ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Հոգևոր քարոզներ 2019
«Հսկիր քո վրա, ուրեմն, և իմացիր, որ հոգիդ բաղկացած է երկու զորություններից. մեկը բանական ու խելացի, իսկ մյուսը՝ կրքերին ենթակա ու անմիտ: Առաջինին է ըստ բնության պատկանում հրամայելու պաշտոնը, երկրորդին՝ հնազանդվելն ու բանականությանը ենթակա մնալը: Երբեք մի՛ թույլատրիր, որ հոգիդ ենթարկվի և ցածրանալով ստրկանա կրքերին. երբեք մի՛ թույլատրիր, որ կրքերը բանականության դեմ ծառանան և գրավեն հոգու վրա ունեցած նրա իշխանությունը: Հոգու հայեցողությունից հետո, եթե կամենում ես, քննիր նաև մարմնի կառուցվածքը և զմայլվելով տես, թե գերագույն ճարտարապետն ինչպիսի՛ արժանավայել բնակատեղի է պատրաստել բանական հոգու համար: Բոլոր կենդանի էակների մեջ միմիայն մարդուն է տվել ուղղահայաց դիրք, որպեսզի ձևիցդ անգամ ըմբռնես, որ կյանքդ ընտանություն ունի վերին իրողությունների հետ: Բոլոր չորքոտանիները կքված են որովայնի վրա, մինչ մարդու հայացքն ուղղված է դեպի երկինք, որպեսզի չնվիրվի որովայնի ու նրա կրքերի ծառայությանը, այլ՝ դեպի վեր ուղղի իր բոլոր փափաքները: Ապա գլուխը. Աստված այն տեղադրել է ամենավերևում և այնտեղ է հաստատել ամենակարևոր զգայարանները: Այնտեղ են տեսողությունը, լսողությունը, ճաշակելիքը, հոտառությունը, մեկը մյուսի կողքին: Եվ այսպիսով, չնայած գտնվում են այսքան նեղ տարածքում, ոչ մեկը չի խանգարում գործունեությանը նրա, որն իր կողքին է:Աչքերը գրավում են տեսանելիության ամենաբարձր կետը, այնպես՝ որ մարմնի մասերից ոչ մեկը չի ծածկում իրենց, այլ՝ թարթիչներից պաշտպանվելով, ուղիղ գծով հաստատուն պահպանվում են իրենց վրայի ցցվածքով:Ականջը, մինչդեռ, չի ներկայանում ուղղակի բացվածքով, այլ՝ օդում ներկա հնչյուններն ընդունում է խորդուբորդ խոռոչի միջոցով: Սա նույնպես հայտարար նշան է բարձրագույն իմաստության, որովհետև ձայնը, մինչ առանց արգելքների թափանցում է ներս, է՛լ ավելի հնչեղ է դառնում գալարումներում, որոնցով անցնում է, և ո՛չ մի արտաքին պատճառ չի կարող արգելել լսողությունը:
Քննիր լեզվի կառուցվածքը. քանի՜ցս նուրբ է, ճկուն և իր շարժումների զանազանությամբ ունակ տարբեր լեզուներով խոսելու: Ատամները մի կողմից ձայնի գործարաններ են, հաստա-տունություն պարգևելով լեզվին,մյուս կողմից էլ ծառայում են սննդառությանը, ոմանք՝ պատառելու, ոմանք էլ՝ ծամելու համար: Եվ այսպես, շարունակելով պատշաճ կերպով քննել մարմնիդ բոլոր մասերը և խորհրդածելով թոքերի մեջ օդի ներշնչման, սրտի ներսում ջերմության պահպանման, մարսողական գործարանների և երակների մասին, որոնցում հոսում է արյունը, այդ ամենից կճանաչես անքննելի իմաստությունը Նրա, ով ստեղծել է քեզ, այն աստիճան, որ դու նույնպես կբացականչես Մարգարեի հետ. «Իմ համար սքանչելի է Քեզ ճանաչելը»:
Հսկի՛ր քո վրա, ուրեմն, հսկել կարողանալու համար Աստծո ճանաչողության մեջ, որին վայել է փառք և զորություն հավիտյանս: Ամեն
Բարսեղ Կեսարացի <<Նայիր քեզ>> ճառից մի հատված.
Օրվա ընթերցվածք.
Ավետարան ըստ Հովհաննեսի 11.55-12.11
55 Եւ հրեաների Զատիկը մօտ էր. եւ այդ գաւառից շատերը Երուսաղէմ բարձրացան Զատկից առաջ, որպէսզի իրենք իրենց մաքրեն: 56 Յիսուսին փնտրում էին. եւ մինչ տաճարի մէջ էին, միմեանց ասում էին. «Ինչպէ՞ս է ձեզ թւում, արդեօք այս տօնին չի՞ գայ»: Քահանայապետներն ու փարիսեցիները հրահանգել էին, որ եթէ մէկն իմանայ, թէ նա որտեղ է, յայտնի, որպէսզի նրան ձերբակալեն:
12 1 Իսկ Յիսուս Զատկից վեց օր առաջ եկաւ Բեթանիա, ուր ապրում էր մեռած Ղազարոսը, որին մեռելներից յարութիւն էր տուել: 2 Եւ այնտեղ նրան ընթրիք տուեցին. սպասարկում էր Մարթան, իսկ Ղազարոսը նրա հետ սեղան նստածներից մէկն էր: 3 Իսկ Մարիամը, մի լիտր ազնիւ նարդոսի թանկարժէք իւղ վերցնելով, օծեց Յիսուսի ոտքերը. եւ իր մազերով էլ սրբում էր նրա ոտքերը. եւ տունը լցուեց իւղի բուրմունքով: 4 Աշակերտներից մէկը՝ Յուդա Իսկարիովտացին, որ մատնելու էր նրան, ասաց. 5 «Ինչո՞ւ այդ իւղը չվաճառուեց երեք հարիւր արծաթ դահեկանով եւ չտրուեց աղքատներին»: 6 Նա այս ասաց ոչ թէ նրա համար, որ աղքատների համար էր հոգում, այլ որովհետեւ գող էր եւ գանձարկղը ինքն էր պահում, եւ ինչ որ այնտեղ դրւում էր, ինքն էր վերցնում: 7 Յիսուս ասաց նրան. «Թո՛յլ տուէք նրան, որպէսզի իմ թաղման օրուայ համար պահի այդ: 8 Աղքատներին ամէն ժամ ձեզ հետ ունէք: Ինձ միշտ ձեզ հետ չունէք»: 9 Երբ հրեաներից բազում ժողովուրդ իմացաւ, որ նա այնտեղ է, եկաւ ոչ միայն Յիսուսի պատճառով, այլեւ՝ որպէսզի տեսնի նաեւ Ղազարոսին, որին մեռելներից յարութիւն էր տուել: 10 Քահանայապետները խորհուրդ արեցին, որ Ղազարոսին էլ սպանեն, 11 քանի որ շատերը հեռանում էին հրեաներից եւ հաւատում էին Յիսուսին: