ԼԳ ՕՐ Մեծ Պահքի

ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ


Հոգևոր քարոզներ 2019

Տաս գլխավոր նշաններ Սուրբ Գրքից, որոնք հատուկ են ընտրյալներին.
Օրհնյալ ես Տեր Աստված մեր, որ ամենայն ժամ մեզ հետ ես, և երբեք բաց չես թողնում նրանց ձեռքը, որոնք հավատով և ճշմարտությամբ Քեզ են ապավինում:
Մարդու կյանքը նման է մեծ Պահքի քառասունութ օրերի իրադարձություններին: Երբ մեկը չի ապրում ապաշխարության և զղջման այդ օրերը, իր կյանքի մասին քիչ բան գիտի, կամ առհասարակ ոչինչ չգիտի: Կարելի է ասել մեր ողջ կյանքի տևողությունը այդ օրերի մեջ է ամփոփվում... Նվազեցրու հետաքրքրությունդ աշխարհի նկատմամբ, քանի որ ինչով հետաքրքրվում ես, այն էլ իշխում է քեզ: Հետաքրքրվիր Աստծով և Նրա խոսքով, որում կա աշխարհի մասին և քո մասին մանրամասն գրված: Քո կյանքն է գրված այդ գրքում...
Տաս գլխավոր նշաններ Սուրբ Գրքից, որոնք հատուկ են ընտրյալներին.
Ա. Ով ուղիղ հավատ ու աներկբա հույս ունի, սիրում է Աստծուն ու ընկերոջը, Աստծուց երկնչում է և պահում Նրա բոլոր պատվիրանները, նախանձավոր է լինում Աստծու փառքին ու ջանք թափում ընկերոջ փրկության համար:
Բ. Ով բոլոր գործերում որպես իր վերջին նպատակ ունի Աստծու արքայությունը, չունի հարստության, փառքի, պատվի և աշխարհի բոլոր բաների անկարգ բաղձանք:
Գ. Ով հանուն Քրիստոսի անտրտունջ համբերում է բոլոր վշտերին ու փորձություններին, իրեն ու իրեն վերաբերող ամեն ինչ հանձնում է աստվածային տեսչությանը և ամեն ինչում համաձայնում
Աստծու կամքին:
Դ. Ով հեզ ու խոնարհամիտ է, ամենքին բարիք է կամենում և ոչ ոքի չարիք գործել չի խորհում, թշնամիներին ներում է և նրանց փրկության համար աղոթում:
Ե. Ով ամեն ժամանակ իր կարողության չափով ողորմություն է տալիս կարոտյալներին, խնամում հիվանդներին, օգնում փորձանավորներին, ուսուցանում տգետներին ու խրատում անխրատներին:
Զ. Ով իրեն բոլոր մարդկանցից մեղավոր է համարում, հոգու խոնարհությամբ զղջում մեղքերի համար, հաճախ խոստովանում ու ապաշխարում և արժանապես մոտենում հաղորդվելու Տիրոջ մարմնի
ու արյան կենարար Խորհրդին:
Է. Ով ըստ ամենայնի զգուշանում է մահացու մեղքերից, և որքան հնարավոր է, ներելի հանցանքներից, հեռանում է մեղքի պատճառից և իր զգայարաններն ամեն անվայել բանից հեռու պահում, մարմնավոր հաճույքներից ու փափկությունից փախչում և մարմինը պահքով ու ժուժկալությամբ ճնշում:
Ը. Ով հոժարամտությամբ ունկնդրում է հոգեշահ խրատներ և Աստծու պատգամները սրտի ուրախությամբ լսում ու ջանում է կատարել:
Թ. Ով ջերմեռանդությամբ մասնակցում է Սուրբ Պատարագին, անձանձիր կատարում է իր ամենօրյա աղոթքները, ապավինում սուրբ Աստվածածնին և նրան խնդրում բարեխոսել Աստծու առաջ:
Ժ. Ով միշտ խոկում է իր մահվան ու Աստծու դատաստանի, արքայության փառքի ու դժոխքի տանջանքների մասին:
Խրատի թանգարան.

Օրվա ընթերցվածք.

Երկրորդ օրենք 10.1-15

1 Այն ժամանակ Տէրն ինձ ասաց. “Երկու քարէ տախտակ կոփի՛ր նախկինների նման ու բարձրացի՛ր լեռը: Փայտից տապանակ պատրաստի՛ր քեզ համար, 2 եւ ես այդ տախտակների վրայ կգրեմ այն նոյն պատգամները, որ գրուած էին քո ջարդած առաջին տախտակների վրայ: Դրանք կդնես տապանակի մէջ”: 3 Ես կարծր փայտից տապանակ պատրաստեցի, առաջինների պէս երկու քարէ տախտակներ կոփեցի եւ բարձրացայ լեռը: Երկու տախտակներն իմ ձեռքին էին: 4 Նա նախկինում գրածի նման երկու տախտակների վրայ գրեց այն տասը պատուիրանները, որ Տէրը ձեզ հաղորդել էր լեռան վրայ, կրակի միջից, եւ Տէրը դրանք տուեց ինձ: 5 Ես նորից իջայ լեռից ու տախտակները դրեցի տապանակի մէջ. եւ դրանք այնտեղ են մնում, ինչպէս պատուիրել էր ինձ Տէրը: 6 Իսրայէլացիները Յակիմի որդիների Բերոթ բնակավայրից չուեցին դէպի Սադայի: Ահարոնը մեռաւ այնտեղ ու այնտեղ թաղուեց: Նրա որդի Եղիազարը քահանայ դարձաւ նրա փոխարէն: 7 Այնտեղից չուեցին դէպի Գադգադ, Գադգադից՝ դէպի Ետակա՝ ջրի վտակների երկիրը: 8 Այդ ժամանակ Տէրը Ղեւիի ցեղին առանձնացրեց, որ նրանք տանեն Տիրոջ ուխտի տապանակը, կանգնեն Տիրոջ առջեւ, ծառայեն նրան ու նրա անունով աղօթք անեն, ինչպէս որ լինում է մինչեւ այսօր: 9 Այդ իսկ պատճառով ղեւտացիներն իրենց եղբայրների մէջ բաժին ու ժառանգութիւն չունեն, քանի որ Տէրն ինքն է նրանց բաժինն ու ժառանգութիւնը, ինչպէս որ ասաց նրանց: 10 Քառասուն օր, քառասուն գիշեր ես մնացի լեռան վրայ, եւ Տէրն ինձ լսեց այս անգամ էլ ու չուզեց կոտորել ձեզ: 11 Տէրն ինձ ասաց. “Գնա՛, քայլի՛ր քո այդ ժողովրդի առջեւից, որպէսզի նրանք մտնեն ու ժառանգեն այն երկիրը, որ երդումով խոստացայ տալ նրանց հայրերին”: 12 Արդ, Իսրայէ՛լ, ի՞նչ է պահանջում քեզնից քո Տէր Աստուածը. միայն այն, որ երկնչես քո Տէր Աստծուց, ընթանաս նրա ցոյց տուած ճանապարհներով, սիրես նրան ու պաշտես քո Տէր Աստծուն քո ամբողջ սրտով, քո ամբողջ էութեամբ, 13 պահես քո Տէր Աստծոյ պատուիրաններն ու նրա օրէնքները, որ ես այսօր պատգամում եմ քեզ, որպէսզի քեզ համար լաւ լինի: 14 Երկինքն ու երկինքների երկինքը, երկիրն ու նրա մէջ գտնուող ամէն ինչ պատկանում են քո Տէր Աստծուն: 15 Տէրը, սակայն, բարեհաճ գտնուեց ու սիրեց ձեր հայրերին եւ նրանցից յետոյ ընտրեց ձեզ՝ նրանց յետնորդներին, բոլոր ազգերի միջից, ինչպէս որ տեսնում էք մինչեւ այսօր: