Խ (40) ՕՐ Մեծ Պահքի

ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ


Հոգևոր քարոզներ 2019

 Գիտե՞ս, որ շնության խորհուրդը բանսարկուից է.
Աշխարհսիրության և արծաթսիրության մասին:
Ո՞ւր են նրանք, որոնք ասում են, թե ինչո՞ւ սատանան եղավ: Իրականության մեջ բանսարկուն ոչինչ չի անում, այլ՝ մենք: Եթե իսկապես սատանան է պատճառը, պետք է փախչեիր, այլ ոչ թե հանձն առնեիր, իսկ երբ հոժարում ես, այնժամ ոչ թե սատանան է մեղադրելի, այլ դու: Երբ մեկն աղբն իր տնից դուրս թափի իսկ մեկ ուրիշը ամբողջությամբ այն իր տունը տանի, ոչ թե աղբ թափողին, այլ վերցնողին պիտի մեղադրենք և անվանենք անմիտ: Այսպես էլ հիմա գիտես, որ արծաթսիրությունը բանսարկուից է, և շնության խորհուրդը նա է մեջդ սերմանում, իսկ դու առանց անդրադառնալու պատրաստակամությամբ այն ընդունում ես: Պետք է նմանօրինակ ամեն բանից էլ խույս տալ և կամաց-կամաց ձերբազատվել: Ինչպես որ մեր ճամփան շեղելով հեռանում ենք աղբանոցից, նույնպես
և դու փախիր ընչասիրությունից և աղտեղի խորհուրդներից:
Եվ ի՞նչ, ցանկանում ես հավիտենական կյանքը ժառանգել և առարկում ես, թե ինչպես ներկա կյանքն արհամարհե՞մ: Ուզում ես արքայական ծիրանի հագնել և ասում ես, թե ինչպե՞ս մերկանամ ցնցոտիներիցս: Թագավորի պալատում պետք է բնակվես ու բազմես և ասում ես, թե ինչպե՞ս ատեմ աղքատիկ հարկս: Իսկապես, ամեն ինչի պատճառը մենք ենք, որ չենք ուզում մեր հայացքը մի քիչ վեր բարձրացնել, մինչ նրանք, որ փորձեցին, շատ հեշտությամբ հաջողության հասան: Դուք ևս հավատ ընծայեք ասածներիս և նախանձախնդիր եղեք ուղիղ բաներին՝ ընկերոջը ձեր անձի պես սիրելով, որի մասին միայն խոսում ենք, իսկ գործով ցույց չենք տալիս:
Մտածիր, թե բոլոր բարիքներից որքան ավելի մեծ է ընկերասիրությունը, ոչ օրենքի և ոչ էլ տանջանքների պետք կունենայինք, եթե բոլորն էլ ուրիշներին սիրեին այնպես, ինչպես իրենք կուզեին սիրվել, ոչ ոք ուրիշին չէր զրկի, այլ կռիվներն ու հափշտակությունները, չար նախանձն ու բարկությունը ինչպես նաև այլ ախտերը ամբողջությամբ կանհետանային: Արդարև, սերը բուսնում է առաքինի հոգիների մեջ, իսկ այնտեղ, ուր չարություն կա, այս բույսը չորանում է, համաձայն այն խոսքի, թե. «Երբ անօրենությունը բազմանա, սերը կցամաքի» (Մատթ. 24:12):
Ինչպես որ մարդն իր անձին չարիք չի ուզում հասցնել, նույնը կանի և իր ընկերոջ համար, եթե սեր ունենա: Սրա համար է, որ Քրիստոս ճշմարիտ սիրո նշանը ընկերասիրությունը նկատեց:
(Բարսեղ վարդապետ Մաշկևորցի)
 
Ապաշխարության Սաղմոս 26
Տերն իմ լույսն է ու կյանքը, ումի՞ց վախենամ.
Տերն իմ կյանքի ապավենն է, ումի՞ց ես դողամ:
Եթե իմ դեմ պատերազմ պատրաստվի, սիրտս
չի սոսկա. եթե իմ դեմ ճակատամարտի ելնեն,
միևնույն է, Տե՛ր, հույսս Քեզ վրա եմ դնելու:
Մի բան եմ խնդրել Տիրոջից և նույնն եմ աղաչում,
որ կյանքիս բոլոր օրերին բնակվեմ Տիրոջ տանը,
տեսնեմ Տիրոջ վայելչությունը և վերահսկեմ Նրա տաճարում:
Լսի՛ր ձայնն իմ, Տե՛ր, քանզի քեզ կանչեցի,
ողորմի՛ր ինձ և ակա՛նջ դիր, քանզի սիրտն իմ
քեզ դիմեց, և հայացքն իմ փնտրեց, փնտրեց քո երեսը, Տե՛ր:
Մի՛ դարձրու երեսդ ինձնից և բարկությամբ
մի՛ շրջվիր քո ծառայից:
Իմ օգնականը եղիր, Տե՛ր, և մի՛ անարգիր ինձ
ու մի՛ լքիր, փրկի՛չ Աստված իմ:
Իմ հայրն ու մայրը լքեցին ինձ, բայց Տերն ինձ
ընդունեց:
Սովորեցրո՛ւ ինձ, Տե՛ր, քո ճանապարհը և
առաջնորդի՛ր ինձ քո ուղիղ շավիղներով:
Փա՜ռք Հորը և Որդուն և Սուրբ Հոգուն Այժմ
եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. ամէն:

Օրվա ընթերցվածք.

Եսայու մարգարեությունը 46.3-47.4

3 Լսեցէ՛ք ինձ, ո՛վ դու՝ Յակոբի տուն, եւ դուք՝ Իսրայէլի բոլոր կենդանի մնացածներդ, դուք, որ որովայնից իսկ ընտրեալ էք եւ մանկութիւնից մինչեւ ծերութիւն՝ խրատուած, 4 քանզի ես նոյնն եմ: Դուք մինչեւ խոր ծերութիւն էլ որ հասնէք, ես նոյնն եմ. ես համբերութեամբ պիտի տանեմ ձեզ, ես ստեղծեցի եւ ես էլ պիտի հանդուրժեմ, ես պիտի ընդունեմ ու փրկեմ ձեզ: 5 Ո՞ւմ կնմանեցնէիք ինձ, հապա մտածեցէ՛ք, ո՛վ դուք՝ մոլորեալներ, 6 որ ոսկու մեծ բաժին էք գցում քսակից, արծաթ էք կշռում կշեռքով եւ ոսկերիչներ վարձում, որպէսզի ձեռակերտ կուռքեր պատրաստեն, եւ խոնարհուելով երկրպագում էք դրանց: 7 Վերցնում, ուսերիդ վրայ դրած՝ բերում էք, եւ երբ գետնին էք դնում, այդպէս մնում են տեղում ու չեն շարժւում. եթէ որեւէ մէկը կանչի դրանց, չեն լսի եւ չար փորձանքներից չեն փրկի նրան: 8 Յիշեցէ՛ք այս եւ հոգո՛ց հանեցէք, զղջացէ՛ք դուք՝ մոլորեալներդ սրտանց դարձի՛ եկէք, 9 մտաբերեցէ՛ք առաջին գործերը՝ վաղուց ի վեր կատարուածները, քանզի ես եմ Աստուածը, եւ ինձնից բացի մէկ ուրիշը չկայ, 10 որ առաջուց պատմի վերջում կատարուելիք բաների մասին, երբ դեռ չեն եղել, բայց անպայման կատարուելու են: Ես ասացի, որ իմ բոլոր խորհուրդներն իրականանալու են, եւ ամէն բան, ինչ որ ցանկանամ, կատարելու եմ: 11 Ես արեւելքից կանչեցի թռչուններին, իսկ հեռաւոր երկրից՝ նրան, ում մասին մտածեցի. խօսեցի ու բերեցի, հաստատեցի եւ կատարեցի, բերեցի նրան եւ դրեցի յաջող ճանապարհի վրայ: 12 Լսեցէ՛ք ինձ դուք՝ սրտով մոլորուածներդ եւ արդարութիւնից հեռացածներդ. 13 մօտեցրի իմ արդարութիւնը, եւ այն այլեւս չի հեռանայ, իմ ճշմարտութիւնն ու փրկութիւնը չեմ ուշացնի. ես Սիոնում տուեցի Իսրայէլի փրկութիւնը յանուն իմ փառքի:

47 1 Իջի՛ր ու նստի՛ր հողին, ո՛վ Բաբելոնի կոյս օրիորդ, նստի՛ր գետնին, որովհետեւ աթոռ չկայ, խաւարի մէ՛ջ մտիր, քաղդէացիների՛ դուստր, դու, որ այլեւս չես շարունակելու կոչուել քնքուշ ու փափկասուն: 2 Երկա՛նք առ, ալի՛ւր աղա, դէ՛ն նետիր քողդ, քաշի՛ր մազերդ. 3 մերկացրո՛ւ սրունքներդ եւ անցի՛ր գետի միջով, ու թող յայտնուի քո ամօթը, թող երեւայ քո նախատինքը, քանզի քեզնից վերցնելու եմ քո իրաւունքները: Նա, որ փրկեց քեզ, այլեւս չի մատնի քեզ մարդկանց. 4 նրա անունը Զօրութիւնների Տէր է, Իսրայէլի Սուրբ: