Ավագ Շաբաթ.

ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ


Հոգևոր քարոզներ 2019

Ավագ Շաբաթ. Ավագ Շաբաթ է կոչվում Ծաղկազարդի Երկուշաբթիից մինչև Սուրբ Զատիկ տևող շրջանը:
Գոհություն և փառք Աստծուն պահքի երկար ճամփորդության համար, այժմ խնդրենք Աստծու ողորմությունը Ավագ Շաբաթը առավել սթափ, առավել խիստ ու պատասխանատվությամբ մոտենալ յուրաքանչյուր օրվա խորհրդին ու մեզ վերաբերվող պատգամին:Ավագ Երկուշաբթի օրվանից, եկեղեցում առավոտ և երեկո, արարողության ընթացքին կարդացվում են ավետարաններ Հիսուսի կյանքի վերջին շրջանների վերաբերյալ:
Ավագ Շաբաթվա օրերը կոչվում են հետևյալ ձևով.
Ավագ երկուշաբթի - Հիշատակն է չորացած թզենու.
Ավագ Երեքշաբթի - Հիշատակն է տասը կույսերի.
Ավագ Չորեքշաբթի - Հիշատակն է Քրիստոսի Օծումը` կնոջ ձեռքով:
Ավագ Հինգշաբթի - Առավոտյան Սուրբ Պատարագ, Հաղորդության Խորհրդի հաստատման համար: Երեկոյան`Ոտնլվա, Գիշերը` մատնության: Խավարում.
Ավագ Ուրբաթ - Նվիրված է Քրիստոսի չարչարանքներին.
Ավագ Շաբաթ - Ճրագալույց.
Կիրակի - Հարության Տոն
Ավագ Շաբաթը հատկանշական է եկեղեցական խորհրդավոր արարողություններով, հատկապես Ավագ Հինգշաբթի օրվանից:
Ինչպես որ Մեծ Պահքի բոլոր կիրակիները ունեն համապատասխան անուններ, այնպես էլ Ավագ շաբաթվա յուրաքանչյուր օր կոչվում է Ավագ և վերաբերում է մեր Տիրոջ երկրային կյանքի
վերջի իրադարձություններին: Աստծո կամքով հնարավորություն ունեցանք, որ այս քառասուն օրերի հոգևոր ճամփորդության մեջ անդրադառնանք մեր տկարություններին, բացթողումներին և թուլություններին, որոնք հետևանքն են մեր գործած մեղքերի: Յուրաքանչյուր առակի շնորհիվ մենք կարողացանք տեսնել մեզ` մեր կենցաղում այսօր: Աղաչում ենք Քեզ, Տեր, ապավինում ենք Քո ամենակարող զորությանը, որպեսզի զորացնես մեր կամքը, Ավագ Շաբաթը նույնպես պատվով պահենք, և երբ ազդարարվի Սուրբ Հարության Բարի Ավետիսը`«Քրիստոս Հարեավ ի մեռելոց»,
արժանի լինենք կանգնել Քո առջև և պարզ ճակատով ասել. «Օրհնեալ է Հարությունը Հիսուս Քրիստոսի»:
Այսօր` Ավագ Երկուշաբթի օրը, եկեղեցում կարդացվում է. Ավետարան ըստ Մատթեոսի 21.18-22.14,  Ծննդոց 1.1-3.24,  Առակներ 1.2-9,  Եսայու մարգարեությունը 40.1-8, 
Ավետարան ըստ Մատթեոսի 20.17-28
Արտակ Արքեպիսկոպոս
Հայ Եկեղեցու Տոները

Օրվա ընթերցվածք.

Ավետարան ըստ Մատթեոսի 20.17-28

17 Երբ Յիսուս Երուսաղէմ էր բարձրանում, տասներկուսին առանձին իր հետ վերցրեց եւ ճանապարհին ասաց նրանց. 18 «Ահաւասիկ Երուսաղէմ ենք բարձրանում, եւ մարդու Որդին պիտի մատնուի քահանայապետներին ու օրէնսգէտներին. եւ նրան մահուան պիտի դատապարտեն 19 ու նրան հեթանոսներին պիտի մատնեն ծաղրուելու, ծեծուելու եւ խաչը հանուելու համար, սակայն նա երրորդ օրը յարութիւն պիտի առնի»: 20 Այն ժամանակ նրան մօտեցաւ Զեբեդէոսի որդիների մայրը՝ իր որդիների հետ միասին. նա երկրպագում էր ու նրանից մի բան ուզում: 21 Եւ նա նրան ասաց. «Ի՞նչ ես ուզում»: Կինն ասաց նրան. «Ասա՛, որ սրանք՝ իմ այս երկու որդիները, նստեն քո արքայութեան մէջ, մէկը՝ քո աջ կողմում, եւ միւսը՝ ձախ կողմում»: 22 Յիսուս պատասխանեց եւ ասաց. «Չէք իմանում՝ ինչ էք խնդրում. կարո՞ղ էք խմել այն բաժակը, որը ես խմելու եմ. կամ՝ մկրտուել այն մկրտութեամբ, որով ես մկրտուելու եմ»: Նրան ասացին՝ կարող ենք: 23 Յիսուս նրանց ասաց. «Իմ բաժակը կխմէք, եւ այն մկրտութեամբ, որով ես մկրտւում եմ, կմկրտուէք, բայց նստեցնել իմ աջ եւ ձախ կողմերում՝ ես չէ, որ կտամ, այլ այդ նրանց համար է, որոնց տրուած է իմ Հօրից»: 24 Եւ տասը աշակերտները, այս լսելով, բարկացան երկու եղբայրների վրայ: 25 Յիսուս նրանց իր մօտ կանչեց ու ասաց. «Գիտէք, որ ազգերի իշխանաւորները տիրում են ազգերի վրայ, եւ մեծամեծները իշխում են նրանց վրայ: 26 Ձեր մէջ եւս չպէտք է այդպէս լինի. այլ ձեզնից ով կամենայ մեծ լինել, ձեր ծառան պիտի լինի. 27 եւ ձեզնից ով կամենայ առաջին լինել, ձեր ծառան պիտի լինի. 28 ինչպէս որ մարդու Որդին չեկաւ ծառայութիւն ընդունելու, այլ՝ ծառայելու եւ իր անձը տալու որպէս փրկանք շատերի փոխարէն»: