրացել էր նրանց անառակ, անկարգ ընթացքից 8 (որովհետեւ արդարը, բնակուելով նրանց մէջ, ականատես եւ ականջալուր էր լինում նրանց անօրէն ընթացքին՝ ամէն օր տանջելով իր արդար հոգին):