ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Հոգևոր քարոզներ 2019
Պատմում են, որ մի կին ամեն օր եկեղեցում ձեռնամած` (ձեռքերը իրար միացրած, ինչպես անում ենք Հավատամքի ժամանակ) աղոթքի կանգնելիս, կարծես խոսում է իր մատների հետ: Երբ հետաքրքրվում են, նա այսպես է մեկնաբանում իր աղոթքի հերթականության մասին: Նա ասում է, որ` Բութ մատը, որն այս պահին ամենամոտն է իմ մարմնին, իմ մտերիմներն են, հարազատներս, բարեկամներս, զավակներս, ուրեմն առաջինը աղոթում եմ նրանց համար, Խնդրում եմ Աստծուն նրանց համար առաջինը:
Ցուցամատը`որը ցույց է տալիս, իմ ծնողներն են, ուսուցիչներս, ղեկավարներս, որոնք իմ կյանքում ինձ միշտ սովորեցրել են, և ուղղություն են տվել, ցույց են տվել, աղոթում եմ նրանց համար:
Միջնամատը` որն ամենաերկարն է, երկրի ղեկավարներն են, երկիրը խաղաղ պահողներն են, կառավարողներն են, աղոթում եմ նրանց համար:
Մատնեմատը` որն ամենատկար մատն է, իմ տկար ու հիվանդ, կարիքավոր և նեղված, ամբաստանված ու վիրավորված բարեկամներն են, որոնց համար եմ աղոթում:
Ճկույթը` որն ամենափոքրն է, և վերջինը, այդ ես եմ, ինձ համար եմ աղոթում, բոլորից հետո:
Այս կինը աստվածաբան չէ, հոգևորական չէ, սակայն Աստված նրան իմաստություն է տվել շիտակ աղոթելու և այլոց սովորեցնելու: Փորձենք մենք էլ սովորել ճիշտ աղոթել, մեր աղոթքներում խնդրենք Աստծուն եկեղեցում կանգնած յուրաքանչյուրի համար, հետո` մեր: Պատկերացրեք, որ եկեղեցում բոլորը լուռ աղոթեն միմյանց համար, ինչ զորություն կլինի ամենուր:
Օրվա ընթերցվածք.
Պետրոս առաքյալի Բ թուղթը 1.12-19
12 Ահա թէ ինչու պատրաստ եմ միշտ յիշեցնել ձեզ այս բաները, առաւել եւս՝ գիտակներին եւ այդ ճշմարտութեանը վերահասու եղածներին ու նրանում հաստատուածներին, 13 քանի որ իրաւունք եմ համարում – քանի դեռ այս մարմնի մէջ եմ – արթուն պահել ձեզ յիշեցումներով: 14 Գիտեմ, որ շուտով մերկանալու եմ այս մարմնից, ինչպէս մեր Տէր Յիսուս Քրիստոսն ինձ յայտնեց: 15 Եւ շտապում եմ միշտ ձեզ յորդորել, որպէսզի այս աշխարհից իմ մեկնելուց յետոյ էլ վերյիշէք այս բաները: 16 Ոչ թէ հնարովի առասպելների յետեւից գնալով է, որ ձեզ ճանաչեցրինք մեր Տէր Յիսուս Քրիստոսի զօրութիւնը եւ գալուստը, այլ մենք իսկ ականատես եղանք նրա մեծութեանը. 17 քանի որ նա Հայր Աստծուց ստացաւ փառք եւ պատիւ, երբ մեծավայելուչ փառքից եկաւ այս ձայնը, թէ՝ «Դա է իմ սիրելի Որդին, որն ունի իմ ամբողջ հաճութիւնը»: 18 Եւ երկնքից եկող այս ձայնը լսեցինք մենք իսկ, որ նրա հետ էինք սուրբ լեռան վրայ: 19 Ունենք նաեւ մարգարէական աւելի հաստատուն խօսքը – որին եթէ անսաք, լաւ կանէք – իբրեւ ճրագ, որ լոյս է տալիս մութ տեղում, մինչեւ որ լուսանայ օրը, եւ արուսեակը ծագի ձեր սրտերում: