ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Հոգևոր քարոզներ 2019
Եկեղեցու սրբերից մեկը հրաշալի նկարագրում է ժամանակակից մարդու վերաբերմունքը մեղքի նկատմամբ, ասելով` «Մենք ուտում ենք պահոց կերակուրներ, սակայն պահք չենք պահում: Մենք կարդում ենք հոգևոր գրքեր, սակայն չունենք հոգևոր փորձառություն:
Մենք բարձրաձայնում ենք մեր մեղքերը խոստովանության ժամանակ, սակայն չենք զղջում մեր կատարած մեղքի համար: Մենք անգիր գիտենք բազում աղոթքները, սակայն չենք աղոթում»:
Իրապես, երբեմն մեզ թվում է, թե գիտենք ամեն ինչ, սակայն պարզվում է, որ բավարար չէ մեր իմացածը դրանով ապրելու համար, առավել ևս` փրկվելու: Մեր ունեցածը գիտելիք է, որի արդյունքը տեսանելի չէ:
Ո՞վ կարող է ստույգ իմանալ մարդու զղջման չափը, ո՞վ կարող է ստուգել աղոթքի անկեղծությունը մեկ բառից կամ 100 բառից կազմված: Ո՞վ կարող է ստուգել մարդկանց երկրպագության իրական նպատակը: Միայն Աստծուն է հայտնի մեր սրտի նպատակը, հետևաբար միայն Նա կարող է գնահատական տալ մեր արարքին:
Մենք շատ հաճախ ինքնախաբեության մեջ ենք հայտնվում, կարծելով, թե արդեն ունենք ամեն ինչ հոգևոր կյանքում: Դրա համար Ավետարանական այս կամ այն դրվագը փայլուն օրինակ է մեզ համար մեր ունեցած պաշարը ստուգելու համար: Օրինակ` Հուդան մեր Տիրոջը մատնելուց հետո զգաց իր սխալը, վերադարձրեց վերցրած գումարը, և բոլորի մոտ բարձրաձայն խոստովանեց իր մեղավոր լինելը: Փաստորեն զղջալը, խոստովանելը և նույնիսկ դրամը վերադարձնելը բավարար չեղան, այլ բան էր պետք Հուդային` փրկության համար: Պետք էր սպասել զղջման արդյունքին: Եթե Հուդան իրեն չկախեր մինչև կիրակի օրը, ապա կտեսներ Տիրոջ Հրաշափառ Հարությունը: Նույն վիճակում մենք ենք, ապրելու ուժ չունենք, շուտ հիասթափվում ենք, որոշները նույնիսկ իրենց խնդիրներից ազատվելու համար ինքնասպանության են դիմում, որոշները բաժանվում են, միմյանցից հեռանալով: մենք ունենք նաև Պետրոսի օրինակը: Բայց Պետրոսի պարագան այլ էր: Նա ուրացավ, որը պակաս ծանր մեղք չէր, քան Հուդայինը, բայց Պետրոսը ուժ գտավ իր մեջ, զղջալուց հետո ապրել: Պետրոսի համար առավել ծանր էր այն հանգամանքը, որ իր ուրացումից հետո Հիսուսին խաչը հանեցին և Նա մահացավ խաչի վրա, ու Պետրոսը չկարողացավ գոնե զրուցել, արդարանալ, կամ բացատրել: Պետրոսի արարքից մենք հասկանում ենք, որ նա չէր հիշում Տիրոջ ասած խոսքերը խաչի չարչարանքների մասին, այդ պահին մտքում չկար այդ խոսքերը, որովհետև սուրբ Հոգին դեռ չէր ուղարկել նրանց: Հիմա վերադառնանք մեզ` երբ մենք մի մեղք ենք գործում և չենք հիշում Տիրոջ ոչ մի խոսք, Ավետարանից ոչ մի պատգամ, ու շարունակում ենք մնալ նույն և տարբեր մեղքերի մեջ, ուրեմն վստահ կարելի է ասել, որ մեր վարքի պատճառով մեր աղոթքը լսելի չի լինի Աստծուն: Հրեշտակը չի տանի մեր աղոթքը և չի ներկայացնի Աստծու առջև, քանի դեռ մենք շարունակում ենք մնալ մեղքի մեջ: Սա ևս լուրջ խորհելու թեմա է, որի մեջ ենք գրեթե բոլորս:
Օրվա ընթերցվածք.
Հակոբոս առաքյալի թուղթը 4.7-17
7 Հնազանդուեցէ՛ք, ուրեմն, Աստծուն եւ դիմադրեցէ՛ք սատանային, ու նա կփախչի ձեզնից: 8 Մօտեցէ՛ք Աստծուն, եւ նա կմերձենայ ձեզ: Մեղաւորնե՛ր, մաքրեցէ՛ք ձեր ձեռքերը. երկմիտնե՛ր, ուղղեցէ՛ք ձեր սրտերը. 9 տառապեցէ՛ք, սգացէ՛ք եւ լացէ՛ք. ձեր ծիծաղը սգի թող վերածուի, եւ ձեր ուրախութիւնը՝ տրտմութեան: 10 Խոնա՛րհ եղէք Տիրոջ առաջ, եւ նա ձեզ կբարձրացնի: 11 Եղբայրնե՛ր, միմեանց մի՛ բամբասէք. ով բամբասում է իր եղբօրը կամ դատում է իր եղբօրը, չարախօսում է օրէնքի մասին եւ դատում է օրէնքը. իսկ եթէ օրէնքն ես դատում, օրէնքը պահող չես, այլ՝ դատաւոր: 12 Կայ մէկ Օրէնսդիր եւ Դատաւոր, որ կարող է փրկել եւ կործանել. դու ո՞վ ես, որ դատում ես քո մերձաւորին: 13 Այժմ՝ նրանց մասին, որ ասում են. «Այսօր կամ վաղը կգնանք այսինչ քաղաքը, մէկ տարի կմնանք այնտեղ, կվաճառենք եւ կվաստակենք»: 14 (Այսպէս էք ասում դուք, որ ոչինչ չգիտէք վաղուայ մասին. որովհետեւ ի՞նչ է ձեր կեանքը. յիրաւի, մի մշուշ է այն, որ մի պահ երեւում է եւ ապա անհետանում): 15 Մինչդեռ պէտք էր ասել. «Եթէ Տէրը կամենայ, եւ ապրենք, կանենք այս կամ այն բանը»: 16 Բայց արդ, պարծենում էք ձեր ամբարտաւանութեամբ: Այսպիսի ամէն պարծանք չար է: 17 Ով որ գիտէ, թէ ինչ է բարին, եւ չի անում, նրա համար այդ մեղք է: