ԼԲ Օր Մեծ Պահքի.

ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ


Հոգևոր քարոզներ 2019

Ստուգի՛ր, պահքիդ նպատակը արդյոք չի՞ խախտվել.
Այսօր սովորենք զգուշության և արթնության դասը, որով Հայր Նիկոդեմոսը հոգևոր սթափության է հրավիրում մեզ, քանզի Աստված մեզ պատվիրում է.
«Կատարյալ եղե՛ք, ինչպես որ ձեր Երկնավոր Հայրը կատարյալ է»: Մատթ. 5:48:
Նա պահանջում է քրիստոնյաներից հասնել կատարելության լրման, կատարյալ լինել բոլոր առաքինություններում: Անկասկած, ամենքս էլ ուզում ենք հասնել այդ բարձրությանը, սակայն առանց նախապես տեղեկանալու, թե ինչումն է կայանում բաղձալի կատարելությունը, հնարավոր է և շեղվել ճշմարիտ ճանապարհից, և կարծելով, թե ընթանում ես դեպի կատարելություն` գնալ բոլորովին հակառակ ուղղությամբ: Նախ, պարզենք մեզ համար, որ ամենակատարյալ և վեհ գործը, որին կարող է միայն ցանկանալ և հասնել մարդ արարածը, դա Աստծո հետ մերձենալն ու մեկ լինելն է:
Ոմանց կարծիքով, քրիստոնեական կյանքի կատարելությունը կայանում է պահեցողության, հսկումների, ծնրադրումների, գետնի վրա քնելու և այլ նման մարմնավոր խստությունների մեջ:
Ոմանք էլ համարում են, որ այն ձեռք է բերվում կանոնական բազում աղոթքների ամենօրյա ընթերցումով և մշտական ներկայությամբ եկեղեցական բոլոր արարողություններին:
Շատերն էլ այն կարծիքին են, որ կատարելության հասնելու համար անհրաժեշտ է մտային աղոթքը, առանձնությունը, լռակյացությունը: Սակայն հիշենք, որ այս բոլոր առաքինությունները սոսկ միջոցներ և կերպեր են քրիստոնեական կատարելության հասնելու համար: Մեծ վտանգ է սպառնում նրանց, ովքեր իրենց հույսը կապում են և իրենց փրկությունը հիմնում նշված առաքինությունների արտաքին կատարման վրա, բայց իրենց սրտերը թողնում սեփական կամայականությունների և սատանայական ներգործությունների ներքո, որովհետև մարդկային ցեղի թշնամին, տեսնելով, որ նրանք շեղվել են ճշմարիտ ճանապարհից, ոչ միայն չի խանգարում շարունակել մարմնավոր ճգնությունները, այլև ամեն կերպ հորդորում է ավելի խստացնել և շատացնել դրանք՝ սնելով նրանց երևակայությունը սին պատրանքներով, թե արդեն հավասարվել են հրեշտակային դասերին կամ հափշտակվել մինչև Երրորդ Երկինք, Աստծո ներկայության մեջ:
Բայց թե որքանով են նրանք հեռու կարծեցյալ կատարելությունից, հստակ երևում է իրենց կյանքից և բարքից, քանի որ սիրում են զբաղեցնել առաջին տեղերը, հարգանքի և պատվի արժանանալ, սրտնեղում են ուրիշների հաջողություններից, անգամ վարկաբեկում նրանց, մեծ եռանդով քննարկում են ուրիշների թերությունները և ասածները, իսկ սեփական բացթողումների հանդեպ կույր են:
Եթե Աստված փորձում է նեղությունների կամ հալածանքների միջոցով ուշքի բերել նրանց և խոնարհության մղել, այնժամ ի հայտ է գալիս, թե որքան խորն է հպարտությունն արմատացած նրանց սրտերում և ովքեր են նրանք իրականում: Հենվելով բարեպաշտական արտաքին դրսևորումների վրա, կարծելով, որ հասել են կատարելությանը՝ հպարտությամբ համակված սկսում են դատել ուրիշներին: Ցավոք, այլևս որևէ մեկին չի հաջողվի մարդկային ճիգերով դարձի բերել նրան, եթե ոչ Աստծո զորեղ ներգործությամբ միայն: Ավելի դյուրին դարձի կգա բացահայտ մեղսագործը, քան տեսանելի բարեմասնությունների քողի տակ թաքնվածը:
«Փորձեցե՛ք ձեր անձերը, արդյո՞ք հավատքի մեջ եք, քննեցե՛ք ձեր անձերը, չգիտե՞ք որ Հիսուս Քրիստոս ձեր մեջ է, միայն թե անպիտան չլինեք» Բ Կորնթ.13:5:
 
Աստծու գործն է տնկելն ու ջրելը, իսկ քո գործը` պտղաբերելը: Աստծու գործն է քեզ շնորհ պարգևելը, իսկ քո գործը` այն ընդունելն ու պահելը:
Քեզ ձրի տրված լինելու պատճառով մի՛ արհամարհիր շնորհը, այլ, ստանալով, երկյուղածությամբ պահիր այն: Կյուրեղ Երուսաղեմացի Հայրապետ.

Օրվա ընթերցվածք.

Պողոս առաքյալի Ա թուղթը կորնթացիներին 15.1-28
1 Եղբայրնե՛ր, յիշեցնեմ ձեզ իմ աւետարանը, որը քարոզեցի ձեզ, որը եւ ընդունեցիք, եւ որի մէջ հաստատ էք մնում. 2 նրանով կփրկուէք էլ, եթէ ամուր պահէք այն խօսքերը, որ քարոզեցի ձեզ. այլապէս զուր հաւատացած կլինէք. 3 որովհետեւ ես ձեզ աւանդեցի նախ այն, ինչը ես ինքս ընդունեցի. թէ՝ Քրիստոս մեռաւ մեր մեղքերի համար՝ ըստ Գրքերի, 4 եւ թէ՝ թաղուեց, եւ թէ՝ յարութիւն առաւ երրորդ օրը՝ ըստ Գրքերի, 5 եւ երեւաց Կեփասին եւ ապա՝ տասներկուսին. 6 ապա երեւաց միանգամից աւելի քան հինգ հարիւր եղբայրների, որոնցից շատերը կան մինչեւ այժմ, ոմանք էլ ննջեցեալ եղան: 7 Եւ ապա երեւաց Յակոբոսին, ապա՝ բոլոր առաքեալներին: 8 Ամէնից յետոյ երեւաց եւ ինձ՝ անարգիս, 9 որովհետեւ ես իսկ եմ առաքեալների տրուպը. ես, որ առաքեալ կոչուելու արժանի իսկ չեմ, քանի որ հալածեցի Աստծոյ եկեղեցին: 10 Բայց Աստծոյ շնորհով եմ, ինչ որ եմ, եւ իմ մէջ եղած նրա շնորհները զուր չանցան, այլ նրանցից բոլորից աւելի աշխատեցի. բայց՝ ոչ թէ ես, այլ՝ Աստծոյ շնորհը, որ ինձ հետ էր: 11 Արդ, թէ՛ ես եւ թէ՛ նրանք այսպէս քարոզեցինք, եւ դուք այսպէս հաւատացիք: 12 Իսկ եթէ քարոզւում է, թէ Քրիստոս մեռելներից յարութիւն է առել, ձեզնից ոմանք ինչպէ՞ս են ասում, թէ մեռելների յարութիւն չկայ: 13 Եթէ մեռելների յարութիւն չկայ, ապա եւ Քրիստոս յարութիւն չի առել: 14 Եւ եթէ Քրիստոս յարութիւն չի առել, զուր է մեր քարոզութիւնը, զուր է եւ ձեր հաւատը: 15 Եւ Աստծոյ սուտ վկաները եղած կլինենք, քանի որ Աստծոյ մասին վկայեցինք, թէ յարութիւն տուեց Քրիստոսին. արդարեւ, եթէ յարութիւն չառնէին մեռելները, նրան յարութիւն չէր տայ: 16 Իսկ եթէ մեռելները յարութիւն չեն առնում, ապա Քրիստոս էլ յարութիւն չի առել: 17 Եւ եթէ Քրիստոս յարութիւն չի առել, զուր է ձեր հաւատը, եւ տակաւին նոյն մեղքերի մէջ էք: 18 Իսկ արդ, նրանք, որ ննջեցին ի Քրիստոս, կորա՞ն արդեօք: 19 Եթէ միայն այս կեանքի համար ենք յոյս դրել ի Քրիստոս, աւելի ողորմելի ենք, քան բոլոր մարդիկ: 20 Բայց արդ, մեռելներից յարութիւն է առել Քրիստոս՝ ննջեցեալների առաջին Պտուղը. 21 քանզի մի մարդով մահ եղաւ, եւ մի մարդով՝ մեռելների յարութիւն: 22 Ինչպէս Ադամով բոլորը մեռնում են, նոյնպէս եւ Քրիստոսով ամէնքը պիտի կենդանանան՝ 23 իւրաքանչիւրն իր հերթին. նախ՝ Քրիստոս, եւ ապա՝ քրիստոսականները՝ նրա գալստեանը. 24 եւ ապա գալու է վախճանը, երբ որ նա տայ թագաւորութիւնը Աստծոյ եւ Հօր ձեռքը, երբ որ կործանած լինի բոլոր իշխանութիւնները եւ ամէն պետութիւն եւ զօրութիւն. 25 որովհետեւ նա պէտք է թագաւորի, մինչեւ որ բոլոր թշնամիներին դնի իր ոտքերի տակ: 26 Վերջին թշնամին, որ պիտի կործանուի, մահն է. եւ Աստուած «ամէն ինչ հնազանդեցրեց՝ դնելով նրա ոտքերի տակ»: 27 Բայց երբ ասում է, թէ՝ ամէն ինչ նրան հնազանդուել է, յայտնի է, թէ՝ բացի նրանից, ով ամէն ինչ հնազանդեցրեց նրան: 28 Իսկ երբ ամէն ինչ նրան հնազանդ լինի, այն ժամանակ եւ ինքը Որդին կհնազանդուի նրան, ով ամէն ինչ հնազանդեցրեց նրան, որպէսզի Աստուած ամէն ինչ լինի ամէնքի մէջ: