ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Հոգևոր քարոզներ 2019
Քրիստոս Յարյաւ ի մեռելոց, Օրհնեալ է Յարութիւնն Քրիստոսի. Գոհություն և փառք Աստծուն Իր պարգևած յուրաքանչյուր օրվա համար: Յուրաքանչյուր օրն այնպես ապրենք, որ մեր ննջելը չլինի կորուստ, այլ` շահ մեզ համար: Ապրենք Հարության մեծ հույսով:
ՄԵՌԵԼՈՑ
Այս անունն են կրում բոլոր ննջեցյալների հիշատակին նվիրված օրերը, որոնք հաջորդում են 5 տաղավար տոներին: Այդ օրերին եկեղեցիներում Պատարագ է մատուցվում, և կատարվում է հոգեհանգիստ բոլոր քրիստոնյա ննջեցյալների հոգիների փրկության համար: Մեռելոցին շատերն այցելում են իրենց հարազատների գերեզմանները՝ աղոթելու, խունկ ծխելու և գերեզմանօրհնեք կատարելու համար՝ իբրև վկայություն հոգու անմահության, հանդերձյալ կյանքի և համընդհանուր հարության հանդեպ քրիստոնեական հավատի:
ՀՈԳԵՀԱՆԳԻՍՏ
Այսպես է կոչվում ի Քրիստոս ննջած, այսինքն՝ քրիստոնեական հավատով ապրած և մահացած հոգիների համար կատարվող աղոթքի կարգը, որ սահմանված է ս. հայրերի կողմից: Ննջեցյալները չեն մոռացվում հավատացյալների աղոթքներում և խնդրվածքներում, որովհետև նրանց հոգիները կենդանի են ու շարունակում են Եկեղեցու անդամները մնալ երկնքում: Նրանց հիշատակը պահելը ոչ թե արտաքին հարգանքի տուրք է, ինչպես այդ արվում է աշխարհում, այլ՝ նրանց հետ անտեսանելի, սակայն իրական հաղորդակցության վկայություն: Հոգեհանգստյան աղոթքների միջոցով ննջեցյալ մերձավորի հոգու փրկության համար խնդրելով՝ քրիստոնյան արտահայտում է իր սերը նրա հանդեպ, ինչպես նաև ամրապնդում իր հավատը հանդերձյալ կյանքի նկատմամբ: Հոգեհանգստի արարողությունը սովորաբար կատարվում է Պատարագից հետո, սակայն անկախ է նրանից և կարող է կատարվել նաև այլ ժամանակ:
ԳԵՐԵԶՄԱՆՕՐՀՆԵՔ
Ըստ քրիստոնեական վարդապետության՝ մարդու մահը նրա հանդերձյալ կյանքի՝ հոգու երկնային ճամփորդության սկիզբն է, իսկ մարմնի ապականությունը՝ ժամանակավոր բաժանում հոգուց մինչև համընդհանուր հարության օրը: Քրիստոնյան հավատում է, որ տիեզերքի Արարիչը կարող է և պիտի հարություն տա բոլոր մարդկանց մարմիններին, ինչ աստիճանի ապականության կամ նույնիսկ ոչնչացման էլ դրանք ենթարկված լինեն: Այս պատճառով քրիստոնեությանը խորթ են մահացածի աճյունի հետ հոգեբանական կապվածությունը, նրա հանդեպ չափազանցված ուշադրությունը, այն զմռսելու, նրա հետ որոշակի իրեր թաղելու և այլ հեթանոսական սովորույթները, քանզի մահից հետո առավել կարևորվում է ոչ թե հանգուցյալի դիակի, այլ հոգու վիճակը և աղոթքը նրա փրկության համար:
Այնուհանդերձ, քրիստոնեությունը լրջագույն հարգանքով է վերաբերվում հանգուցյալի մասունքներին և թաղման ու գերեզմանօրհնեքի արարողությամբ արտահայտում է մահվան ու հարության հանդեպ իր հիմնական հոգևոր սկզբունքները: Գերեզմանն օրհնելով ու կնքելով՝ քահանան աղոթում է, որ այն մինչև Քրիստոսի երկրորդ գալուստը անշարժ մնա, ինչով էլ խորհրդանշում է հարության հավատը, իսկ ննջեցյալի հարազատների բնական սուգը լրացնում է հոգևոր հույսի պայծառությամբ: Քրիստոնեական խորհրդանիշներով կնքված և օրհնված գերեզմանը ոչ թե սոսկ հանգուցյալի կորուստը սգալու, այլ հոգևոր խորհրդածություններ արթնացնող նվիրագործված մի վայր է, որը մարդուն մղում է հավատով ու հույսով աղոթել ննջեցյալի փրկության համար: (Սրբազան Ավանդություն)
Օրվա ընթերցվածք.
Ավետարան ըստ Ղուկասի 24.1-12 1 Բայց կիրակի օրը, առաւօտեան շատ վաղ, կանայք գերեզման եկան՝ բերելով իրենց պատրաստած խնկերը. նրանց հետ եւ՝ ուրիշ կանայք: 2 Եւ քարը գերեզմանից գլորած գտան 3 ու ներս մտնելով՝ Տէր Յիսուսի մարմինը չգտան: 4 Եւ մինչ նրանք զարմացած էին այդ բանի վրայ, ահա լուսաւոր զգեստներով երկու մարդիկ հասան նրանց մօտ: 5 Եւ երբ կանայք զարհուրեցին ու իրենց երեսը գետնին խոնարհեցին, մարդիկ ասացին. «Ինչո՞ւ ողջին մեռելների մէջ էք փնտրում: 6 Այստեղ չէ, այլ յարեաւ: Յիշեցէ՛ք՝ ինչպէս խօսեց նա ձեզ հետ, երբ Գալիլիայում էր. 7 ասում էր, թէ պէտք է, որ մարդու Որդին մեղաւոր մարդկանց ձեռքը մատնուի, խաչուի եւ երրորդ օրը յարութիւն առնի»: 8 Եւ նրանք յիշեցին նրա խօսքերը: 9 Եւ վերադարձան ու պատմեցին այս ամէնը տասնմէկին եւ բոլոր միւսներին: 10 Եւ Մարիամ Մագդաղենացին, Յովհաննան, Յակոբի մայր Մարիամը եւ նրանց հետ ուրիշ կանայք էին, որ այս բաները պատմեցին առաքեալներին: 11 Բայց նրանց խօսքերը բարբաջանք թուացին աշակերտներին, եւ չէին հաւատում նրանց: 12 Սակայն Պետրոսը վեր կացաւ ու վազեց դէպի գերեզման, նայեց եւ տեսաւ, որ կտաւները միայն կային: Եւ գնաց՝ մտքում զարմացած, թէ ինչ էր եղել:
|