ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Հոգևոր քարոզներ 2019
Դարձի եկած մեղավորի` (մաքրված բորոտի) հորդորը ավելի զորեղ է ու հավաստի, քան այն բարեպաշտինը, որն իր կարծիքով մեղք չի գործում: Որովհետև մեղավորը անցել է մեղքի միջով և գիտի նրա դառնությունը և նրանից ազատվելու քաղցրությունը: Գերադասելի է լսել կամ շփվել մեկի հետ, որի տան Աստվածաշունչ մատյանը մաշվել է փնտրտուքի պատճառով, և Սուրբ գիրքը «խոնավ» է նրա արցունքների պատճառով, քան այն արդարի, որի տանը կա տարբեր գույների և թարգմանությունների Աստվածաշունչ գրքեր, որոնք բացված չեն և անշարժ գրավում են իրեն գրապահարանի նախապատիվ տեղերը: Աստվածաշունչը բարձի տակ դնելով, նրա պարունակությունը մեր սրտի մեջ չի մտնի, ջանք է պետք այն սերտելու համար: Իսկ եթե քեզ չոր է թվում նրա տողերը, կամ խիստ`պատգամը, ապա թրջիր և փափկացրու այն քո ճակատի քրտինքով: Բարձրագույն կրթություն պետք չէ Աստվածաշունչ կարդալու համար: Երանի քո Աստվածաշունչը մաշված լիներ քո փնտրտուքի պատճառով: Իմ օրինապա՛հ բարեկամ, դու հարցնում ես, թե Աստծու ինչի՞ն է պետք մարդու արած փառաբանությունը: Երբ մարդն Աստծուն փառաբանում է, դրանով փաստում է, որ մեծ մեկն է փառաբանվողը, այսինքն իրենից մեծ է ու բարձր: Իսկ երբ մարդը դադարի Աստծուն փառաբանել, ուրեմն կսկսի փառաբանել կամ իրենից բարձր մի մարդու, ինչը շատ հաճախ նկատում ենք, կամ ինքնփառաբանությամբ կզբաղվի, ինչն էլ կտանի մարդուն մահացու մեղքի` հպարտության: Աստծուն չփառաբանող մարդը շուտով կդառնա ամբարտավան ու անհնազանդ, մեծամիտ ու ինքնաերկրպագությամբ զբաղվող: Օրինակ այն զավակը, որը հարգում է իր ծնողին, հնազանդ է նրա խոսքին ու խրատին առավել ընդունելի է շրջապատում, քան նա, որը ամբարտավան է, կամ անտեսում է ծնողին ու չի հարգում: Իսկ Շնորհալի Հայրերն ասում են, որ չկա մի վայր, ուր չգտնվի Աստված, բացի ամբարտավան հոգուց: Իսկ երբ ամբարտավանն էլ հակառակ է կանգնում չարին, և դառնում դեպի Աստված, ուրեմն Աստված կգտնվի նաև դարձի եկածի սրտում: Առակողը գեղեցիկ տողեր է ասում այս մասին. «Ամենայն զգուշութեամբ պահի՛ր եւ պահպանի՛ր քո սիրտը, որովհետեւ նրանից է բխում կեանքի աղբիւրը»։ Առակաց 4:23
Մեզ թվում է թե մենք ենք ճշմարտությունը պահում, սակայն իրականում ճշմարտությունն է մեզ պահում: Ո՛չ թե մենք ենք Աստծու խոսքը ամուր պահում, այլ Աստծո՛ւ խոսքն է մեզ ամուր պահում:
Օրվա ընթերցվածք.
Ավետարան ըստ Հովհաննեսի 1.1-17
1 Սկզբից էր Բանը եւ Բանը Աստծոյ մօտ էր եւ Բանը Աստուած էր: 2 Նա սկզբից Աստծոյ մօտ էր: 3 Ամէն ինչ նրանով եղաւ. եւ առանց նրա չեղաւ ոչինչ, որ եղել է: 4 Կեանքը նրանով էր: Եւ այդ կեանքը մարդկանց համար լոյս էր: 5 Եւ լոյսը խաւարի մէջ լուսաւորում է, եւ խաւարը նրան չնուաճեց: 6 Կար մի մարդ՝ Աստծուց ուղարկուած. նրա անունը՝ Յովհաննէս: 7 Սա եկաւ որպէս վկայ, որպէսզի վկայի Լոյսի մասին, որ բոլորը նրա միջոցով հաւատան: 8 Ինքը լոյսը չէր, այլ եկել էր, որ վկայի Լոյսի մասին: 9 Նա էր ճշմարիտ Լոյսը, որ լուսաւորում է ամէն մարդու, որ գալու է աշխարհ: 10 Նա աշխարհի մէջ էր, եւ աշխարհը նրանով եղաւ, սակայն աշխարհը նրան չճանաչեց: 11 Իւրայինների մօտ եկաւ, բայց իւրայինները նրան չընդունեցին: 12 Իսկ ովքեր նրան ընդունեցին, նրանց իշխանութիւն տուեց լինելու Աստծոյ որդիներ, նրանց, որոնք իր անուանը կհաւատան: 13 Նրանք ո՛չ արիւնից, ո՛չ մարմնի կամքից եւ ո՛չ էլ մարդու կամքից, այլ Աստծուց ծնուեցին: 14 Եւ Բանը մարմին եղաւ ու բնակուեց մեր մէջ, եւ տեսանք նրա փառքը՝ նման այն փառքին, որ Հայրն է տալիս Միածնին՝ լի շնորհով ու ճշմարտութեամբ: 15 Յովհաննէսը վկայում էր նրա մասին, աղաղակում եւ ասում. «Սա է, որի մասին ասացի: Նա, որ իմ յետեւից էր գալու, ինձնից առաջ եղաւ, որովհետեւ ինձնից առաջ կար»: 16 Մենք բոլորս նրա լրիւութիւնից ստացանք շնորհ՝ շնորհի փոխարէն. 17 որովհետեւ օրէնքը Մովսէսի միջոցով տրուեց, իսկ շնորհը եւ ճշմարտութիւնը Յիսուս Քրիստոսի միջոցով եղան: