ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Հոգևոր քարոզներ 2019
Այսօր 6-րդ կիրակին է, որ կոչվում է Գալստյան, բայց քանի որ Սուրբ Մարիամ Աստվածածնի Ավետման տոնը անշարժ տոներից է, համընկել է Գալստյան կիրակիին, հետևաբար Սուրբ Պատարագը կմատուցվի բաց Խորանով և կլինի Սուրբ Հաղորդություն:
Մեր օրը ամբողջությամբ նվիրենք մարդկության Հավերժ Բարեխոսին.Այսօր մեր Եկեղեցին տոնում է Սուրբ Մարիամ Աստվածածնին նվիրված յոթ տոներից մեկը` Ավետումը: Այսպես է կոչվում Սուրբ. Մարիամ Աստվածածնին` Գաբրիել հրեշտակի կողմից ավետիս բերելու իրադարձությունը: Հրեշտակը, հայտնվելով Կույս Մարիամին, ասաց նրան, որ նա պիտի հղիանա Սուրբ Հոգուց և ծնի աշխարհի Փրկչին. «Ուրախացի՛ր, ո՛վ շնորհընկալ, Տերը քեզ հետ է, օրհնյալ ես դու կանանց մեջ: ....Ահա դու կհղիանաս ու կծնես մի որդի և Նրա անունը Հիսուս կդնես: Նա մեծ կլինի և Բարձրյալի Որդի կկոչվի» Ղուկ. 1.28-32:
Շնորհավորում եմ Մարիամ անունը կրող անձանց` իրենց անվանակոչության օրվա առթիվ և հայցում եմ Աստվածածնի բարեխոսությունը բոլորիս կյանքում`շնորհ գտնել Աստծու առաջ խոնարհությամբ, հեզությամբ, հնազանդությամբ, պատրաստակամությամբ, ինչպես մեր շատ սիրված Սուրբ Կույսը:
Եթե մտովի անդրադառնանք Մարիամ Աստվածածնին նվիրված յոթ տոներին, կտեսնենք թե յուրաքանչյուրի խորքում ինչ զարմանալի նախախնամություն կա Աստվածածնի կյանքի հետագա ընթացքի համար: Սուրբ Կույսի մոր հղացումը Աստծո մեծագույն պատասխան պարգևն էր Աննայի ու Հովակիմի ջերմեռանդ աղոթքի: Մարիամի ծնունդը նախապատրաստություն էր Փրկչի աշխարհ գալու, Նրա տաճարի ընծայումը սրբագործվելու գործընթացն էր, Ավետումը` խոնարհության, հեզության և հնազանդության նախապատրաստումն էր ընտրյալ լինելու:
Սուրբ Աստվածածինը այնքան սիրված ու գնահատված է, որ մինչև անգամ նրա գոտու ու տուփի գտնվելը տոնի է վերածվել: Իսկ ամենակարևորը` Աստվածածնի վերափոխումը լրումն է բոլոր տոների, գնահատականն ու վարձատրությունն է նրա սրբության, Որդու չարչարանքները արիաբար տանելու և հավերժ բարեխոս լինելու և մնալու: Այստեղ է մեծագույն խորհուրդը վարձատրության, որ Աստված խոստանում է Իրեն հավատացողներին, ասելով Իմ մայրը նա է ով լսում և պահում է Իմ խոսքը: Եթե մենք երբևէ համեմատենք Աստվածածնի կյանքի փուլերը մեր կյանքի հետ, կամաչենք մեր ապրած կյանքից ու ակամայից կասենք.
Ի՜նչ նորաձևություն, ի՜նչ շքեղություն, ի՜նչ նախապատիվ աթոռներ, ի՜նչ դատարկ մեծարանքի խոսքեր, որ երբեմն լսում ենք մեր ծննդյան տոներին: Միայն սրբերի հետ համեմատվելիս կտեսնենք մեր իրական գնահատականը, ու Աստվածածնից կխնդրենք միայն խոնարհություն և հնազանդություն: Դարձյալ փառք Աստծո, որ մեզ համար որպես օրինակ ունենք Սուրբ Կույս Աստվածածնին, Փառք Որդուն, որ մեզ հնարավորություն տվեց հավիտենական բարեխոս ունենալ Իր Սուրբ Մորը: Ամենասուրբ Երրորդությանը փառք ու պատիվ հավիտյան:
Իսկ Գալստյան կիրակին որ խորհուրդն է մեր Տիրոջ Երկրորդ Գալստյան, գնանք Տիրոջն ընդառաջ, սթափ նայենք ապագային Աստվածաշնչի լույսի տակ, ոչ թե գուշակների մեկնաբանությունների: Անցյալում բոլորը եղավ, ինչ գրված էր մարգարեների միջոցով, ներկան մեր աչքի առջև է, մեր անհանգստությունը պետք է լինի ապագան` մեր Տիրոջ Երկրորդ Գալուստը, երբ պիտի գա Հոր փառքով դատելու աշխարհը: Մենք ունենք հրահանգ մեր Տիրոջից պատրաստ լինելու, հատուցելու համար ըստ մեր գործերի: Հեշտալի ախտերը և անօգուտ գործերը մեզ հեռացնում են իրական ճշմարտությունից: Մենք հաճույքով մեր ականջը տրամադրում ենք մի գուշակի լսելու համար նրա արհեստավարժ բարբաջանքը անցյալի ներկայի և իբր` գալիքի մասին, սակայն դժվարանում ենք ամեն օր մի գլուխ կարդալ Աստվածաշնչի անսուտ խոսքից, որ կատարվում է մինչև օրս մեծագույն ճշտությամբ, որովհետև այն Աստծու խոսք է, ոչ մարդու: Իսկ Աստված Հավատարիմ է Իր խոսքի հանդեպ: Ինչպես չենք տարակուսում, որ ծագում է արևը, այնպես էլ պետք չէ տարակուսենք մեր Տիրոջ Երկրորդ Գալուստի մասին: Աստված սիրեց աշխարհը և ուղարկեց Իր Միածնին մարդու փրկության համար, և Երկրորդ անգամ կուղարկի փրկությունը չգնահատողին դատելու համար: Հիսուս մի օր խոսեց Երուսաղեմի Տաճարի կործանման մասին: Պետրոսը, Հակոբոսը, Հովհաննեսն ու Անդրեասը մոտեցան Հիսուսին և ասացին. «Ասա՛ մեզ, վարդապե՛տ, ե՞րբ կլինի այդ և ինչպե՞ս կկատարվի»: Իսկ Հիսուսը նրանց պատասխանեց. «Այդ օրվա և ժամի մասին ոչ ոք չգիտի, ո՛չ հրեշտակները, ո՛չ էլ Որդին, այլ միայն Հայրը»: Ապա նկարագրեց, թե ինչպես կկատարվի Որդու երկրորդ գալուստը: Այդ օրերին արեգակը կխավարի, և լուսինը կդադարի լույս տալ: Երկնքի աստղերը մեկ-մեկ վայր կթափվեն երկնքից: Եվ բոլոր ազգերը կտեսնեն, թե ինչպես ամպերի վրա բազմած՝ գալիս է Մարդու Որդին՝ զորությամբ և մեծ փառքով: Եվ այն ժամանակ կուղարկի հրեշտակներին աշխարհի չորս կողմը, որ փողեր հնչեցնելով՝ ձայն տան բոլոր ընտրյալներին, որպեսզի շտապեն հավաքվել Մարդու Որդու մոտ: Նա կիջնի երկնային Իր բարձունքներից՝ դատելու արդարներին և մեղավորներին: Եվ կնստի Մարդու Որդին իր փառքի գահին, իսկ Նրա առջև կհավաքվեն բոլոր ազգերը, և Նա արդարներին իր աջ կողմում կկանգնեցնի, իսկ մեղավորներին՝ ձախ: Ապա դառնալով աջ կողմում կանգնածներին՝ կասի. «Եկե’ք, իմ Հո’ր օրհնյալներ, ժառանգե՛ք երկնքի արքայությունը, որովհետև կարիքավորի նկատմամբ բարի գտնվեցիք, քաղցածին ուտելիք տվեցիք, հիվանդին խնամեցիք, ծարավածին ջուր խմեցրիք, օտարին ձեր մեջ առաք»: Իսկ ձախ կողմում կանգնածներին կասի. «Անիծյալնե՛ր, գնացե՛ք դեպի հավիտենական տանջանք, որովհետև կարիքավորի նկատմամբ բարի չգտնվեցիք, քաղցածին ուտելիք չտվեցիք, հիվանդին չխնամեցիք, ծարավածին ջուր չխմեցրիք, օտարին ձեր մեջ չառաք»: Եվ երբ իր դատն ավարտի, մեղավորները կմատնվեն հավիտենական տանջանքի, իսկ արդարները հավիտենական կյանք կստանան: Եվ այլևս չի լինի ո՛չ հիվանդություն, ո՛չ մահ: Տերը մեզ արժանացրեց անցնել նաև Գալստյան կիրակիի խորհրդի միջով: Այժմ մենք ամրապնդենք նախորդ կիրակիների դասերից մեր ձեռք բերածը և ուժ խնդրենք շարժվելու դեպի Ծաղկազարդ և դեպի ծանր Ավագ շաբաթ, որի յուրաքանչյուր օրն ունի իր հատուկ խորհուրդը: Քայլենք մեր ճանապարհը խոնարհաբար, և խորհենք Պողոս Պատրիարքի այս իմաստուն խոսքերի մասին`ուղղված մեզ: «Եթե մարդ խորհի, թե ինքն ինչ էր առաջ, ինչ է այժմ և ինչ է լինելու ապագայում, բնավ չի կարողանա հպարտանալ: Քանզի սկիզբն անարգ նյութից է, ծնունդը՝ ցավերով, ապրելը՝ տառապանքով, իշխանությունը՝ անօգուտ, փառքը՝ վաղաթառամ, կյանքը՝ կարճատև, մահը՝ հարկադիր, մարմինը՝ ապականացու և որդերի կերակուր: Այս բոլորից և այլ բաներից ևս մարդ դյուրավ կարող է իր բնության թշվառ լինելը հասկանալ և խոնարհ դառնալ»:
Օրվա ընթերցվածք.
Պողոս առաքյալի Բ թուղթը կորնթացիներին 6.16-7.1
Արդարեւ, կենդանի Աստծոյ տաճար էք դուք, ինչպէս ասաց Աստուած. «Պիտի բնակուեմ նրանց մէջ ու պիտի ընթանամ նրանց միջով եւ նրանց Աստուածը պիտի լինեմ, եւ նրանք պիտի լինեն իմ ժողովուրդը: Դրա համար դո՛ւրս եկէք նրանց միջից եւ հեռո՛ւ մնացէք,– ասում է Տէրը,– եւ մի՛ դիպէք պիղծ բաների. եւ ես պիտի ընդունեմ ձեզ. եւ ես պիտի լինեմ ձեզ համար Հայր. եւ դուք պիտի լինէք ինձ համար որդիներ եւ դուստրեր»,– ասում է Ամենակալ Տէրը: Սիրելինե՛ր, եւ որովհետեւ այս խոստումն ունենք, մաքրենք մենք մեզ մարմնի եւ հոգու ամէն պղծութիւնից, կատարեալ դարձնենք սրբութիւնը Աստծոյ երկիւղով:
Post Views: 1,151