ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Հոգևոր քարոզներ 2019
Սուրբ Հարություն մեր տեր Հիսուս Քրիստոսի. Այսօ՛ր է աշխարհի փրկությունը, այսօր է տոների Տոնը.
Այսօ՛ր նմանվենք Մադաթիային, և համալրենք Աստծու ընտրյալների բաց տեղը. «Քրիստոս յարեաւ ի մեռելոց. Օրհնեալ է յարութիւնն Քրիստոսի»:
Այս երանելի Ավետիսով սկսենք մեր օրը վաղ առավոտից: Միմյանց ողջունենք մաքուր սրտով, պարզ մտքով, գնանք և լցնենք եկեղեցիները մեր ներկայությամբ, թող այնտեղ տեղ չլինի մեր շատությունից: Մենք երեկ Լույս բերեցինք եկեղեցուց, այսօր գնանք եկեղեցի արդեն լուսավորված սրտով, մտքով: Գնանք ընդառաջ Քրիստոսին, ոչ թե վերցնելու, այ` տալու Նրան մեր սրտերը:
Թող Քրիստոսի հարության զորությունը ուժ տա մեզ ոտքի կանգնել մեր մեռյալ վիճակից: Փա՜ռք հրաշափառ Հարությանը Քրիստոսի: Այս բարի Ավետիսով մենք պետք է միմյանց ողջունենք ամեն օր` մինչև Համբարձման Տոն, և այս օրերը կոչվում են ուտիքի օրեր, որից հետո վերականգնվում է չորեքշաբթի և ուրբաթ օրերի պահքը:
Քառասուն օր միմյանց այսպիսի խոսքերով ողջունելն էլ նպատակային է հաստատված մեր Հայրերի կողմից, որովհետև այս օրերին մեր արտաբերած խոսքերը կամրանան մեր սրտում, հոգում և լեզվի վրա: Քրիստոսի Հարության զորությունը մեզ ուժ կտա, որպեսզի մենք Աստծուն պահենք մեր սրտում, իսկ Նրա պատվիրանները փաստենք մեր գործերով, որպեսզի հասկանալի լինի, որ Աստված ապրում է մեր մեջ, և մեր բարի գործերի արդյունքը Աստծո շնորհն է, ո՛չ թե մեր: Իսկ մենք հակառակն ենք անում, Աստված ամեն րոպե մեր շրթներին է, իսկ մեր գործերը չեն փաստում այդ մասին, ինչը անօգուտ է, անիմաստ ժամանակի վատնում է, ինքնախաբեություն է և անպտուղ թզենու է նման: Այ՛ս պահից թույլ տանք, որ Հարուցյալ Քրիստոս վերցնի մեր կյանքի ղեկը:
Այ՛ս պահից ո՛չ ասենք մեր հին կյանքին, մեր ընկած վիճակին, մեր հուսահատությանը, մեր մոլորությանը: Ա՛յս պահից գնանք ընդառաջ Հիսուս Քրիստոսին մեր մեղավոր կյանքը նրա ոտքերի տակ գցելու և Նրա ոտքերը համբուրելու: Այ՛ս պահից գոհանանք Աստծուց Իր պարգևած կատարյալ բարիքների և տված հնարավորության համար: Այ՛ս պահից որոշում կայացնենք մեր կիրակիները Աստծուն նվիրելու մասին: Այ՛ս պահից Եկեղեցին համարենք մեր մայրը և տեսնենք, թե ինչքան ենք սիրում մեր մորը և ինչ հաճախականությամբ ենք այցելում, խնամում, հոգ տանում նրան: Այլապես մենք եկեղեցուց օգտվում ենք միայն այնտեղից օրհնված սրբություններ` ջուր, լույս, յուղ, ուռենու ոստեր և այլն վերցնելով:
Միայն նյութական օրհնված մասունքները մեզ չեն օգնի, եթե մենք առաջնային չդարձնենք մեր կյանքում հոգևոր օրհնությունները, Իրական Լույսը, Հավիտենական Ջուրը և Կյանք պարգևող Հացը: Լցնենք եկեղեցին մեր մաքուր սրտերով, ուշադիր աղոթքներով, միմյանց չդատելու առաքինությամբ, չարի մեջ բարին փնտրելու պատրաստակամությամբ: Հաստատ իմանալով, որ մենք ենք մեր ներկայությամբ եկեղեցում ստեղծում դրական կամ բացասական մթնոլորտ, հոգևոր կամ մարմնավոր իրականություն:Այս պահից ձեռբազատվենք մեր մեջ եղած Հուդայից և նմանվենք Մադաթիային, որը համալրեց Աստծու ընտրյալների բաց տեղը: Փառք Աստծուն, որ սովորեցնում է մեզ ամեն վայրկյան...
Օրվա ընթերցվածք.
Ավետարան ըստ Մարկոսի 16.2-8
2 Եւ կիրակի օրը, առաւօտեան արեւածագին, եկան գերեզման: 3 Եւ ասում էին միմեանց. «Քարը գերեզմանի դռնից մեզ համար ո՞վ պիտի գլորի»: 4 Եւ նայեցին ու տեսան, որ գերեզմանից քարը գլորուած է. եւ այն շատ մեծ էր: 5 Եւ ներս՝ գերեզման մտնելով՝ տեսան մի երիտասարդի, որ նստած էր աջ կողմը՝ սպիտակ պատմուճան հագած. եւ զարհուրեցին: 6 Եւ նա ասաց նրանց. «Մի՛ վախեցէք, դուք Յիսուսին էք փնտրում՝ խաչուած Նազովրեցուն. նա յարութիւն առաւ, այստեղ չէ: Ահաւասի՛կ այն տեղը, ուր նրան դրել էին: 7 Բայց գնացէ՛ք, ասացէ՛ք նրա աշակերտներին եւ Պետրոսին, թէ՝ ահա նա ձեզնից առաջ գնում է Գալիլիա. այնտեղ կտեսնէք նրան, ինչպէս ձեզ ասել էր»: 8 Եւ երբ այս լսեցին, ելան ու փախան գերեզմանից, քանի որ սարսափահար էին եղել. եւ ոչ ոքի բան չասացին, որովհետեւ վախենում էին: