ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Հոգևոր քարոզներ 2019
Մարդու կյանքը երեք կարևոր փուլեր ունի. Ծնունդ, Մկրտություն, Մահ:
Սրանց միջև ընկած ժամանակահատվածը կոչվում է հնարավորություն` նախապատրաստվելու համար Աստծու հետ հանդիպմանը:
Այդ հնարավորությունը մենք կյանք ենք անվանում, և այդ կյանքի ընթացքում համարյա չենք հիշում նշված երեք հանգրվանների մասին: Գուցե հիշում ենք,
երբ մեկը ծնվում է, մկրտվում է, կամ երբ մեկը մահանում է: Մինչդեռ միակ պատասխանատու քննությունը Աստծու առջև կանգնելն է: Բոլոր պայմանները տրված են քննությանը պատրաստվելու համար, (Աստվածաշունչ Մատյան, Սուրբ Պատարագ, Սուրբ Հաղորդություն): Իսկ ժամանակը վազում է...
Ծնունդը կարևոր է, որովհետև աշխարհ գալով է, որ ծանոթանում ենք երկնքի և երկրի Արարչին` արարչագործությանը` ինչով շրջապատված ենք մենք:
Մկրտությունը արժևորվում է նրանով, որ Սուրբ Երրորդության անունով մկրտությամբ ենք իրավունք ստանում դառնալ Աստծո ընտանիքի անդամ, և հաղորդակցվել Աստծո միածին Որդու Մարմնի և Արյան Խորհրդին և ուղղափառ դավանությամբ է, որ ներդաշնակ կյանքով ենք ապրում Աստծու հետ:
Մահը ամենակարևորն է: Սա արդյունքն է մեր կյանքի ու գործերի: Միայն մահվամբ է, որ դեմ հանդիման կանգնելու ենք մեր ստեղծողի առջև: Միայն մահից հետո կարող ենք ասել մեր Տիրոջը, որ հավատացել ենք Քո այն խոսքին, որ ասացիր, թե «մա՛հ, ո՞ւր է քո հաղթանակը» և Քո Հարությամբ փոշիացրեցիր մահվան նկատամբ բոլոր վախերը: Միայն մահից հետո է, որ ստանալու ենք հավիտենականության պսակը ըստ մեր հավատքի գործերի:
Եթե դեռ չենք արժևորել այս փուլերը մեր կյանքում, ապա այսօր խորհենք այդ մասին և խնդրենք իմաստություն խելամտորեն օգտագործելու համար
այդ հնարավորությունը, որ կյանք է կոչվում: Իսկ ժամանակավոր ուրախությունները երկրորդական են իրականում...
Օրվա ընթերցվածք.
Գործք առաքելոց 2.42-47
Եւ նրանք յարատեւում էին առաքեալների ուսուցման, հաղորդութեան, հացի բեկման ու աղօթքների մէջ: 43 Ամէն մարդու վրայ ընկել էր ահ ու երկիւղ, եւ առաքեալների ձեռքով բազում նշաններ ու զարմանալի գործեր էին կատարւում: 44 Հաւատացեալներն ամէնքը միասին էին, եւ ինչ որ ունէին, ընդհանուր էր. 45 նրանք վաճառում էին իրենց կալուածքներն ու ինչքերը եւ բաժանում էին բոլորին, ում ինչ որ պէտք լինէր: 46 Ամէն օր միասիրտ, վաղ գնում էին տաճար, տներում էին հացը կտրում եւ ուրախութեամբ ու սրտի պարզութեամբ էին կերակուր ուտում: 47 Օրհնում էին Աստծուն եւ ամբողջ ժողովրդի մէջ յարգանք էին վայելում: Եւ Տէրն օրէցօր փրկուածներին նրանց թուի վրայ աւելացնում էր: