ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Հոգևոր քարոզներ 2019
Մեր Տերը խոսում էր իր աշակերտների հետ վերջին օրերի իրադարձությունների մասին, թե ինչպես Մարդու Որդին պետք է մատնվի` խաչը հանելու համար: Նրանք մեզ նման չէին կարդում գրքից, այլ լսում էին հենց Նրա Սուրբ բերանից: Նրանք էլ այդ աստիճան լրջությամբ չէին մոտենում ասածին, քանի դեռ նրանց աչքերն էլ փակ էր: Կատարվեց նախապես ասվածները և նրանք հասկացան Սուրբ Հոգու շնորհիվ: Մեր օրերում մենք էլ Աստվածաշնչում կարդում ենք գալիք բաների մասին, հավատում ենք, որ միակ ճշմարտությունն է, բացարձակ իրականություն է մեր Տիրոջ խոսքերը, սակայն մեր սրտերը չեն ճմլվում այդ խոսքերից և մենք չենք շտապում ժամ առաջ կատարել այն, ինչ Նա պատվիրեց մեզ և ասաց. հիմա ասում եմ, քանի դեռ չի կատարվել... Ինչո՞ւ մենք նախանձախնդրորեն չենք կարդում Աստվածաշունչը, որի մեջ կա մեզ վերաբերող ամեն ինչ, մեր փրկությանը վերաբերող պարագաներ, չարի դեմ պայքարելու գործիքներ, մեր վերքերի համար բալասան, մեր դաստիարակության համար օգտակար մեթոդներ, մի խոսքով Գիրք է, որ պատմում է մեր մասին ծնունդից մինչև մահ: Բոլորիս տներում կա, և ծախսի կետ կապված մի բան չէ, ժամանակի հետ կապված չէ: Սրբերից մեկն ասում է, եթե նույնիսկ չկարդաս ու բաց վիճակում նայես Սուրբ Գրքին, նա քեզ անմասն չի թողնի իր զորությամբ: Սուրբ Գիրքն էլ նման է արևի ճառագայթներին, երբ արևը թափանցում է տան մեջ, ամենափոքրիկ փոշին ու բիծը հայտնի է դառնում: Այնպես էլ Աստծու խոսքը, երբ մտնում է մեր մեջ, բացահայտում է մեր բոլոր մեղքերը` մանր ու մեծ: Գուցե դա՞ է պատճառը, որ խուսափում ենք կարդալ: Բայց էլ ո՞ր բժիշկը մեզ ձրիաբար կբժշկի, եթե ոչ աստվածային զորությամբ ու շնչով գրված Սուրբ Գիրքը. Տեր Աստված, տուր մեր ազգին առատորեն սուրբ Գիրք կարդալու շնորհը, և հեռացրու մեր միջից կախարդներին ու գուշակներին հետևելու ցանկությունը, աղաչում ենք Քեզ: Աստվածաշունչ կարդացող անձը շահում է երեք կերպ. Նախ` Աստծուն հաճելի է, քանի որ ասաց քննեցեք Գրքերը: Երկրորդ` հոգևոր աննախադեպ աճ է քրիստոնյայի համար, երրորդ` քրիստոնյան կարողանում հստակ վերլուծել իրադարձությունը Ավետարանի լույսի ներքո, ոչ թե սեփական տրամաբանությամբ, որովհետև Սուրբ Գիրքն է այն քանոնը, որի միջոցով է երևում գծի շեղությունը: Իրադարձություններից խուսափել չենք կարող, սակայն կարող ենք սխալ մեկնաբանություններից խուսափել, հիմնվելով Ավետարանի ճշմարտության վրա: Քանի որ Աստվածաշունչը խավարի մեջ քայլող մեղավոր մարդու առջևից գնացող լույս է: Իսկ Տեր Աստված մեղավորների ապաստարան է: Բավական է մաքուր սրտով հայտնվել այնտեղ և արդարադատությամբ ազատվել մեղքի կապանքներից: Մենք ապրում ենք այդ մեծ հնարավորության կողքին և չենք նկատում, այնպես, ինչպես չենք նկատում տիեզերքի հրաշքներից թերևս ամենօրյա կրկնվողը` արևածագը և մայրամուտը, բնությունը, որը չգնահատելուց բացի նաև աղտոտում ենք: Այսօր արթնանաք մեր անտարբերությունից, որպեսզի վաղը ուշ չլինի:
Օրվա ընթերցվածք.
Հակոբոս առաքյալի թուղթը 2.1-13
1 Եղբայրնե՛ր իմ, աչառութեամբ մի՛ պահէք մեր Տէր Յիսուս Քրիստոսի՝ փառքի Տիրոջ հաւատը: 2 Եթէ ձեր ժողովատեղին մտնի մի մարդ, որ ունենայ ոսկի մատանի եւ շքեղ զգեստներ, եւ այնտեղ մտնի նաեւ մի աղքատ կեղտոտ զգեստներով, 3 եւ դուք նայէք նրան, ով շքեղ զգեստներ ունի եւ ասէք՝ «Դու նստի՛ր այստեղ՝ պատուոյ տեղը», իսկ աղքատին թէ՝ «Ոտքի՛ կանգնիր դու այդտեղ», կամ թէ՝ «Եկ նստի՛ր իմ պատուանդանի մօտ», 4 այդ դէպքում դուք ձեր մէջ աչառութիւն արած չէ՞ք լինի եւ չար խորհուրդների դատաւորներ չէ՞ք լինի: 5 Լսեցէ՛ք ինձ, իմ սիրելի՛ եղբայրներ, չէ՞ որ Աստուած ընտրեց այս աշխարհի աղքատներին, որոնք հարուստ են հաւատով եւ ժառանգորդներ այն արքայութեան, որը նա խոստացաւ իրեն սիրողներին: 6 Իսկ դուք անարգում էք աղքատներին: Հարուստները չե՞ն, որ հարստահարում են ձեզ. հէնց նրանք էլ ձեզ դատարան են քարշ տալիս: 7 Նրանք չե՞ն, որ հայհոյում են այն բարի անունը, որով կոչուած էք դուք: 8 Ապա եթէ կատարէք արքայական օրէնքը Սուրբ Գրքի համաձայն, թէ՝ «Պիտի սիրես քո ընկերոջը, ինչպէս ինքդ քեզ», լաւ էք անում: 9 Իսկ եթէ աչառութիւն էք անում, մեղք էք գործում՝ դատապարտուելով օրէնքից որպէս օրինազանցներ: 10 Նա, ով պահում է ամբողջ օրէնքը եւ միայն մէկ բանով սայթաքում, պարտապան կլինի ամբողջ օրէնքին. 11 որովհետեւ նա, ով ասաց, թէ՝ «Չպիտի սպանես», նաեւ ասաց, թէ՝ «Եւ չպիտի շնանաս», քանզի եթէ չսպանես, բայց շնանաս, յանցաւոր կլինես օրէնքի առաջ: 12 Այնպէ՛ս խօսեցէք եւ այնպէ՛ս գործեցէք, որպէս թէ ազատութեան օրէնքով էք դատուելու, 13 քանի որ անողորմ դատաստան է լինելու նրա հանդէպ, ով ողորմած չի եղել. քանզի ողորմածութիւնը բարձրագլուխ պարծենում է դատաստանի դիմաց: