Ինչ է նշանակում Աշխարհգալոց

ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ


Հոգևոր քարոզներ 2019

Կան մարդիկ, որոնք Պատարագի ժամանակ այս հատվածին հաղորդ չեն, և հարցնում են միմյանց, թե ինչ է սա խորհրդանշում, կամ ինչի համար է խունկը: Վարագույրը բացվելուց հետո քահանան իջնում է խորանից և շրջում մարդկանց մեջ. սա խորհրդանշում է Քրիստոսի առաջին գալուստը` մարդանալը, ինչի համար այն անվանվում է Աշխարհգալոց: Աշխարհգալոցի ընթացքում մարդիկ կարող են խնդրել քահանային իր ծածուկ աղոթքներում հիշատակել իրենց կամ իրենց հարազատներին` ասելով. «Մեզ էլ հիշի՛ր Աստծո Անմահ Գառան առջև»: Եթե ուշադիր եք եղել քահանան յուրաքանչյուրին մոտենալիս խաչը համբուրելու ժամանակ ասում է. «Հիշյալ լինեք Աստծո անմահ Գառան առջև»: Աշխարհգալոցի ժամանակ կա նաև մեկ ուրիշ գեղեցիկ բարեպաշտական սովորություն, երբ հավատացյալները խունկ են դնում խնկամանի մեջ, որպես իրենց աղոթքի արտահայտություն: Այդ ժամանակ երգչախմբի կողմից լսվում է խնկարկության շարականը, որի մեջ հիշատակվում է խնկի մասին.
Շարական խնկարկության
Քո Մոր և Կույսի բարեխոսությամբ ընդունիր պաշտոնյաներիդ աղաչանքները: Քրիստո՛ս, քո արյունով Ս. Եկեղեցին երկնքից ավելի պայծառացրիր: Եվ երկնային խմբերի նմանությամբ առաքյալներին, մարգարեներին և ս. վարդապետներին նրա մեջ դասավորեցիր: Այսօր մենք` քահանաների, սարկավագների, դպիրների և կղերիկոսների խմբերս մի տեղ հավաքված, Զաքարիայի վաղեմի օրինակի նման խունկ ենք մատուցում քո առջև, ո՛վ Տեր: Մեզանից ընդունիր մեր խնկանվեր մաղթանքները` Աբելի, Նոյի և Աբրահամի պատարագի նման: Երկնային զորքերի բարեխոսությամբ միշտ անշարժ պահի՛ր Հայաստանի Աթոռը:
Եկեղեցական արարողության ընթացքում հաճախ կատարվում է խնկարկություն: Ծիսակատարության ընթացքում գործածվող խունկը իր անուշահոտությունից բացի, նշանն է նաև մեր ջերմեռանդ աղոթքին և օրհնության ինչպես ասում է սաղմոսերգուն. «Ուղիղ եղեցին աղոթք իմ, որպես խունկն առաջին Քո Տեր»: Խունկի նման մեր աղոթքներն ու աղաչանքները վեր բարձրանան, անկեղծ և հավատավոր սրտով:

Օրվա ընթերցվածք.

Պետրոս առաքյալի Ա թուղթը 3.10-22

10 արդարեւ, «ով ուզում է կեանքը սիրել եւ լաւ օրեր տեսնել, թող լռեցնի իր լեզուն չար բաներ ասելուց եւ իր շրթունքները՝ նենգութիւն խօսելուց. 11 թող յետ քաշուի չարից եւ բարին անի, թող խաղաղութիւն փնտրի եւ գնայ նրա յետեւից, 12 որովհետեւ Տիրոջ աչքը արդարների վրայ է, եւ նրա ականջները՝ բաց նրանց աղօթքին. բայց Տիրոջ երեսը չարագործների դէմ է»: 13 Եւ ո՞վ է, որ պիտի չարչարի ձեզ, եթէ դուք նախանձախնդիր լինէք բարուն: 14 Իսկ եթէ արդարութեան համար չարչարուէք էլ, երանի՜ է ձեզ: Բայց նրանց երկիւղից մի՛ վախեցէք եւ մի՛ խռովուէք, 15 այլ Տիրոջը՝ նոյն ինքը Քրիստոսին, սուրբ պահեցէք ձեր սրտերում. պատրաստ եղէք հեզութեամբ ու երկիւղածութեամբ պատասխան տալու ամէն մարդու, ով կհարցնի ձեր մէջ եղած յոյսի պատճառը: 16 Մաքուր խղճմտանք ունեցէք, որպէսզի այն բանով, որ չարախօսում են ձեր մասին, ամօթահար լինեն նրանք, որ բամբասում են ձեր բարի ընթացքը ի Քրիստոս. 17 որովհետեւ աւելի լաւ է բարեգործութիւն անելով չարչարուել, եթէ այդ է Աստծոյ կամքը, քան՝ չարիք գործել: 18 Արդարեւ, մեր բոլորի համար, մեղքերի պատճառով, մէկ անգամ մեռաւ եւ ինքը Քրիստոս՝ Արդարը՝ անարդարների համար, որպէսզի մեզ մօտեցնի Աստծուն. նա թէպէտ եւ մարմնով մեռաւ, բայց կենդանի է Հոգով, 19 որով եւ գնաց քարոզեց բանտում եղած այն հոգիներին, 20 որոնք մի ժամանակ ապստամբել էին, երբ Աստծոյ համբերատարութիւնը երկարաձգւում էր նրանց համար մինչեւ Նոյի օրերը, երբ տապանն էր շինւում: Այդ օրերին քչերը, այսինքն՝ ութ հոգի փրկուեցին ջրից: 21 Մկրտութիւնն էլ, ըստ նոյն օրինակի, ապրեցնում է ձեզ (ոչ թէ մարմնի կեղտը հեռացնելու համար, այլ որպէս մաքուր խղճով յանձնառութիւն առ Աստուած) Յիսուս Քրիստոսի յարութեան միջոցով: 22 Գնացած լինելով երկինք՝ նա Աստծոյ աջ կողմում է: Եւ նրան հնազանդւում են հրեշտակները, իշխանութիւններն ու զօրութիւնները: