«Չեմ կարող ապրել այս աշխարհում այսքան հոգսերի մեջ և փրկվել».

ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ


Հոգևոր քարոզներ 2019

Ինչպես որ սերմնացանները ոչ մի օգուտ չեն ստանում այն բանից, որ սերմը գցում են ճանապարհի վրա, այնպես էլ մենք ոչ մի օգուտ չենք ստանա այն բանից, որ կոչվում ենք քրիստոնյա և չենք արդարացնում այդ կոչումը համապատասխան գործերով: Եթե ցանկանում եք, կարող եմ ձեզ ներկայացնել վկայի՝ Տիրոջ եղբայր Հակոբոսի վկայությունը, որն ասում է. «Հավատքը առանց գործի
մեռած է» (Հակ.2:20):
Եվ այսպես պետք է անձը ամեն օր վարժեցնել բարի գործերի մեջ, առանց որի միայն քրիստոնյայի անունը ոչ մի օգուտ մեզ չի տա: Եվ մի զարմացեք: Ասացեք խնդրեմ, ի՞նչ օգուտ զինվորին այն բանից, որ նա՝ գտնվելով զինվորական ծառայության մեջ, իր վարքով չի համապատասխանում իր կոչմանը և բանակում ապրելով թագավորի հաշվին, չի մարտնչում հանուն թագավորի:
Միգուցե ծանր է իմ խոսքը, բայց լավ կլիներ, եթե այդպիսինը ընդհանրապես չմտներ զինվորական ծառայության մեջ, քան թե մտնելով՝ անհոգ գտնվեր թագավորական պատվի հանդեպ: Ինչպես կարող է խուսափել պատժից նա, ով ապրելով թագավորի հաշվին, չի ուզում պատերազմել նրա համար:
Դե, ի՞նչ եմ ասում ձեզ՝ հանուն թագավորի գոնե մեր սեփական հոգիների համար հոգ տանենք: Եվ հիմա կհարցնես, թե ապրելով աշխարհում, բազում հոգսերի մեջ, կարո՞ղ եմ արդյոք պատերազմել, հոգ տանել և փրկվել: Ի՞նչ ես ասում, ո՜վ մարդ, ուզո՞ւմ ես քեզ համառոտ ցույց տամ, որ ոչ թե տեղն է փրկում, այլ ապրելակերպը և հոժարակամությունը:
Ադամը դրախտում այնպես էր, ինչպես նավը խաղաղ նավահանգստում, բայց նավաբեկության ենթարկվեց, իսկ Ղովտը՝ ապրելով սոդոմացիների մեջ, ինչպես որ ալեկոծ ծովում, փրկվեց: Հոբը արժանացավ արդարացման, լինելով հալածանքների մեջ, իսկ Սավուղը՝ կենալով պալատներում, զրկվեց թե՛ այս և թե գալիք թագավորությունից: Խոսքերով արդարանալ չի լինի, ասելով թե. «չեմ կարող
ապրել այս աշխարհում այսքան հոգսերի մեջ և փրկվել»:
Իսկ գիտե՞ք, թե որտեղից է առաջանում նման ինքնաարդարացումը. սա նրանից է, որ դուք հաճախակի չեք գալիս, մի մասդ՝ աղոթքի, մյուսներդ՝ աստվածային Սուրբ Պատարագին:
Մի՞թե չեք տեսնում, թե ինչպես են ջանում նրանք, որոնք երկրավոր թագավորից ուզում են արժանանալ մեծարանքի և ինչպես են փնտրում թագավորի մոտ իրենց համար բարեխոսներ, որպեսզի չզրկվեն այն բանից, որին համառորեն ձգտում են: Սա ասվում է նրանց համար, ովքեր սրբազան հավաքներն անտեսելով, խորհրդավոր ընթրիքի ահավոր պահին տրվում են զրույցների և դատարկախոսության:
Ի՞նչ ես անում դու, ով մարդ, չլսեցի՞ր սուրբ բեմից եկող ձայնը, թե. «Դռները, դռները ծածկեցեք ամենայն իմաստնությամբ և զգուշությամբ: Ձեր մտքերը դեպի վեր բարձրացրեք աստվածային երկյուղով»: Իսկ դու բոլորի հետ միասին չասեցիր, թե. «Մեր ամբողջ միտքն ու հոգին քեզ հետ են, ով ամենակալ Աստված»: Դու վախ չես զգում, չես ամաչում հանկարծ ստախոս դուրս գալ ամենաահավոր պահին: Զարմանալի է երբ պատրաստված է խորհրդավոր ընթրիքը, երբ մորթվում է Աստծո Գառը, երբ քեզ համար ջանում է քահանան, երբ հոգևոր կրակը դուրս է ճառագում ամենասուրբ ընթրիքից, ներկայացել են քերովբեները, թռչում են սերովբեները, վեցթևյանները ծածկում են իրենց դեմքերը, բոլոր անմարմին զորությունները խնդրում են քեզ համար Պատարագիչ քահանայի հետ
միասին, հոգևոր հուրը իջնում է երկնքից, ամենասուրբ կողից լցվում է սկիհի մեջ արյունը քո քավության համար, և դու չե՞ս վախենում ու չե՞ս ամաչում այս ահավոր պահին որպես ստախոս երևալ (քանի որ խոստումը ոչ թե լեզվով, այլ գործով է ապացուցվում):
Շաբաթվա հարյուր վաթսունութ ժամից ընդամենը երկու ժամ է Աստված առանձնացրել Իր համար, մի՞թե այդ ժամն էլ դու պիտի վատնես կենցաղային հարցերի, ծիծաղի և շատախոսության վրա:
Եվ ինչ համարձակությամբ այս ամենից հետո պիտի մոտենաս Սուրբ Հաղորդությանը նման ապականված խղճմտանքով: Մի՞թե դու կարկատած հնոտիներով կհամարձակվեիր մոտենալ և կպչել երկրավոր թագավորի հանդերձի եզրին, իհարկե ոչ, ոչ մի դեպքում: (Իսկ որքան առավել պետք է երկյուղել այս պարագային): Եվ մի կարծիր, թե սա սովորական հաց է և մի մտածիր, թե ուղղակի գինի է, իմացիր որ
նրանք մնացած այլ կերակուրների նման մարդուց դուրս չեն ելնում:
Եվ այսպես, ջանա ապաշխարությամբ և ուղղվելով պատրաստվել հոգեվարքիդ ահավոր պահին, երբ մոտենա մահը, որովհետև միայն այստեղ երկրի վրա է, որ ապաշխարությունը ուժ ունի, իսկ դժոխքում այն արդեն ուժը կորցնում է: Աղաղակենք առ Աստված, քանի դեռ ժամանակ ունենք: Բարիք անենք, որպեսզի ազատվենք գալիք անվախճան գեհենից և արժանանանք Երկնքի Արքայությանը շնորհով և մարդասիրությամբ մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի, որին փառք, իշխանություն, հավիտյանս հավիտենից. Ամեն:
 
Սուրբ Հովհան Ոսկեբերան

Օրվա ընթերցվածք.

Պողոս առաքյալի թուղթը Տիտոսին -2:1.10
Բայց դու սովորեցրո՛ւ այն, ինչ որ վայել է ողջամիտ վարդապետութեանը.  որ ծերերը լինեն զգաստ, պարկեշտ, խոհեմ, ողջամիտ՝ հաւատի, սիրոյ, համբերութեան, ժուժկալութեան մէջ:  Պառաւ կանայք նոյնպէս լինեն զգաստ եւ սրբերին վայել վարմունք ունենան. ոչ բանսարկու, ոչ գինեմոլ, այլ՝ բարեխրատ,  որ խրատեն դեռատի կանանց սիրել իրենց մարդկանց, լինել որդեսէր, խոհեմ, մաքրակենցաղ, տնարար, բարեգործ, հնազանդ իրենց մարդկանց, որպէսզի Աստծոյ խօսքը եւ վարդապետութիւնը չանարգուի:  Երիտասարդներին նո՛յնպէս յորդորիր լինել խոհեմ,  քո անձը բոլորին օրինա՛կ դարձրու բարի գործերի համար, ուսուցման մէջ պահի՛ր անեղծութիւն, սրբութիւն, պարկեշտութիւն,  ողջամիտ խօսք՝ պարսաւանքի տեղի չտուող, որպէսզի ով որ հակառակուի, ամօթով մնայ եւ մեր մասին ասելու որեւէ չար բան չունենայ: Յորդորի՛ր ծառաներին, որ հնազանդ լինեն իրենց տէրերին եւ ամէն ինչում լինեն հաճելի նրանց՝ ոչ հակառակուող,  ոչ շորթող, այլ ցոյց տան կատարեալ հաւատարմութիւն բարութեամբ, որպէսզի մեր Փրկչի՝ Աստծոյ վարդապետութիւնը ամէն ինչում զարդարեն: