ԼԴ (34) Օր Մեծ Պահք. Տոն. Սուրբ Գրիգոր Լուսավորչի մուտքը` Վիրապ.

ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ


Հոգևոր քարոզներ 2019

Երբ Մեծ Հայքի Տրդատ արքան վերադարձավ հունաց կողմերից և, պարտության մատնելով պարսից մեծաքանակ զորքը, վերանվաճեց հայրենի տերությունը, իր այս հաղթանակը վերագրեց հեթանոս աստվածների զորությանը և իշխանների ու մեծամեծների հետ եկավ զոհեր մատուցելու Անահիտի մեհյանում: Թագավորական շքախմբի մեջ էր նաև Գրիգորը, ով դեռ օտարության մեջ, կամավոր, հնազանդությամբ սպասավորում էր Տրդատին: Երբ Գրիգորը հրաժարվեց ոստեր ընծայել Անահիտի արձանին, թագավորը կանչեց Գրիգորին և ասաց. «Դու այսքան տարի հավատարմությամբ ծառայել ես ինձ, և ես մտադիր եմ վարձատրել քեզ, բայց դու պետք է պաշտես այն աստվածներին, որոնց ես եմ պաշտում»: Եվ հրաման տվեց Գրիգորին, որ պսակներ ու ծառերի թավ ճյուղեր նվիրաբերի Անահիտ դիցուհուն: Իսկ Գրիգորը պատասխանեց նրան և ասաց. «Դուք միակ, ճշմարիտ Աստծո ստեղծած բարիքներն եք վայելում և նրան երկրպագելու փոխարեն պաշտում եք ձեր իսկ ստեղծած կուռքերը, որոնք ոչինչ են, ո՛չ չար և ո՛չ էլ բարի գործեր կարող են անել»: Այս խոսքերից սաստիկ զայրացավ Տրդատ արքան և սպառնագին ասաց. «Չեմ ներելու իմ աստվածներին հասցրած անարգանքը և քո հանդգնության համար պատժելու եմ քեզ»: 12 տեսակ անտանելի տանջանքների ու խոշտանգումների ենթարկվեց Գրիգորը, բայց համբերությամբ ու աղոթքով դիմացավ և չդադարեց երկրպագել իր Փրկչին` Հիսուս Քրիստոսին: Երբ թագավորը տեսավ, որ զուր են բոլոր պատիժները, հրամայեց իջեցնել նրան Արտաշատ բերդի խոր վիրապը (այսինքն՝ փոսը), ուր չարագործներին էին նետում:
Հեղձուցիչ, խորունկ այդ գբում, օձերի ու կարիճների մեջ, առանց հաց ու ջրի ոչ ոք չէր կարող կենդանի մնալ: Բայց Աստված մենակ չթողեց իր ընտրյալին: Այրի մի կին երազում հրաման ստացավ խոր վիրապում բանտվածին ամեն օր մի նկանակ հաց բերել: Այդպես, Տիրոջ կամքով Գրիգորն անվնաս մնաց մահապարտների այդ վիրապում 13 տարի՝ մինչև իր փառավոր ելքը: Գրիգորի հոգին չտկարացավ խոր վիրապում, որովհետև նրա տանջանքներն ու նեղությունները Աստծուն փառաբանելու և Նրա խոսքը տարածելու համար էին:
Ս. Հռիփսիմյան կույսերի նահատակությունից հետո, երբ Տրդատը պատժվեց ու այլևս չէր կարող կառավարել երկիրը, նրա քրոջը տեսիլքի միջոցով հայտնվեց, որ թագավորին և գահը կարող է փրկել միմիայն Գրիգորը: Այդժամ նրան, հանելով փոսից, որտեղ սուրբը հրաշքով անվնաս էր մնացել 13 տարի, բերեցին Վաղարշապատ: 65 օր շարունակ նա բոլորին քարոզեց Քրիստոսի հավատը, նաև Աստծուց իրեն շնորհված զորությամբ բժշկեց Տրդատին: Ապա տեսիլքով ս. Գրիգորին ցույց տրվեց կույսերի վկայարանների և կառուցվելիք տաճարի տեղը: Այդ շինարարությանը՝ իբրև աստվածահաճո գործի, մասնակցեց ինքը արքան՝ ջանալով այդ կերպ քավել իր մեղքերը: Այնուհետև ս. Գրիգորը մեծ շքախմբով մեկնեց Կեսարիա, որտեղ ձեռնադրվեց հայոց հայրապետ: Հայաստան վերադառնալով՝ նա Եփրատի վտակ Արածանի գետում մկրտեց հայոց արքային և ողջ ժողովրդին՝ այսպիսով հաստատելով հայոց դարձը հեթանոսությունից: Սուրբ Գրիգորին մեծապես աջակցում էր հայոց նորադարձ արքան: Նրա ջանքերով քրիստոնեությունը սկսեց տարածվել Հայաստանում և 301-ին հռչակվեց իբրև պետական կրոն:
Կյանքի վերջին շրջանում ս. Գրիգոր Լուսավորիչն առանձնացավ Բարձր Հայքի Դարանաղյաց գավառի Սեպուհ լեռան վրա գտնվող Մանյա այրք կոչված վայրում, որտեղից թագավորի թախանձանքներով վերադարձավ կարճ ժամանակով և իր փոխարեն կաթողիկոս կարգեց կրտսեր որդուն՝ Արիստակեսին, որին էլ հետագայում հաջորդեց ավագը՝ Վրթանեսը: Մեզ են ավանդվել Լուսավորչի հանրահայտ «Վարդապետությունը» և «Հաճախապատում» ճառերի գիրքը, որոնք բովանդակում են նրա ուսմունքը հավատի և բարեպաշտության մասին:
Գրիգոր Լուսավորչի՝ վիրապը նետվելու հիշատակը մեր Եկեղեցին ամեն տարի կատարում է Մեծ Պահքի վեցերորդ կիրակիին նախորդող շաբաթ օրը:

Բարձրաձայն աղոթքով քո հիշատակն ենք տոնում մեր հոգիների Լուսավորիչ Հայր Գրիգոր: Հայոց հավատքի ընտիր Հայր, ճգնողական վարքով Տեր Գրիգոր, Սուրբ մարմնիդ սրունքները կոճղերի մեջ ոլորվելով արյունով պարպվեցին մեզ հավատքի վեմի վրա հաստատելով: Բարեխոսիր մեզ համար Տիրոջ առջև:

Մեր Սուրբ Գրիգոր Լուսավորչի աղոթքը

Փրկի՛չ աշխարհի Քրիստոս, աղաչում եմ Քեզ, նայի՛ր ինձ եւ ողորմի՛ր ինձ, փրկի՛ր ինձ իմ բազում անօրէնութիւններից, քանզի անարգեցի բոլոր բարիքները, որ շնորհեցիր ինձ իմ մանկութիւնից ի վեր:  Ինձ՝ տխմարիս, տգէտիս եւ յիմարիս, դարձրեցիր գիտութեամբ լի անօթ, Քո շնորհն առատացաւ իմ մէջ եւ յագեցրեց իմ քաղցն ու զովացրեց իմ ծարաւը, լուսաւորեց իմ խաւարած միտքը, թափառումներից հաւաքեց իմ խորհուրդները եւ լցրեց իմ սիրտը: Այժմ երկրպագում եւ աղաչում եմ, ծունկի գալիս եւ հայցում՝ վկայելով Քո բարերարութեան մասին. կատարի՛ր ինձ համար Քո շնորհի խոստումը եւ պահի՛ր այն Քո գանձի մէջ, որպէսզի դարձեալ տաս ինձ այն Օրը: Մի՛ բարկանա ինձ վրայ, Մարդասէ՛ր, քանզի չեմ դիմանում Քո սպառնալիքներին: Ուստի թախանձելով աղաչում եմ, քանզի չափից առաւել առատացաւ շնորհն իմ մէջ, քանի որ լեզուս տկարացաւ՝ չկարողանալով խօսել Քո շնորհի մասին: Սարսափեց նաեւ իմ միտքը՝ չտանելով նրա ալիքների բազմութիւնը: Օրհնուած Հօրդ կերպարա՛նք եւ ճառագա՛յթ, դադարեցրո՛ւ դէպի ինձ եկող շնորհի հոսանքները, քանզի ինչպէս բորբոքուած հուր բոցակիզում են իմ երիկամներն ու սիրտը: Յետոյ այնտեղ դարձեալ պարգեւի՛ր ինձ այն եւ պահի՛ր ինձ Քո արքայութեան մէջ, մի՛ յիշիր իմ անօրէնութիւնները, յանդգնում եմ հայցել՝ տո՛ւր ինձ իմ խնդրածները, եւ Յայտնութեան Օրն իմ օթեւանը թող օրհնուի Քո Հօր կողմից: Շնորհի՛ր ինձ, Քրիստո՛ս, իմ հայցուածերը, քանզի միայն Դու ես ինձ կեանք տուողը: Եւ Քեզ փա՜ռք յաւիտեանս յաւիտենից. ամէն:

Օրվա ընթերցվածք.

Ավետարան ըստ Մատթեոսի 16.24-28
Այն ժամանակ Յիսուս իր աշակերտներին ասաց. «Եթէ մէկը կամենում է հետեւել ինձ, թող ուրանայ իր անձը, վերցնի իր խաչը եւ գայ իմ յետեւից.  որովհետեւ ով կամենայ իր անձը փրկել, այն կկորցնի. եւ ով ինձ համար իր անձը կորցնի, կգտնի այն:  Ի՛նչ օգուտ կունենայ մարդ, եթէ այս ամբողջ աշխարհը շահի, բայց իր անձը կործանի: Կամ՝ մարդ իր անձի փոխարէն ի՞նչ փրկանք պիտի տայ.  քանի որ մարդու Որդին գալու է իր Հօր փառքով՝ իր հրեշտակների հետ միասին եւ այն ժամանակ իւրաքանչիւրին կհատուցի ըստ իր գործերի:  Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ այստեղ գտնուողների մէջ կան ոմանք, որոնք մահը չեն ճաշակի, մինչեւ որ չտեսնեն մարդու Որդուն՝ եկած իր արքայութեամբ»: