ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Հոգևոր քարոզներ 2019
Թող ոչ ոք չխաբվի.
Ով Խորանի շուրջը չէ, զուրկ է մնում «Աստծոյ Հացից»: Արդարեւ, եթէ մէկ կամ երկու անձանց աղօթքն այդքա՜ն արդիւնաւէտ է, որքա՜ն առաւել եւս արդիւնաւէտ կը լինի Եպիսկոպոսի ու ամբողջ Եկեղեցու աղօթքը: Ով չի մասնակցում միասնական խորհրդակատարութեանը, սրտով ամբարտաւան է, եւ արդէն իսկ կայացրել է իր դատաստանը, քանզի գրուած է. «Աստուած հակառակ է ամբարտաւաններին»: Ոմանք սովոր են, վատագոյն խաբէութեամբ, շարունակ կրկնել Տիրոջ Անունը, բայց յետոյ Աստծուն անարժան գործեր են կատարում: Պէտք է խուսափէք այդպիսիներից, ինչպէս վտանգաւոր գազաններից. կատաղած շներ են, որ կծում են անսպասելիօրէն: Պէտք է զգոյշ լինէք, քանի որ նրանց հասցրած վէրքերը դժուարութեամբ են բուժւում: Միայն մէկ բժիշկ կայ, մարմնեղէն եւ հոգեղէն, ծնուած եւ անծին, արարուած մարմնի մէջ՝Աստուած, մահուան մէջ՝ ճշմարիտ Կեանք, ծընւած՝ Մարիամից եւ Աստծուց, նախ՝ չարչարելի, ապա՝ անչարչար. Յիսուս Քրիստոս, մեր Տէրը:
Անձս զոհաբերում եմ ձեր համար: Ոչ ոք, ուստի, թող չխաբի ձեզ, ինչպէս արդէն իսկ չէք թողնում, որ խաբեն ձեզ, քանի որ դուք ամբողջովին Աստծունն էք: Եթէ ձեր մէջ չկարողանայ ներթափանցել ձեզ նեղելու ու չարչրկելու ի զօրու որեւիցէ մի վէճ, ուրեմն դուք ապրում էք Աստծոյ համաձայն: Ես քաւութեան զոհ եմ ձեր համար եւ անձս զոհաբերում եմ ձեր համար, ո՜վ Եփեսացիներ. դուք՝ յաւիտեան անւանի Եկեղեցի: Միայն բնութեամբ շարժուող մարդը չի կարող հոգեւոր գործեր կատարել, ո՛չ էլ հոգեւոր մարդը՝ սոսկ մարդկային գործեր. այնպէս՝ ինչպէս ո՛չ հաւատքը կարող է անհաւատութեան գործեր ծնել, ո՛չ էլ անհաւատութիւնը՝ հաւատքի գործեր: Սակայն, այն գործերը եւս, որ կատարում էք ըստ մարդկային բնութեան, հոգեւոր են, քանի որ դուք ամէն բան կատարում էք Քրիստոսի մէջ:
Իմացայ, որ ձեր մօտով անցել են չար ուսմունք կրող ոմանք: Նրանց թոյլ չէք տուել ձեր մէջ սերմանել իրենց սխալները, այլ փակել էք ձեր ականջները, որպէսզի չընդունէք այն՝ ինչ նրանք տարածում են: Դուք, արդարեւ, Հօր տաճարի քարերն էք, սահմանուած՝ Հայր Աստծոյ շինարարութեանը, վերամբարձուած՝ Յիսուս Քրիստոսի բեռնաբարձ վերելակով, որ Խաչն է, որպէս պարան գործածելով Սուրբ Հոգին: Ձեր հաւատքն է ձեր լծակը, սէրն է ճանապարհը, որ առաջնորդում է դէպի վեր, առ Աստուած: Բոլորդ էլ, ուստի, ճանապարհորդակից ընկերներ էք, Աստծուն կրողներ, տաճարը կրողներ, Քրիստոսին կրողներ, սրբութիւն կրողներ. բոլորդ էլ ամբողջովին զարդարուած էք Յիսուս Քրիստոսի պատուիրաններով: Եւ ես ուրախ եմ, որ արժանի համարուեցի մի քիչ խօսակցելու ձեր
հետ, ձեզ գրելով այս խօսքերը, եւ մասնակցելու ձեր ուրախութեանը, քանի որ նոր կեանքին կերպարանակից լինելով՝ դուք սիրում էք միմիայն Աստծուն:
Վերջին ժամանակներն են: Պատկառենք, ի վերջոյ, եւ երկիւղով մերձենանք Աստծոյ երկայնամտութեանը, որպէսզի մեր համար այն չփոխուի դատապարտութեան: Ուստի, ջանանք կա՛մ երկնչել «գալիք բարկութիւնից», կա՛մ էլ սիրենք ներկայ շնորհը: Երկուսից մէկը: Միակ բանը, որն իրօք կարեւոր է, Յիսուս Քրիստոսի մէջ գտնուելն է, ճշմարիտ կեանքը վայելելու համար:
Սուրբ Իգնատիոս Անտիոքացի հայրապետի նամակներից.
Օրվա ընթերցվածք.
Ա.Կորնթ. 12:8-27
8Մէկին Հոգուց տրուած է իմաստութեան խօսք, միւսին՝ գիտութեան խօսք՝ նոյն Հոգուց, 9միւսին՝ հաւատ՝ նոյն Հոգով, միւսին՝ բժշկումների շնորհ՝ նոյն Հոգով,10միւսին՝ զօրաւոր գործերի կարողութիւններ, միւսին՝ մարգարէութիւն, միւսին՝ հոգիները զանազանելու շնորհ, միւսին՝ տեսակ-տեսակ լեզուներով խօսելու շնորհ, միւսին՝ լեզուների թարգմանութեան շնորհ։11Բայց այս ամէնը միեւնոյն Հոգին է առաջացնում եւ բաժանում իւրաքանչիւրին՝ ինչպէս որ կամենում է։12Ինչպէս մէկ է մարմինը եւ ունի բազում անդամներ, եւ մարմնի այդ բազում անդամները բոլորը մէկ մարմին են, այնպէս էլ՝ Քրիստոս. 13քանզի մէ՛կ Հոգով մէ՛կ մարմին լինելու համար մկրտուեցինք մենք ամէնքս՝ թէ՛ հրեաներ, թէ՛ հեթանոսներ, թէ՛ ծառաներ, թէ՛ ազատներ. եւ բոլորս էլ այդ մէ՛կ Հոգին խմեցինք։14Այսպէս, մարմինը մէկ անդամ չէ, այլ՝ բազում։ 15Եթէ ոտքն ասի՝ քանի որ ձեռք չեմ, այդ մարմնից չե՛մ, դրանով չի դադարում նոյն մարմնից լինելուց։ 16Եւ եթէ ականջն ասի՝ քանի որ աչք չեմ, այդ մարմնից չե՛մ, դրանով չի դադարում նոյն մարմնից լինելուց. 17եթէ ամբողջ մարմինը աչք լինէր, ո՞ւր կը մնար ականջը. եւ եթէ ամբողջ մարմինը ականջ լինէր, ո՞ւր կը մնար հոտոտելիքը։ 18Բայց արդ, Աստուած դրեց անդամները, նրանցից ամէն մէկը՝ մարմնի մէջ, ինչպէս որ կամեցաւ։ 19Իսկ եթէ ամբողջը մէկ անդամ լինէր, ո՞ւր կը մնար մարմինը։ 20Բայց արդ, բազում անդամներ կան, սակայն՝ մէկ մարմին։ 21Աչքը չի կարող ասել ձեռքին, թէ՝ ինձ պէտք չես. եւ կամ նոյն ձեւով գլուխը՝ ոտքերին, թէ՝ ինձ պէտք չէք։ 22Եւս առաւել, մարմնի այն անդամները, որ թւում է, թէ աւելի տկար են, կարեւորնե՛րն են. 23եւ նրանք, որ թւում է, թէ մարմնի համար աւելի անարգ են, առաւելագո՛յն պատիւ ենք անում նրանց. եւ մեր ամօթոյքները առաւել եւս անհրաժեշտ է պարկեշտութեամբ ծածկել։ 24Բայց մեր պարկեշտ անդամները այդ չեն պահանջում։ Որովհետեւ Աստուած կազմեց մարմինը եւ նուազ պատուաւորին առաւել պատիւ տուեց,25որպէսզի մարմնի մէջ բաժանումներ չլինեն, այլ որպէսզի այդ անդամները նոյն հոգը տանեն միմեանց նկատմամբ։ 26Եւ եթէ մի որեւէ անդամ ցաւ է զգում, նրա հետ ցաւ են զգում բոլոր անդամները. եւ եթէ մի անդամը փառաւորւում է, նրա հետ ուրախանում են բոլոր անդամները։ 27Արդ, դուք մարմինն էք Քրիստոսի եւ անդամներ՝ նրա անդամներից։