ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Հոգևոր քարոզներ 2019
«Նախ դու խոստովանի՛ր քո անօրենությունները, որ արդարացվես»:
Մոտենում է ավարտը պահքի երանելի օրերի, եթե նպատակային ապրեցինք պահոց օրերը, ուրեմն առավել երանելի են սպասվող օրերը: Մի փոքր տեղեկություն էլ իմանանք մեղքերի խոստովանության մասին, վերցրած «Մեղայ Աստծոյ» գրքից: Ուրեմն՝ Տերն է, որ «կամենում է, որ ամենքը գան ապաշխարության» (Բ Պետ.3:9), այսինքն՝ զղջան իրենց մեղքերը, մաքրվեն նրանցից և իրենց կյանքն առաքինություններով պտղավետ դարձնեն։ Եկեղեցին որպես մեղքերից մաքրվելու ճանապարհ ցույց է տալիս խոստովանությունը, որով ենք թողություն գտնում մեր մեղքերին։ Աստված անշուշտ առանց մեր խոստովանության էլ ամեն բան գիտի, սակայն Ի՛նքն է պահանջում. «Նախ դու խոստովանի՛ր քո անօրենությունները, որ արդարացվես» (Եսայի 43: 26)։
Հայտնի է, որ երբ մարդ վիշտ կամ ներքին խնդիրներ է ունենում, որոնք տանջում են նրա հոգին, կարիք է ունենում իր ներքին անցուդարձի մասին որևէ մեկին պատմելու։ Սա տեղի է ունենում, օրինակ, այնժամ, երբ հիվանդը դիմում է հոգեբանին՝պատմելով նրան իր անհանգստություններն ու ներքին խնդիրները։ Մեղքը նույնպես «խնդիր» է, ցավ և հիվանդություն, ինչպես վկայում է նաև մեր Տերը՝ Իրեն բժիշկ, իսկ մեղավորներին հիվանդ կոչելով։ Ուստի կարիք կա այս ցավը բացահայտելու։ Մեղքը թաքցնելը միայն է՛լ առավել է հիվանդացնում մարդու հոգին, ինչն էլ ի վերջո կարող է պատճառ դառնալ նրա մահվան՝ հավիտենական կյանքից զրկման։ Այս տեսանկյունից դիտելիս՝ակնհայտ է դառնում մեղքի խոստովանության կարևորությունը։ Զղջացող մարդը նախ դիմում է Տիրոջը, իր հանցանքը կամ հանցանքները խոստովանում Նրան ու թողություն հայցում՝մեղքն այլևս չկրկնելու որոշմամբ, որն իրագործելու համար Տիրոջից օգնություն է խնդրում՝ գիտենալով իր տկարությունը։ Քահանայի առաջ կատարված այսպիսի խոստովանությունը կոչվում է անհատական խոստովանություն։ Մեղքեր արձակելու այս իշխանությունը քահանաներին, որոնք ձեռնադրության ու օծման միջոցով առաքյալների իրավահաջորդն են, տրված է Տեր Հիսուսից՝ համաձայն Նրա խոսքի. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, ինչ որ կապեք երկրի վրա, կապված կլինի երկնքում, և ինչ որ արձակեք երկրի վրա, արձակված կլինի երկնքում» (Մատթ. ԺԸ 18)։ Խոստովանության ու մեղքերի արձակման միջոցով թողության արժանացած, այսինքն՝ մեղքերից մաքրված մարդն է միայն, որ իրավունք ունի ճաշակելու Տեր Հիսուսի Քրիստոսի մաքրամաքուր Մարմինն ու Արյունը՝ Սուրբ. Հաղորդությունը՝ Տիրոջ հետ միավորվելու և հոգևոր կյանքում զորանալու համար, քանի որ Սրբությանը պետք է սրբությամբ մոտենալ։
Փառք Աստծուն Իր կատարյալ բարիքների համար:
Սաղմոս 30
Հույսս դրի Քեզ վրա, Տե՛ր, թող հավետ ամոթով չմնամ. Քո արդարությամբ փրկի՛ր և ազատի՛ր ինձ:Դեպի ինձ խոնարհիր ականջը Քո, փութա՛ ինձ պաշտպանելու:
Եղի՛ր իմ պահապանը, Աստվա՛ծ, և իմ փրկության ապաստարանը, քանզի իմ ուժն ու ապավենն ես Դու:
Քո անվան համար ինձ առաջնորդ եղար և սնուցեցիր ինձ. ինձ կհանես այն որոգայթից, որ լարեցին իմ դեմ:
Դու ես պաշտպանն իմ, Տե՛ր, և Քո ձեռքն եմ հանձնում իմ հոգին:
Օրվա ընթերցվածք.
Պողոս առաքյալի Ա թուղթը Տիմոթեոսին 3.14-16
14 Քեզ գրում եմ այս բանը, որովհետեւ յոյս ունեմ, որ շուտով կգամ: 15 Իսկ եթէ ուշանամ, դու կիմանաս, թէ ինչպէս պէտք է վարուես Աստծոյ տան մէջ, որ կենդանի Աստծոյ եկեղեցին է՝ սիւն եւ հաստատութիւն ճշմարտութեան: 16 Եւ յայտնապէս մեծ է աստուածապաշտութեան խորհուրդը, որ յայտնուեց մարմնով, արդարացաւ Հոգով, երեւաց հրեշտակներին, քարոզուեց հեթանոսների մէջ, հաւատալի եղաւ աշխարհում եւ երկինք վերացաւ փառքով:
Post Views: 815