Քրիստոնյային երկակի պատերազմ է սպասվում` ներքին և արտաքին.

ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ


Հոգևոր քարոզներ 2019

Ով անկեղծորեն ուզում է հաճեցնել Աստծուն և ով ստուգորեն ատում է թշնամական կողմը չարի, նա պետք է մղի երկակի պատերազմ՝ մաքառումներով և քաջագործություններով, ընդդեմ այս աշխարհի գործերի և երկրային զվարճանքների, ընդդեմ այն սիրո, որը մղում է աշխարհի հետ հարաբերակցության և ընդդեմ մեղավոր կրքերի: Իսկ անտեսանելի և ծածուկ գործերում պետք է պայքարել հենց չար ոգիների դեմ, որոնց համար ասում էր առաքյալը. «Մեր պատերազմը մարմնի և արյան հետ չէ, այլ՝ իշխանությունների, պետությունների հետ, այս խավար աշխարհի տիրակալների հետ և երկնքի տակ եղող չոր ոգիների հետ» (Եփես. 6:12):
Խախտելով պատվիրանը և արտաքսվելով դրախտից, մարդն այս աշխարհում կապվեց երկու ձևով և երկու տեսակի կապանքներով՝ կենցաղային գործերով, աշխարհի հանդեպ եղած սիրով, այսինքն՝ մարմնավոր հաճույքներով և կրքերով, հարստության, փառքի, կնոջ և երեխայի, բարեկամի և հայրենիքի, տեղանքի և հագուստների, մի խոսքով բոլոր տեսանելիների հանդեպ եղած սիրով: Եվ այս կրքերից է, որ Աստծո խոսքը պատվիրում է հրաժարվել սեփական կամեցողությամբ, որովհետև ամեն մեկը տեսանելիներին կապվում է իր սեփական կամքով և պետք է, որ հրաժարվելով և ազատվելով այս ամենից, դառնալ պատվիրանների կատարելապես կատարող: Գաղտնապես կաշկանդում, շրջափակում, փշապատում և խավարի կապանքներով կապում են մարդուն չարության ոգիները, և այս պատճառով էլ մարդը, որքան էլ որ ցանկանում է, չի կարողանում սիրել Աստծուն, հավատալ և աղոթել, որովհետև առաջին մարդու հանցանքի ժամանակվանից հակամարտությունը իշխում է մեզ:
Եվ այս պատճառով, երբ մեկը լսում է Աստծու խոսքը, պետք է մտնի պայքարի մեջ՝ հեռացնելով իրենից կենցաղային և աշխարհային կապերը, կտրվելով բոլոր մարմնավոր հաճույքներից, իսպառ հրաժարվելով նրանցից, և այնժամ Աստծու մասին խորհելու մշտական ձգտմամբ, նոր միայն կարող է իմանալ, որ իր սրտում կա մի ուրիշ, այլ պայքար, մի ուրիշ ընդդիմություն, մի այլ պատերազմ՝ խորհուրդների և մտածումների միջոցով չար ոգիների կողմից հարուցված, որ նրան սպասվում է մի ուրիշ հոգևոր սխրագործություն: Այսպես, աներկբա հավատով և մեծ համբերությամբ, անդադար
կանչելով Տիրոջը և ակնկալելով Նրանից օգնություն, կարելի է արդեն այստեղ ստանալ ազատություն ներքին կապանքներից, որոգայթներից, արգելքներից և չար ոգիների մթնդումից, այսինքն կրքերի գաղտնի ներգործությունից: Այս պատերազմը կարող է դադարել միայն Աստծո շնորհով և զորությամբ, որովհետև մարդն ի վիճակի չէ ինքն իրեն ազատել այս հակամարտությունից, խորհուրդների և մտածումների թափառումից, անտեսանելի կրքերից և չար որոգայթներից: Եթե մեկն այս աշխարհում տեսանելի իրերի կողմից կապվածություն ունի, կաշկանդվել է ամենատարբեր երկրավոր կապանքներով և տարվել չար և վնասակար կրքերով, այդ դեպքում նա չի իմանա, որ իր մեջ կա մի ուրիշ պայքար, ճակատամարտ և պատերազմ: Իսկ եթե մարդը ջանք թափի, թոթափի և ազատի իրեն այս տեսանելի աշխարհային կապանքներից, նյութական հոգսերից, մարմնավոր հաճույքներից և սկսի հարատև ձգտմամբ Տիրոջը փնտրել՝ հեռացնելով իրեն այս աշխարհից, այնժամ կհասնի այն վիճակին, որ
կտեսնի իր մեջ հորձանուտը մարտնչող կրքերի, ներքին պատերազմի և չար խորհուրդների: Իսկ եթե մենք, ինչպես արդեն ասացինք, ջանասիրությամբ չհարժարվենք աշխարհից, ամբողջ սրտով չմերժենք երկրային ցանկությունները և չցանկանանք անմնացորդ մերձենալ Տիրոջը, չենք ճանաչի խաբեությունը, գաղտնապես մարտնչող ոգիների չարությունը, ծածուկ և չարաղետ կրքերի ներգործունեությունը, կմնանք օտար՝ ինքներս մեզ, որովհետև մեզ հայտնի չեն լինի մեր խոցերը: Մարդն ունենալով իր մեջ գաղտնի կրքեր, չի կարող գիտակցել այս բոլորը, քանի դեռ կամավորապես կապված է տեսանելիների հետ և կառչում է երկրավոր հոգսերին:
Իսկ ով ի սրտե հրաժարվել է աշխարհից և վայր է գցել իրենից երկրային լուծը, ազատել է իրեն ունայն ցանկություններից, փառքից, պաշտոնավարելու ձգտումից, մարդկային մեծարանքների ցանկությունից, ամբողջ սրտով հեռացել է այս ամենից, այդպիսինի հայտնապես գործվող հոգևոր սխրանքին գաղտնապես աջակցում է Տերը՝ ըստ նրա աշխարհից հրաժավելու չափի համեմատ: Եվ երբ նա անմնացորդ, այսինքն՝ մարմնով և հոգով ամրապնդված է և մշտապես հարատևում է Տիրոջը ծառայություն մատուցելու մեջ, այնժամ իր մեջ գտնում է հակամարտություն, թաքնված կրքեր, աներևույթ կապանքներ, ծածուկ պատերազմ, ճակատամարտ, նաև գաղտնի սխրանքներ: Եվ այս կերպ խնդրելով և ստանալով, հոգևոր սպառազինությունը համալրվում է այն զենքերով, որի մասին գրեց երանելի առաքյալը, այսինքն՝ արդարության զրահներ, փրկության հույսի սաղավարտ, հավատի վահան և հոգևոր սուր (Եփես. 6:14-17):
Այս պարագայում է, որ կկարողանա դիմակայել սատանայի գաղտնի խարդավանքներին, որոնք պատրաստվում են չարանենգությամբ: Ձեռք բերելով այս զենքերը՝ աղոթքով, համբերությամբ, աղաչանքով,
պահքով, առավել ևս, հավատքով, անձն ի վիճակի կլինի փութաջան կերպով մտնելու պատերազմի մեջ՝ իշխանությունների, պետությունների և այս խավար աշխարհի տիրակալների դեմ, և նման ձևով հաղթելով հակառակամարտ ուժերին, Սուրբ Հոգու աջակցությամբ և սեփական փութաջանությամբ բոլոր բարեպաշտ գործերում կդառնա արժանի՝ հավիտենական կյանքին, փառավորելով Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն: Նրան փառք և իշխանություն հավիտյանս. Ամեն:
Սուրբ Հայր Մակար Եգիպտացի

Օրվա ընթերցվածք.

Ավետարան ըստ Մատթեոսի 6.1-21

1 Զգո՛յշ եղէք, որ ձեր ողորմութիւնը մարդկանց առջեւ չանէք, որպէս թէ այն լինէր ի ցոյց նրանց. այլապէս վարձ չէք ընդունի ձեր Հօրից, որ երկնքում է: 2 Այլ երբ ողորմութիւն անես, փող մի՛ հնչեցրու քո առջեւ, ինչպէս անում են կեղծաւորները ժողովարաններում եւ հրապարակներում, որպէսզի փառաւորուեն մարդկանցից: Ճշմարիտ եմ ասում ձեզ՝ այդ իսկ է նրանց վարձը: 3 Այլ երբ դու ողորմութիւն անես, թող քո ձախ ձեռքը չիմանայ, թէ ինչ է անում քո աջը, 4 որպէսզի քո ողորմութիւնը ծածուկ լինի, եւ քո Հայրը, որ տեսնում է, ինչ որ ծածուկ է, կհատուցի քեզ յայտնապէս: 5 Եւ երբ աղօթես, չլինե՛ս կեղծաւորների նման, որոնք սիրում են ժողովարաններում եւ հրապարակների անկիւններում աղօթքի կանգնել, որպէսզի մարդկանց երեւան. ճշմարիտ եմ ասում ձեզ՝ այդ իսկ է նրանց վարձը: 6 Այլ դու, երբ աղօթես, մտի՛ր քո սենեակը, փակի՛ր քո դռները եւ ծածո՛ւկ աղօթիր քո Հօրը, եւ քո Հայրը, որ տեսնում է, ինչ որ ծածուկ է, կհատուցի քեզ յայտնապէս: 7 Աղօթք անելիս շատախօս մի՛ եղէք, ինչպէս հեթանոսները, որովհետեւ նրանք կարծում են, թէ իրենց շատ խօսքերի պատճառով լսելի կլինեն: 8 Արդ, նրանց չնմանուէ՛ք, որովհետեւ ձեր Հայրը գիտէ, թէ ինչ է ձեզ պէտք, նախքան որ դուք նրանից մի բան ուզէք: 9 Եւ արդ, դուք այսպէ՛ս աղօթեցէք. “Հա՛յր մեր, որ երկնքում ես. սուրբ թող լինի քո անունը. 10 քո թագաւորութիւնը թող գայ. քո կամքը թող լինի երկրի վրայ, ինչպէս որ երկնքում է. 11 մեր հանապազօրեայ հացը տո՛ւր մեզ այսօր. 12 եւ ների՛ր մեզ մեր յանցանքները, ինչպէս որ մենք ենք ներում նրանց, որ յանցանք են գործում մեր դէմ. 13 եւ մի՛ տար մեզ փորձութեան, այլ փրկի՛ր մեզ չարից. որովհետեւ քոնն է թագաւորութիւնը եւ զօրութիւնը եւ փառքը յաւիտեանս. ամէն”: 14 Եթէ դուք մարդկանց ներէք իրենց յանցանքները, ձեր երկնաւոր Հայրն էլ ձեզ կների: 15 Իսկ եթէ դուք մարդկանց չներէք իրենց յանցանքները, ձեր Հայրն էլ ձեզ չի ների ձեր յանցանքները: 16 Երբ ծոմ պահէք, տրտմերես մի՛ եղէք կեղծաւորների նման, որոնք իրենց երեսները այլանդակում են, որպէսզի մարդկանց այնպէս երեւան, թէ ծոմ են պահում. ճշմարիտ եմ ասում ձեզ՝ այդ իսկ է նրանց վարձը: 17 Այլ երբ դու ծոմ պահես, օծի՛ր քո գլուխը եւ լուա՛ քո երեսը, 18 որպէսզի չերեւաս մարդկանց որպէս ծոմ պահող, այլ քո Հօրը՝ գաղտնաբար. եւ քո Հայրը, որ տեսնում է, ինչ որ ծածուկ է, կհատուցի քեզ: 19 Գանձեր մի՛ դիզէք ձեզ համար երկրի վրայ, ուր ցեց եւ ժանգ ոչնչացնում են, եւ ուր գողերը պատերն են ծակում ու գողանում, 20 այլ գանձե՛ր դիզեցէք ձեզ համար երկնքում, որտեղ ո՛չ ցեց եւ ո՛չ ժանգ չեն ոչնչացնում, եւ ո՛չ էլ գողերը պատերն են ծակում ու գողանում. 21 քանի որ ուր ձեր գանձերն են, այնտեղ եւ ձեր սրտերը կլինեն: