ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Հոգևոր քարոզներ 2019
Ինչպես պետք չէ՛ աղոթել.
Ավետարանն այս մասին բացահայտ թելադրանքներ ունի: Նախ ասում է, որ ցուցադրելու, երևալու համար չպետք է աղոթել: Հիսուս սովորեցնում է. «Եվ երբ աղոթես, չլինես կեղծավորների նման, որոնք սիրում են ժողովարաններում և հրապարակների անկյուններում աղոթքի կանգնել, որպեսզի մարդկանց երևան. ճշմարիտ եմ ասում ձեզ, ա՛յդ իսկ է նրանց վարձը», այսինքն` ցուցադրելու համար աղոթողների վարձը մարդկանցից գնահատվելն է, թե աղոթասեր են: Իսկ Աստծուց ոչ վարձ և ոչ էլ պատասխան են ստանում, քանի որ նրանց նպատակն Աստծուն աղոթելը չէր, այլ մարդկանց աղոթող երևալը: Փառք Աստծո, ենթադրում ենք, որ «հրապարակների անկյուններում» աղոթողները վաղուց վերացվել են հրապարակներից, քանի որ այնտեղ նրանց ապրանքն այլևս ոչ ոք չի գնում: Սակայն «ժողովարաններում» (աղոթավայրերում) ցուցադրելու համար աղոթողների սերունդը դեռ չի սպառվել:
Գրեթե յուրաքանչյուր պաշտամունքի ընթացքում հանդիպում ենք նրանց: Առհասարակ բոլորս էլ զգում ենք, թե ո՛վ է Աստծո առաջ ու սրտանց աղոթում, և ո՛վ է մարդկանց առաջ ու երեսպաշտորեն աղոթում: Դարձյալ ենթադրում ենք, որ ոչ մի լուրջ մարդ որևէ ձևով չի գնահատում ցուցադրելու համար կատարվող այս շարժուձևերը, ընդհակառակը, միայն արգահատանք է ունենում այդպես աղոթողի հանդեպ: Եթե գնահատողներ կան, նրանք էլ կա՛մ նրանց նման երեսպաշտներ են, կա՛մ աղոթքի արհեստավորներ, որոնք աղոթքի ոգուց արդեն վաղուց են պարպված` լիովին
պահելով հանդերձ և միատեղ պաշտոնապես կիրարկելով աղոթքի արտաքին ձևերը միայն: Եթե աղոթք ցուցադրելու համար ծնկի եկողների և ձեռքերը բարձրացնողների վարձը մարդկային մակերեսային գնահատանքն է կամ գիտակից անձերի արգահատանքը, ի՞նչ պիտի լինի նրանց վարձը, ո՛վ Տեր, ովքեր, գիտես, որ հաճախ աղոթարան են գալիս իրենց կամ արդուզարդը ցուցադրելու համար...
Հիսուսն Իր հետևորդներին զգուշացնում է նաև աղոթքի մեկ ուրիշ սխալ ձևից: «Աղոթք անելիս, -ասում է Նա,-շատախոս մի՛ լինի ինչպես հեթանոսները, որովհետև նրանք կարծում են, թե իրենց շատ խոսքերի պատճառով լսելի կլինեն: Արդ, նրանց չնմանվե՛ք, որովհետև ձեր Հայրը գիտի, թե ինչ է ձեզ պետք, նախքան որ դուք Նրանից մի բան ուզեք»:
Այս կետի վերաբերյալ լուրջ և այժմեական հարց է առաջանում: Հավանաբար իրենց առանձնական աղոթքի մեջ «շատ խոսողներ» չեն մնացել, սակայն նույնը չենք կարող ասել հավաքական աղոթքի համար: Տարակույսից վեր է, որ մեր այժմեական պաշտամունքները չափազանց երկար են: Մեր հանդիսավոր կամ տոնական օրերի ժամերգությունները, ս. Պատարագով միատեղ, երեք կամ չորս ժամից պակաս չեն տևում: Մեծ տոներին հասնում և անցնում են հինգ ժամի սահմանը: Ուրեմն, արդյո՞ք մեր արածն էլ շատախոսություն չէ... Չաճապարենք, սակայն, դրական կամ ժխտական եզրակացությունների հանգել և վճիռներ արձակել: Ընդհանուր մի ակնարկ նետենք խնդրի զանազան երեսներին: Նախ չմոռանանք, որ Հիսուսի նկատողությունն առանձնական աղոթքի մասին է: Ընդդեմ փարիսեցիական այն սովորության, որով նրանք «պատրվակներով երկարում են աղոթքը», այսինքն` Աստծուց զանազան պարգևներ էին խնդրում, որովհետև դրանց պետքն ունեին, որպեսզի
դրանք զանազան բարի նպատակների համար գործածեն... Եվ այսպես` որովհետևների և որպեսզիների անհատնում պատրվակներով ոչ միայն աղոթքն իր վերջին չէր բերվում, այլ նաև ոգուց պարպվում էր և, ի վերջո,նպատակին չէր ծառայում: Սրանից բացի, պատրվակներով երկարացված այս աղոթքով անուղղակիորեն և անգիտակցաբար Աստծուն անգետի տեղ դնելու ամբարշտությունն էր գործվում, որպես թե Նա լուր չուներ երկրի կամ աղոթողի ներաշխարհի անցուդարձից, և, հետևաբար, փարիսեցին պետք էր զգում դրանք պատճառաբանված բացատրությամբ Աստծուն հիշեցնելու: Հետևաբար, Հիսուսի դատապարտածը այս դատարկ, եսասեր ու տգետ շատախոսությունն է, որն անպատճառ նույնը չէ ժամերով վերացած ու տարված աղոթելու հետ, ինչը կարող է «հոգով և ճշմարտությամբ» լինել: Պետք է հիշել, որ Հիսուսն էլ, պատահել է, երբեմն ժամերով աղոթել է.«Լեռ բարձրացավ աղոթելու և ամբողջ գիշերն անցկացրեց Աստծուն աղոթելով» (Ղուկ. Զ(6) 12): Մեր առաջադրանքը լոկ Մեծ պահքի կիրակիների խորհուրդի շուրջ ընդհանուր խորհրդածություններ անելն է: Հարցի կապակցությամբ միայն կարող ենք ասել, որ ամբարշտություն կլինի մեր ժամերգությունները
«հեթանոսական շատախոսություն» կոչել: Բայց դրանք այդ վտանգին են ենթարկվում, եթե լոկ մեքենայաբար ենք կատարում և թութակաբար ասում, առանց մեր միտքը և հոգին ընկերացնելու այն կենսատու ոգուն ու իմաստին, որ կա յուրաքանչյուր աղոթքում և յուրաքանչյուր շարականի գրեթե ամեն տողում:
Շնորհք արքեպիսկոպոս Գալուստյան
«Մեծ պահքի կիրակիների ոսկե շղթան»
Օրվա ընթերցվածք.
Պողոս առաքյալի Ա թուղթը կորնթացիներին 12.1-7
1 Գալով հոգեւոր շնորհներին, եղբայրնե՛ր, չեմ ուզում, որ չգիտենաք: 2 Գիտէք, որ մինչ հեթանոսներ էիք, ինչպէ՜ս էիք գնում-գալիս անխօս կուռքերի մօտ: 3 Ուստի յայտնում եմ ձեզ, որ ոչ ոք, ով Աստծոյ Հոգով է խօսում, չի ասի, թէ՝ «Նզովեալ է Յիսուս». եւ ոչ ոք չի կարող ասել՝ «Յիսուս Տէր է», եթէ ոչ՝ Սուրբ Հոգով: 4 Թէեւ կան շնորհների զանազանութիւններ, բայց պարգեւող Հոգին նոյնն է: 5 Թէեւ կան զանազան պաշտօններ, բայց բոլորն էլ Տիրոջն են ծառայում: 6 Թէեւ կան գործելու զանազան կարողութիւններ, բայց նոյնն է Աստուած, որ գործում է ամէն բան ամէնքի մէջ: 7 Բայց իւրաքանչիւրին տրուած է Հոգու յայտնութիւն իւրաքանչիւրի օգուտի համար: