Քրիստոնյաներիս պարտությունների պատճառը այս հոգևոր պատերազմում հիմնականում այն է, որ մենք սթափ չենք այն Սուրբգրային համարի նկատմամբ, որն ասում է թե՝ ձեր պատերազմը մարմնի և արյան դեմ չէ, այսինքն՝ ոչ թե մարդու, այլ սատանայի և նրա չար գնդերի դեմ:
Երբեմն, երբ մեզ վիրավորում են, մենք իսկույն պատասխանում ենք հին ուխտի պատգամի համեմատ՝ «Ատամի փոխարեն՝ ատամ», անտես անելով Նոր կտակարանի պատվիրանը, որ ասում է՝ մի երեսիդ խփողին մյուսն էլ դարձրու: Առաջինի դեպքում մենք պատերազմում ենք մարդու դեմ՝ հաղթելով նրան և պարտվում սատանայից, որն այս պարագայում, ցնծում է իր հաղթությամբ:
Երկրորդի դեպքում՝ մյուս երեսը դարձնելով խփողին, չնայած տհաճություն ենք պատճառում մեր անձին, սակայն պարտության ենք մատնում մեր բուն թշնամուն՝ սատանային: Ինչպես որ Պետրոսը Մաղքոսի ականջը կտրելով չէ, որ պիտի հաղթեր սատանային, այլ այնպես ինչպես որ մեր Տերը խաչի անարգ մահը անտրտունջ կրելով՝ ջախջախեց սատանայի գլուխը և մեզ էլ պատվիրեց՝
ասելով. «Ինձ նմանվեք»: Նման ձևով և պատերազմում էին մեր սուրբ հայրերը, ինչպես որ գրված է նրանց վարքերում:
Եվ եթե հիշենք, որ ամեն բան պարտավոր ենք Տիրոջ օրհնյալ ձեռքից գոհությամբ վերցնել, այն ժամ և կսովորենք չարին հաղթել: Ինչպես որ Հոբը, թեև չարն էր իրեն հարվածներ հասցնում, բայց գիտեր, որ դա առանց Տիրոջ թույլատու կամքի չէր կարող լինել, և սատանային արհամարհելով ու իր կնոջ չար առաջարկը մերժելով, ամեն բան գոհությամբ և համբերությամբ Տիրոջ ձեռքից էր ընդունում, և վերջ ի վերջո, հասավ հաղթանակի և էլ ավելի մեծ օրհնություն վայելեց, քանի որ գրված է, թե. «Համբերությամբ ձեր հոգիները պիտի փրկեք»: Մենք էլ, եթե մեր վրա եկած հիվանդությունները, վշտերը և նեղությունները վերցնում ենք Տիրոջ ձեռքից՝ անտրտունջ և համբերությամբ դիմակայում նրանց, և եթե դրանք նույնիսկ չարի հարձակման հետևանքներ են, ըստ սուրբ հայրերի, արժանանում ենք նահատակների փառքին:
Պետք չէ վհատվել, քանի որ Տերը ոչ մեկին իր մարդկային կարողություններից վեր չի թողնում փորձություն կրել, և եթե մեր չափի մեջ եղածը կրենք համբերությամբ և Տիրոջը հուսալով, ապա հաղթանակած դուրս կգանք: Այս խրատները մեծ ճգնավորների փորձությունից են վերցված, օրինակ,մահվան ժամին եղող փորձությունները, բայց ամեն մեկը, ինչպես որ ասացինք, իր չափով է պատերազմ մղելու՝ մինչև ի մահ և ոչ ավելի, այնպես որ, պետք է զգոն լինել, բայց ոչ երբեք հուսալքվել:
Երբեմն նման մի վարդապետություն է գլուխ բարձրացնում, թե Տերը հաղթել է սատանային և նա՝ սատանան, արդեն նման է մի անթույն օձի, և մենք հիմնականում էլ նրանից վախենալու առանձնապես բան չունենք: Սակայն սա հենց սատանայի հորինած վարդապետությունն է, որպեսզի մեզ գցի անհոգության և ինքնավստահության մեջ, և արձակելով իր մխացող նետերը՝ մեզ շատ հեշտությամբ մահացու վերքեր հասցնի: Ճիշտ է, Տերը ջախջախեց չարի գլուխը իր խաչով, բայց չասաց, թե երգ ու պար անելով եկեք Իմ ետևից, այլ ձեր խաչը վերցրեք և Ինձ հետևեք, այսինքն՝ ինչպես որ ես պատերազմեցի, նույնն էլ դուք արեք: Եվ ինչ խոսք, Տերը մեզ շնորհ, զորություն պիտի տա, եթե իր ուղիով քայլենք և հավատարիմ մնանք Իրեն. «Ես ձեր հետ եմ՝ մինչև աշխարհի վերջը»:
Այո, Տերը հաղթել է, բայց չի նշանակում, որ մենք էլ անելիք չունենք պատերազմի դաշտում, ապա թե ոչ, ինչի համար պիտի փառքի պսակներ բաժանվեին հաղթողներին: Ուրեմն, չխաբվենք, այլ ջանանք մինչև մեր վերջին շունչը պայքարել ըստ սուրբ հայրերի, որպեսզի արժանանանք փառքի պսակին՝ Տիրոջ ողորմությամբ և մարդասիրությամբ: Ամեն:
Խրատանի ապաշխարության գրքից.