ԼԸ (38) օր Մեծ Պահքի

ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ


Հոգևոր քարոզներ 2019

  Քո կասկածը  հավատի թուլության արդյունք է..
«Դու վայր ես դրել մի զորավոր զենք՝ Աստծո վախը, և ձեռքդ ես վերցրել մի թույլ եղեգ՝ մեղավոր մտածումներին հակաճառելը: Թո՛ղ այդ և զինվի՛ր հրեղեն սրով՝ Աստծո վախով, և երբ մոտենան քեզ մեղավոր մտքերը, ապա Աստծո վախի կրակը կայրի դրանց, ինչպես հարդ: Ովքեր Աստծո վախն ունեն, ցանկությունները չեն այրի նրանց: Քո կասկածը  հավատի թուլության արդյունք է...
Շնորհ արա, ուշադիր եղիր արդարության հարցում և սկսիր քեզանից: Ասենք, թե դու ունես տարբեր ծառաներ: Ենթադրենք, թե նրանցից ոմանք լավն են, ոմանք վատը: Բնական է, որ կհարգես լավերին և կպատժես վատերին: Եթե լինես դատավորի դիրքում, կգովես բարիներին և կպատժես անօրեններին: Ուրեմն, դու, որ մահկանացու մարդ ես, արդարություն ես կիրառում, ապա Աստված, որ համայն աշխարհի միակ հավերժական թագավորն է, մի՞թե արդար չի հատուցելու ամեն մեկին իր արարքների համար: Եթե այս մերժես, կընկնես անօրենության մեջ: Լավ հիշիր իմ խոսքերը:
Շատ մարդասպաններ անպատիժ մահացել են անկողնում, առանց իրենց ոճիրների համար պատիժ կրելու: Իսկ որտե՞ղ է Աստծու արդարությունը: Հաճախ, հիսուն սպանություն կատարած ոճրագործը մեկ անգամ է գլխատվում: Որտե՞ղ նա պիտի պատժվի իր մյուս քառասուն և ինը սպանությունների համար: Եթե ասես, թե հանդերձյալ կյանքում չկա դատաստան և հատուցում, Աստծուն կմեղադրես անիրավության մեջ: Բայց մի զարմացիր դատաստանի հետաձգման վրա: Ամեն մրցող մրցումից հետո կա՛մ պսակվում է, կա՛մ խայտառակվում: Երբեք մրցավարը մրցողներին չի պսակում, քանի դեռ չի ավարտվել մրցումը: Նա սպասում է, որ բոլոր մրցողները հատեն վերջնագիծը, որից հետո միայն հաղթողներին պսակում է և հանձնում մրցանակները: Այդպես էլ Աստված:
Քանի դեռ շարունակվում է մրցավազքը այս կյանքում, Նա առայժմ մասամբ օգնում է արդարներին: Հետագայում Նա վարձը կհատուցի ամբողջությամբ:
«Կոչումն ընծայության» գրքից Կյուրեղ Երուսաղեմացի Հայրապետ.

Օրվա ընթերցվածք.

Ելք 4.21-5.3

21 Տէրն ասաց Մովսէսին. «Եգիպտոս գնալիս ու վերադառնալիս փարաւոնի առաջ ջանա՛, որ անես բոլոր այն նշանները, որոնք անելու շնորհը տուել եմ քո ձեռքը: Ես խստասիրտ կդարձնեմ փարաւոնին, եւ նա ազատ չի արձակի ժողովրդին: 22 Դու կասես փարաւոնին. “Այսպէս է ասում Տէրը. իմ անդրանիկ որդին Իսրայէլն է: 23 Քեզ ասացի՝ ազա՛տ արձակիր իմ ժողովրդին, որ պաշտի ինձ: Իսկ եթէ չուզենաս ազատ արձակել նրան, այդ դէպքում ես կսպանեմ քո անդրանիկ որդուն”»: 24 Ճանապարհին, իջեւանում, Մովսէսին հանդիպեց Տիրոջ հրեշտակը, որն ուզում էր սպանել նրան: 25 Սեպփորան, վերցնելով մի սուր քար, թլփատեց իր անթլփատ որդուն եւ հրեշտակի ոտքերն ընկնելով՝ ասաց. «Ահա կատարուեց իմ մանկան թլփատութեան կարգը»: 26 Հրեշտակը հեռացաւ նրանից, քանի որ նա ասել էր, թէ՝ «Կատարուեց իմ մանկան թլփատութեան կարգը»: 27 Տէրն ասաց Ահարոնին. «Գնա՛ անապատ՝ Մովսէսին ընդառաջ»: Նա գնաց, նրան հանդիպեց Աստծոյ լեռան վրայ ու համբուրեց նրան: 28 Մովսէսն Ահարոնին յայտնեց իրեն ուղարկող Տիրոջ բոլոր պատգամներն ու բոլոր այն նշանները, որ պատուիրել էր իրեն կատարել: 29 Մովսէսն ու Ահարոնը գնացին եւ հաւաքեցին իսրայէլացիների ամբողջ ծերակոյտը: 30 Ահարոնը նրանց հաղորդեց բոլոր այն պատգամները, որ Տէրը յայտնել էր Մովսէսին, եւ Մովսէսը նշաններ գործեց ժողովրդի առաջ: 31 Ժողովուրդը հաւատաց եւ ուրախացաւ, որ Աստուած այցելել է իսրայէլացիներին, ականատես եղել իրենց տառապանքներին: Ժողովուրդը խոնարհուեց ու երկրպագեց:

5 1 Այնուհետեւ Մովսէսն ու Ահարոնը եկան փարաւոնի մօտ ու ասացին նրան. «Այսպէս է ասում Իսրայէլի Տէր Աստուածը. “Արձակի՛ր իմ ժողովրդին, որ իմ պատուին տօն կատարի անապատում”»: 2 Փարաւոնն ասաց. «Ո՞վ է նա, որի ձայնին անսալով՝ պիտի ազատ արձակեմ իսրայէլացիներին: Այդ Տիրոջը ես չեմ ճանաչում եւ իսրայէլացիներին էլ չեմ արձակում»: 3 Նրան ասացին. «Եբրայեցիների Աստուածն է կանչել մեզ իր մօտ: Արդ, երեք օրուայ ճանապարհ պիտի գնանք անապատով, որպէսզի զոհ մատուցենք մեր Տէր Աստծուն, այլապէս մեզ մահ կամ սպանութիւն է սպասում»: