Չիմանալով Աստծո հիշելու բնույթը` չգիտենք Նրա մոռանալու բնույթը:

ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ


Հոգևոր քարոզներ 2019

Շատ մարդիկ կարծում են, որ երբ իրենք հարստանում են, երբ հասել են փառքի, երբ իրենց գործերը հաջող ընթացք ունեն, երբ հաղթում են իրենց թշնամիներին, այնժամ Աստված իրենց հիշում է, այդ պատճառով նրանք չգիտեն, թե Աստված երբ է իրենց մոռացության մատնում: Չիմանալով Աստծո հիշելու բնույթը` նրանք չեն իմանում Նրա մոռանալու բնույթը:
Աստծո` մեր մասին հիշելը որևէ այլ բանից չի գալիս, քան առաքինության մեջ վարժվելու ջանադիր վարքից, իսկ մեզ մոռացության մատնելը որևէ այլ բանից չի գալիս, քան մեղքի մեջ հայտնվելուց:
Այդ պատճառով և դու, մարդ արարած, երբ գտնվում ես դժբախտության մեջ, մի ասա` Աստված ինձ մոռացել է, ընդհակառակը` Նա քեզ մոռանում է այնժամ, երբ մեղքերի մեջ ես, և հատկապես այնժամ, երբ ամեն ինչ հաջող է ընթանում: Զգաստ և արթուն հոգին ցույց է տալիս իր բարեպաշտությունը ոչ միայն այնժամ, երբ գործերը հաջող են, այլև դժբախտության դեպքում հավասարապես շնորհապարտ է Աստծուն, ամենևին չթուլացնելով իր վերաբերմունքը անգամ այն ժամանակ, երբ հանգամանքները փոխվում են:
Իսկ դու ինչու՞ ես շփոթվում, երբ մեկը կյանքից հեռանում է, իսկ մեկ ուրիշը աշխարհ է գալիս: Քրիստոսին խաչեցին, իսկ ավազակ Բարաբբային խնդրեցին ազատել. մարդասպանին նախընտրեցին Փրկչից: Երբ վատ փոփոխություններ են կատարվում, այնժամ շողոքորթների դիմակը պատռվում է, այնժամ մերկացվում է երեսպաշտների ամբոխը և կեղծավորությունը, և բոլոր բերանները բացվում են ու ասում` արհամարհելի, գարշելի, ստորի մեկը, դու նա չէի՞ր, որ քծնում էր, դու չէի՞ր, որ լիզում էիր նրա ձեռքերը: Ասում են` այն դիմակ էր, եկավ ժամանակը, և ես դեն նետեցի դիմակը ու լեզուս բացվեց: Շատերը կարեկցում են ընկերներին, երբ դժբախտություն է պատահում, սակայն նրանց հետ ուրախանալ, երբ նրանք փառքի մեջ են, չեն կարողանում: Իսկապես, «ուրախացողների հետ ուրախանալը» ոչ միայն փոքր առաքինություն չէ, այլև շատ ավելին է, քան «լացողների հետ լալը» և վտանգի ժամանակ պաշտպանելը:
Շատերը կիսում են վտանգը վտանգի մեջ հայտնվածների հետ, սակայն երջանկության մեջ հայտնվածների հետ չեն ուրախանում, այլ ընդհակառակը` նույնիսկ դառնանում են և այդպիսով ավելի դժվարին դիմանալով, անզորանում են ավելի հեշտի ժամանակ:
Իրոք, ոչ մի բան մարդկանց այդքան անմիտ և հանցավոր չի դարձնում, որքան փառքի հետ կապվածությունը, ևբոչինչ նրանց ավելի հարգարժան և հաստատակամ չի դարձնում, որքան արհամարհանքը փառքի նկատմամբ: Այդ պատճառով բավական արի հոգի է անհրաժեշտ նրան, ով ցանկանում է դիմանալ այդքան սաստիկ քամու ուժգնությանն ու ճնշմանը:
 
Հովհան Ոսկեբերան Հայրապետ
Ճառերի ընտրանի

Օրվա ընթերցվածք.

Թուղթ եբրայեցիներին 12.1-7
1 Ուրեմն, մենք էլ, որ մեր շուրջը վկաների այսչափ բազմութիւն ունենք, դէ՛ն գցենք ամէն հպարտութիւն եւ ծանր մեղք, համբերատարութեամբ ընթանանք դէպի մրցասպարէզ, որ բացուած է մեր առաջ. 2 նայենք Յիսուսին՝ հաւատի Զօրագլխին, այն Կատարելագործողին, որն իր առաջ դրուած ուրախութեան համար յանձն առաւ խաչը, արհամարհեց ամօթը եւ նստեց Աստծոյ աթոռի աջ կողմում: 3 Ապա ուրեմն, մտաբերեցէ՛ք Յիսուսին, որ այսպէս համբերեց իր հանդէպ մեղաւորների ունեցած հակառակութեանը, որպէսզի չլինի թէ յոգնէք եւ յուսալքուէք. 4 դուք, որ կռուի մէջ դեռ արիւն թափելու չափ չհակառակուեցիք մեղքին 5 եւ մոռացաք այն յորդորը, որ ուղղուած է ձեզ՝ իբրեւ որդիների. «Որդեա՛կ իմ, Տիրոջ խրատը մի՛ անարգիր եւ մի՛ վհատուիր, երբ յանդիմանուես նրանից, 6 քանի որ Տէրը ում սիրում է, խրատում է, պատժում է ամէն մի որդու, որին ընդունում է»: 7 Թէ խրատին համբերող էք, Աստուած ձեզ կմօտենայ իբրեւ որդիների: