ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Հոգևոր քարոզներ 2019
Եթե շնորհ ստանալը առանց ջանքերի լիներ, ապա ինչպե՞ս հայտնի կդառնար քո ջանք թափելու առաքինությունը: Ան. Նարեկացի.
Երդվելով չես կարող ազատվել երդվելու վատ սովորությունից, հարկավոր է շիտակ խոսել:
Շատախոսություն անելով չես կարող ազատվել շատախոսության մեղքից, հարկավոր է ձեռք բերել լռելու առաքինություն:
Հոգևոր առումով պետք չէ համակարգչային հիշողություն ունենալ, լավ է մեկ նախադասություն կարդալ ու կատարել, քան տասը իմանալ և չկամենալ ոչ մեկը կատարել:
Մեղքով լցված այս աշխարհում քո սիրելի զավակը բազում փորձությունների և չարիքների կհանդիպի, եթե դու փոքրուց նրա սրտի մեջ չդնես Աստծո խոսքի ճշմարտությունը ըստ առակողի` թե «Ես իմաստութեան ուղիներն եմ ուսուցանում քեզ, ես քեզ սովորեցնում եմ ընթանալ ուղիղ շաւիղներով, որպէսզի, եթէ գնաս, ընթացքդ չխափանուի, եթէ վազես, երբեք չյոգնես»։
Երբ քո ազատ ժամանակը տրամադրում ես անարժեք հաղորդումների, անվայել նկարներ ու ֆիլմեր դիտելու, անհարիր վայրերում գտնվելու, անխրատ մարդկանց հետ շփվելու վրա, ապա մի տրտնջա քեզ բաժին հասած տխուր կյանքից: Քոնն է եղել ազատ ընտրությունը...
Իսկ երբ դու ընտրես կյանքը արդյունավետ դարձնող արժեքներ, որ է` Աստվածաշնչի սերտողություն, հոգևոր քարոզներ, հոգևոր երգեր ու շարականներ, Պատարագի մշտական մասնակցություն, ապա կարճ ժամանակում կնկատես Աստծո նախախնամ ձեռքը` քո կյանքի ճանապարհին և ուրախ կլինես ոչ թե դեմքով, այլ սրտով: Սա էլ է քո ազատ ընտրությունը...
Երբ դու ասես, թե մի կյանք եմ ապրում, ինչպե՞ս չվայելեմ աշխարհի բարիքները, հոգևոր բաներով կզբաղվեմ ավելի մեծ տարիքում, ապա քո կարճատև ուրախությունը կսահմանափակվի միայն այս դատարկ վայելքներով, և ինչպես Ավետարանն է ասում, հենց դա էլ կլինի քո վարձը երկրի վրա: Իսկ մեծ տարիքոմ քեզ կմնա միայն զղջալ ու դառնապես լացել, որովհետև բաց ես թողել իրական ուրախությունը զգալու մեծ հնարավորությունը: Ափսոս, որ հոգևոր փորձառությունը մարդկանց փոխանցել հնարավոր չէ, ամենքը դա հասկանում են իրենց սխալների հիման վրա: Ուղղակի ափսոս է ժամանակը` ապրել առանց Հիսուս Քրիստոս ...
Օրվա ընթերցվածք.
Պետրոս առաքյալի Ա թուղթը 5.1-14
1 Ուրեմն, աղաչում եմ երէցներին՝ ես էլ նոյնպէս լինելով երէց ու վկայ Քրիստոսի չարչարանքների եւ մասնակից գալիք փառքի յայտնութեան. 2 արածեցրէ՛ք Աստծոյ այդ հօտը, որ ձեզ է յանձնուած, վերակացու լինելով ոչ թէ հակառակ ձեր կամքին, այլ՝ յօժարակամ, ըստ Աստծոյ՝ ոչ թէ շահախնդրութեամբ, այլ յօժարութեամբ 3 ոչ թէ տիրելով նրանց, որ բաժին են ընկած ձեզ, այլ օրինակ լինելով հօտին, 4 որպէսզի երբ Հովուապետը երեւայ, փառքի անթառամ պսակն ընդունէք: 5 Նոյնպէս եւ դուք, երիտասարդնե՛ր, հնազա՛նդ եղէք ծերերին. բոլորդ միմեանց հանդէպ խոնարհութիւն ունեցէք, քանի որ «Աստուած հակառակ է ամբարտաւաններին, իսկ խոնարհներին տալիս է շնորհ»: 6 Խոնարհուեցէ՛ք Աստծոյ հզօր ձեռքի տակ, որպէսզի ժամանակին նա ձեզ բարձրացնի: 7 Ձեր բոլոր հոգսերը նրա վրա՛յ գցէք, որովհետեւ նա է, որ հոգում է ձեր մասին: 8 Արթո՛ւն եղէք, հսկեցէ՛ք, քանի որ ձեր ոսոխը՝ սատանան, մռնչում է առիւծի պէս, շրջում եւ փնտրում է, թէ ում կուլ տայ: 9 Դիմադրեցէ՛ք նրան՝ հաստատուն լինելով հաւատի մէջ. իմացէ՛ք, որ ձեր եղբայրներն էլ աշխարհում կրում են նոյն չարչարանքները: 10 Եւ բոլոր շնորհների Աստուածը, որ ձեզ կոչեց իր յաւիտենական փառքին Քրիստոս Յիսուսի միջոցով, որին մի փոքր ժամանակ չարչարակից պիտի լինէք, թող վերականգնի, զօրացնի, հաստատահիմն դարձնի ձեզ: 11 Նրան իշխանութի՜ւն եւ փա՜ռք յաւիտեանս: Ամէն: 12 Սիղուանոսի միջոցով, որ հաւատարիմ եղբայր է, ինչպէս ես եմ կարծում, մի փոքր բան գրեցի ձեզ՝ յորդորելու եւ վկայելու համար, որ Աստծոյ ճշմարիտ շնորհն այս է. դրանում հաստա՛տ մնացէք: 13 Ձեզ ողջունում է Բաբելոնում գտնուող եկեղեցին, որ ընտրուած է ձեզ նման, ինչպէս նաեւ՝ իմ որդի Մարկոսը: 14 Ողջունեցէ՛ք միմեանց սուրբ համբոյրով: Խաղաղութի՜ւն ձեզ բոլորիդ, որ Քրիստոս Յիսուսի մէջ էք: Ամէն: