ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Հոգևոր քարոզներ 2019
Դանիել մարգարեն առյուծների գբի մեջ հանգիստ քնեց գիշերը, իսկ նրան այնտեղ գցող` Դարեհ արքան չկարողացավ գիշերը քնել: Դանիելը կարողացավ իր կյանքով փոխել Նաբուգոդոնոսոր արքայի և նրա որդու` Բաղդասարի կարծիքը իրական Աստծու մասին: Այն ժամանակ թագաւորը հրամայեց, եւ Դանիէլին բերին ու նրան նետեցին առիւծների գուբը։ Արքան ասաց Դանիէլին. «Այն Աստուածը, որին դու յաճախ աղօթում ես, նա կը փրկի քեզ»։ Եւ բերեցին մի քար, դրեցին գբի վրայ, եւ թագաւորը կնքեց այն իր մատանիով եւ մեծամեծների մատանիներով, որպէսզի այլ բան չպատահի Դանիէլին։ Թագաւորը գնաց իր տուն, պառկեց առանց ընթրիքի, խորտիկ չմատուցեցին նրան, եւ նրա քունը փախաւ։ Աստուած փակեց առիւծների բերանը, եւ նրանք չյօշոտեցին Դանիէլին։ Այն ժամանակ արքան առաւօտեան լուսաբացին ելաւ, շտապ եկաւ առիւծների գուբը եւ, երբ մօտեցաւ գբին, բարձրաձայն աղաղակեց եւ ասաց. «Դանիէ՛լ, կենդանի Աստծու ծառա՛յ, քո Աստուածը, որին դու յաճախ աղօթում էիր, կարողացա՞ւ արդեօք քեզ փրկել առիւծների բերանից»։ Եւ Դանիէլը ասաց արքային. «Արքա՛յ, թող կեանքդ յաւիտեան լինի. իմ Աստուածն ուղարկեց իր Հրեշտակին եւ փակեց այս առիւծների բերանները, եւ նրանք չյօշոտեցին ինձ, որովհետեւ ես արդար գտնուեցի նրա առաջ, իսկ քո հանդէպ, արքա՛յ, ոչ մի մեղք չեմ գործել»։ Այն ժամանակ թագաւորը ներքնապէս ուրախացաւ, հրամայեց, որ Դանիէլին հանեն գբից։ Դանիէլը հանուեց այդ գբից, եւ վէրք բոլորովին չգտնուեց նրա վրայ, որովհետեւ նա հաւատաց իր Աստծուն։ Թագաւորը հրամայեց, եւ բերեցին Դանիէլի դէմ չարախօսող մարդկանց, եւ նրանք, նրանց որդիներն ու նրանց կանայք գցուեցին առիւծների գուբը. դեռ գբի յատակին չէին հասել, երբ առիւծները յափշտակեցին նրանց եւ մանրեցին նրանց բոլոր ոսկորները։ Այն ժամանակ Դարեհ արքան հետեւեալը գրեց բոլոր ազգերի, ժողովուրդների եւ լեզուների մարդկանց, որ բնակւում էին ամբողջ աշխարհում. «Թող շատանայ ձեր խաղաղութիւնը. իմ կողմից արուեց այս հրամանը իմ թագաւորութեան բոլոր իշխանութիւններին, որպէսզի երկնչեն եւ դողան Դանիէլի Աստծուց, որովհետեւ նա է կենդանի Աստուածը եւ կայ յաւիտեան. նրա արքայութիւնը չի կործանուի, եւ նրա տէրութիւնը կը մնայ մինչեւ վերջ։ Նա է, որ օգնական է լինում եւ փրկում, հրաշքներ է գործում երկնքում եւ երկրում, նա է, որ Դանիէլին փրկեց առիւծների բերանից»։ Եւ Դանիէլը յաջողութիւն էր գտնում Դարեհի եւ պարսիկ Կիւրոսի թագաւորութեան մէջ։
Դանիելի մարգարեություն 7: 16
Օրվա ընթերցվածք.
Հակոբոս առաքյալի թուղթը 1.13-27
13 Ոչ ոք, երբ փորձութեան մէջ լինի, թող չասի՝ «Աստծուց եմ փորձւում», քանի որ Աստուած չարից չի փորձւում եւ ինքն էլ չի փորձում ոչ ոքի: 14 Իւրաքանչիւր ոք փորձւում է՝ հրապուրուելով եւ խաբուելով իր ցանկութիւններից: 15 Այնուհետեւ ցանկութիւնը յղանալով՝ մեղք է ծնում, եւ մեղքը հասունանալով՝ մահ է ծնում: 16 Իմ սիրելի՛ եղբայրներ, մի՛ խաբուէք, 17 քանի որ ամէն բարի շնորհ եւ ամէն կատարեալ պարգեւ վերեւից է՝ իջած լոյսի Հօրից, որի մէջ չկայ փոփոխում կամ էլ փոփոխման ստուեր: 18 Նա իր կամքով ծնեց մեզ ճշմարտութեան խօսքով, որպէսզի մենք լինենք իր ստեղծածների պտուղը: 19 Իմ սիրելի՛ եղբայրներ, իմացէ՛ք այս բանը. թող ամէն մարդ արագ լինի լսելու մէջ, ծանր՝ խօսելու մէջ եւ ծանր՝ բարկանալու մէջ. 20 որովհետեւ մարդու բարկութիւնը Աստծոյ արդարութիւնը չի կատարում: 21 Ահա թէ ինչու, դէն գցելով ամենայն աղտեղութիւն եւ չարիքի աւելցուկ, հեզութեա՛մբ ընդունեցէք ձեր մէջ սերմանուած խօսքը, որ կարող է փրկել ձեր հոգիները: 22 Խօսքը կատարո՛ղներ եղէք եւ ոչ թէ միայն այն լսողներ համարեցէք դուք ձեզ. 23 քանի որ եթէ մէկը միայն լսող լինի խօսքը եւ ոչ կատարող, նա նման է մի մարդու, որ ակնապիշ դիտում է հայելու մէջ իր բնական դէմքը: 24 Նայելով տեսնում է ինքն իրեն, անցնում գնում է եւ անմիջապէս մոռանում, թէ ինչպիսին էր ինքը: 25 Իսկ ով աչքերը յառած նայում է ազատութեան կատարեալ օրէնքին եւ դրա մէջ էլ յարատեւում, նա լսում է, չի մոռանում, այլ այն կատարում է. այդպիսի մէկը իր արածի մէջ երանութիւն կգտնի: 26 Եթէ մէկն ուզում է բարեպաշտ լինել եւ չի սանձահարում իր լեզուն, այլ զբաղեցնում է իր սիրտը, այդպիսի մէկի համար զուր է բարեպաշտութիւնը: 27 Սուրբ եւ անարատ բարեպաշտութիւնը Աստծոյ եւ Հօր առաջ այս է՝ այցելել որբերին եւ այրիներին իրենց նեղութեան մէջ, անարատ պահել իր անձը աշխարհից: