«Վայ նրան, ով բարուն չար ասի և չարին՝ բարի»

ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ


Հոգևոր քարոզներ 2019

Օգտակար է հետևել Հայրերի վարքին...
«Հարանց Վարքում» պատմվում է մի ծերի մասին, որը իր առաքինությունների պատճառով ճանաչված և սիրված էր բոլորի կողմից: Սակայն Երանելին իր այդ վիճակը բերելով Տիրոջ առջև, այսպես աղոթեց. «Ով Տեր, չկա մեկը, որ ինձ հանդիմանի և նախատի, և եթե այսպես շարունակվի, ես դժոխք կգնամ»: Տերը շուտով կատարեց նրա խնդրանքը, և վանք եկավ մի երիտասարդ ամբարտավան վանական և սկսեց ծաղրել և ամեն տեսակի լուտանքներ թափել Երանելու վրա: Իսկ ծերը աչքի լույսի պես էր նայում նրան և զգուշանում, որ ինչ-որ մեկը հանկարծ չնեղացնի, և նա չհեռանա վանքից: Քանզի նրան նկատում էր որպես բժշկարար մի միջոցի իր հոգու համար, այս միջոցով իր անձը ճնշելով, տանում էր խոնարհության ճանապարհով: Իսկ մենք, ցավոք, ամեն ջանք թափում ենք, որ խուսափենք նման, թեկուզ և ցավոտ, սակայն բժշկարար միջոցներից և շրջապատում ենք մեզ նրանցով, ովքեր գովաբանում և սիրաշահում են մեզ՝ ի կորուստ մեր թշվառ հոգու: Այնինչ հարկ է Հայրերի օրինակներից խանդավառվել և ջանալ նմանվել նրանց, այլ ոչ թե այն մերժելով, ընդունել թեթևը ու հեշտը, որ առաջարկվում են վերջին օրերի մոլար ուսուցումները, քանզի գրված է. «Վայ նրան, ով բարուն չար ասի և չարին՝ բարի»:
Աշխարհի մտածողություն ունեցող մարդու համար այս բանը, իհարկե, տարօրինակ կթվա:

Օրվա ընթերցվածք.

Պետրոս առաքյալի Ա թուղթը 4.12-19
Սիրելինե՛ր, տարօրինակ մի՛ համարէք այն այրող նեղութիւնը, որ ձեզ փորձելու համար է, որպէս թէ մի տարօրինակ բան պատահած լինէր ձեզ:  Այլ, որպէս Քրիստոսի չարչարանքներին մասնակիցներ, ուրախ եղէք, որպէսզի նրա փառքի յայտնութեան ժամանակ էլ ցնծաք եւ ուրախանաք:  Իսկ եթէ նախատուէք էլ Քրիստոսի անուան համար, երանելի էք, քանի որ փառքի եւ զօրութեան անունը եւ Աստծոյ Հոգին է հանգում ձեզ վրայ:  Ձեզնից ոչ ոք թող չտանջուի որպէս մարդասպան կամ որպէս գող կամ որպէս չարագործ կամ որպէս ուրիշի գործին խառնուող.  իսկ եթէ տանջւում է որպէս քրիստոնեայ, թող չամաչի, այլ փառաւորի Աստծուն այդ անուամբ, քանի որ ժամանակն է, որ սկսուի դատաստանը Աստծոյ տնից. որովհետեւ եթէ այն նախ մեզնից սկսուի, ապա ի՞նչ վախճան կլինի նրանց, ովքեր չհնազանդուեցին Աստծոյ աւետարանին: Եւ եթէ արդարը հազիւ է փրկուելու, ապա ամբարիշտը կամ մեղաւորը էլ ո՞ւր պիտի մնայ:  Հետեւաբար նրանք, որ չարչարւում են ըստ Աստծոյ կամքի, բարի գործերով թող իրենց հոգիները յանձնեն հաւատարիմ Ստեղծողին: