Մեր սուրբ հայր Հովհան Ոսկեբերանի իններորդ զրույցը ապաշխարության մասին:
Ինչպես որ սերմնացանները ոչ մի օգուտ չեն ստանում այն բանից, որ սերմը գցում են ճանապարհի վրա, այնպես էլ մենք ոչ մի օգուտ չենք ստանա այն բանից, որ կոչվում ենք քրիստոնյա և չենք արդարացնում այդ կոչումը համապատասխան գործերով: Եթե ցանկանում եք, կարող եմ ձեզ ներկայացնել վկայի՝ Տիրոջ եղբայր Հակոբոսի վկայությունը, որն ասում է. «Հավատքը առանց գործի մեռած է» (Հակ.2:20): Եվ այսպես պետք է անձը ամեն օր վարժեցնել բարի գործերի մեջ, առանց որի միայն քրիստոնյայի անունը ոչ մի օգուտ մեզ չի տա: Եվ մի զարմացեք: Ասացեք խնդրեմ, ի՞նչ օգուտ զինվորին այն բանից, որ նա՝ գտնվելով զինվորական ծառայության մեջ, իր վարքով չի համապատասխանում իր կոչմանը և բանակում ապրելով թագավորի հաշվին, չի մարտնչում հանուն թագավորի: Միգուցե ծանր է իմ խոսքը, բայց լավ կլիներ, եթե այդպիսինը ընդհանրապես չմտներ զինվորական ծառայության մեջ, քան թե մտնելով՝ անհոգ գտնվեր թագավորական պատվի հանդեպ: Ինչպես կարող է խուսափել պատժից նա, ով ապրելով թագավորի հաշվին, չի ուզում պատերազմել նրա համար: Դե, ի՞նչ եմ ասում ձեզ՝ հանուն թագավորի գոնե մեր սեփական հոգիների համար հոգ տանենք: Եվ հիմա կհարցնես, թե ապրելով աշխարհում, բազում հոգսերի մեջ, կարո՞ղ եմ արդյոք պատերազմել, հոգ տանել և փրկվել: Ի՞նչ ես ասում, ո՜վ մարդ, ուզո՞ւմ ես քեզ համառոտ ցույց տամ, որ ոչ թե տեղն է փրկում, այլ ապրելակերպը և հոժարակամությունը: Ադամը դրախտում այնպես էր, ինչպես նավը խաղաղ նավահանգստում, բայց նավաբեկության ենթարկվեց, իսկ Ղովտը՝ ապրելով սոդոմացիների մեջ, ինչպես որ ալեկոծ ծովում, փրկվեց: Հոբը արժանացավ արդարացման, լինելով հալածանքների մեջ, իսկ Սավուղը՝ կենալով պալատներում, զրկվեց թե՛ այս և թե գալիք թագավորությունից: Խոսքերով արդարանալ չի լինի, ասելով թե. «չեմ կարող ապրել այս աշխարհում այսքան հոգսերի մեջ և փրկվել»:
Իսկ գիտե՞ք, թե որտեղից է առաջանում նման ինքնաարդարացումը. սա նրանից է, որ դուք հաճախակի չեք գալիս, մի մասդ՝ աղոթքի, մյուսներդ՝ աստվածային Սուրբ Պատարագին:
Մի՞թե չեք տեսնում, թե ինչպես են ջանում նրանք, որոնք երկրավոր թագավորից ուզում են արժանանալ մեծարանքի և ինչպես են փնտրում թագավորի մոտ իրենց համար բարեխոսներ, որպեսզի չզրկվեն այն բանից, որին համառորեն ձգտում են: Սա ասվում է նրանց համար, ովքեր սրբազան հավաքներն անտեսելով, խորհրդավոր ընթրիքի ահավոր պահին տրվում են զրույցների և դատարկախոսության:
Ի՞նչ ես անում դու, ով մարդ, չլսեցի՞ր սուրբ բեմից եկող ձայնը, թե. «Դռները, դռները ծածկեցեք ամենայն իմաստնությամբ և զգուշությամբ: Ձեր մտքերը դեպի վեր բարձրացրեք աստվածային երկյուղով»: Իսկ դու բոլորի հետ միասին չասեցիր, թե. «Մեր ամբողջ միտքն ու հոգին քեզ հետ են, ով ամենակալ Աստված»: Դու վախ չես զգում, չես ամաչում հանկարծ ստախոս դուրս գալ ամենաահավոր պահին: Զարմանալի է երբ պատրաստված է խորհրդավոր ընթրիքը, երբ մորթվում է Աստծո Գառը, երբ քեզ համար ջանում է քահանան, երբ հոգևոր կրակը դուրս է ճառագում ամենասուրբ ընթրիքից, ներկայացել են քերովբեները, թռչում են սերովբեները, վեցթևյանները ծածկում են իրենց դեմքերը, բոլոր անմարմին զորությունները խնդրում են քեզ համար Պատարագիչ քահանայի հետ
միասին, հոգևոր հուրը իջնում է երկնքից, ամենասուրբ կողից լցվում է սկիհի մեջ արյունը քո քավության համար, և դու չե՞ս վախենում ու չե՞ս ամաչում այս ահավոր պահին որպես ստախոս երևալ (քանի որ խոստումը ոչ թե լեզվով, այլ գործով է ապացուցվում):
Շաբաթվա հարյուր վաթսունութ ժամից ընդամենը երկու ժամ է Աստված առանձնացրել Իր համար, մի՞թե այդ ժամն էլ դու պիտի վատնես կենցաղային հարցերի, ծիծաղի և շատախոսության վրա:
Եվ ինչ համարձակությամբ այս ամենից հետո պիտի մոտենաս Սուրբ Հաղորդությանը նման ապականված խղճմտանքով: Մի՞թե դու կարկատած հնոտիներով կհամարձակվեիր մոտենալ և կպչել երկրավոր թագավորի հանդերձի եզրին, իհարկե ոչ, ոչ մի դեպքում: (Իսկ որքան առավել պետք է երկյուղել այս պարագային): Եվ մի կարծիր, թե սա սովորական հաց է և մի մտածիր, թե ուղղակի գինի է, իմացիր որ նրանք մնացած այլ կերակուրների նման մարդուց դուրս չեն ելնում:
Մի խորհիր այդպես: Այլ այն բանի նմանությամբ, ինչպես որ մոմը, որ մերձենալով կրակին իրենից ոչինչ չի լցնում, և ոչինչ չի կպցնում, և ոչինչ չի վերցնում, հենց այսպես էլ մտածիր և այս պարագայում, որ խորհուրդները անմնացորդ լուծվում են մարմնի էության հետ: Եվ մոտենալով, մի մտածիր, թե Սուրբ Հաղորդությունը վերցնում ենք մարդու ձեռքից, այլ պատկերացրեք, որ դուք ընդունում եք աստվածային մարմինը, ինչպես այն կրակը, որ գտնվում էր սերովբեների ձեռքում եղած աքցանում, որ տեսավ Եսային (Եսայի 4): Իսկ Փրկչական արյունը նույնպես ընդունենք, կարծես
թե շուրթերով հպվում եք Փրկչական սրբասուն և աստվածային կողին: Եվ այս պատճառով էլ, եղբայրներ, չթողենք սուրբ հավաքները, և այնտեղ էլ չտրվենք դատարկաբանության, այլ կանգնենք երկյուղով և սրտի թրթիռով, հայացքի խոնարհումով, իսկ հոգում ունենանք վիշտ և սրտի խորքից ելնող հոգոցներով բացականչենք, այլ ոչ թե ձայնեղությամբ:
Այս բաները թող քեզ համար որպես օրինակ ծառայեն, ով մարդ: Խնդրում եմ նմանապես, և դու կանգնիր Տիրոջ առջև, գոնե այնպես, ինչպես որ կկանգնեիր երկրավոր թագավորի առջև, չէ՞ որ Երկնավոր թագավորի առջև պետք է կանգնել էլ ավելի մեծ երկյուղով: Չեմ դադարի կրկնելուց այն, ինչը որ հաճախ և առաջ էլ ասում էի, մինչև որ ձեզ չտեսնեմ ուղղված: Եվ այսպես, գալով եկեղեցի մտնենք այնպես, ինչպես որ պատշաճ է կանգնել Աստծո առջև, չսնելով մեր հոգիները չարությամբ, որպեսզի աղոթքի ժամանակ այնպես չստացվի, որ աղոթենք ինքներս մեր անձերի դեմ՝
ասելով. «Թող մեր մեղքերը, ինչպես և մենք ենք թողնում մեզ պարտք եղողներին»: Սարսափելի է այս խոսքը, և ով արտաբերում է այն, կարծես թե կոչ է անում Աստծուն՝ ասելով. «Ես թողեցի, ով Տեր, և Դու էլ թող: Թողեցի ես, թող և Դու, ներեցի, ներիր և Դու, ես չներեցի, մի ներիր և Դու, եթե ես չեմ թողել մերձավորիս, Դու էլ մի թողնիր իմ մեղսագործությունները: Ինչ չափով չափեցի ես, թող նույն չափով և չափվի ինձ»: Իմանալով այս ամենը և խորհելով այն ահավոր օրվա մասին և պատկերացնելով այն դաժան կրակը ու սարսափելի պատիժը՝ ետ դառնանք այն ճանապարհից, որում թափառում էինք: Կհասնի ժամը, և կդադարի այս աշխարհի հանդիսախաղը, և էլ չի լինի ժամանակ՝ հոգևոր սխրանքներ գործելու համար: Հնարավոր չէ կյանքի վերջում զբաղվել հոգևոր գործերով, անհնար է այս հանդիսախաղի ավարտին ձեռք բերել լուսապսակներ: Այս ներկա ժամանակը ժամանակ է ապաշխարության, իսկ գալիքը՝ դատի, հիմա է ժամը հոգևոր սխրագործությունների, իսկ գալիքը՝ լուսապսակների, այժմ պահն է աշխատանքի, իսկ այնժամ՝ հանգստի և ուրախության, հիմա է ժամը հոգնատանջ լինելու, իսկ այն ժամ՝ վարձատրության:
Արթնացեք, խնդրում եմ ձեզ, արթնացեք և լսեք ջանասիրությամբ այն, ինչ որ ասվում է ձեզ: Մենք ապրում էինք մարմնավորապես, հիմա արդեն սկսենք ապրել հոգևորապես, ապրում էինք մենք մարմնավոր հաճույքների մեջ, այժմ ապրենք առաքինությամբ, ապրում էինք մեղքերի հանդեպ անհոգությամբ, հիմա ապրենք ապաշխարությամբ:
Ախր «Ի՞նչ ունես հպարտանալու, ով հող ու մոխիր» (Սիրաք): Ինչո՞ւ ես գոռոզանում, ով մարդ: Ինչո՞ւ ես այդպես անհագորեն գովաբանություն փնտրում: Աշխարհային ո՞ր մի փառքի և հարստության վրա ես հույսդ դրել: Խնդրեմ, գնանք գերեզմանները և տեսնենք այնտեղ կատարվող ահասարսուռ և խորհրդավոր իրավիճակը, տեսնենք քայքայվող էությունը, ցեցոտած ոսկորները, նեխած մարմինը: Եթե դու իմաստուն ես՝ խորհիր, և եթե խելացի ես՝ ասա ինձ, ո՞վ է այստեղ թագավոր, իսկ ով՝ ռամիկը, ով ազնվական է և ով՝ ստրուկը, ով է իմաստուն և ով՝ անմիտը: Որտե՞ղ է այստեղ գեղեցկությունը երիտասարդության, ո՞ւր է հմայիչ հայացքը, ո՞ւր է գեղեցիկ քիթը, ո՞ւր է վարդագույն շուրթերը, ո՞ւր է գույնը այտերի, ո՞ւր է փայլը ճակատի: Մի՞թե ամեն բան հող ու մոխիր չէ, մի՞թե ամեն բան որդ և գարշահոտություն չէ: Եվ ահա ամեն ինչ փտում է: Պահելով այս ամենը մտքում և խորհելով մեր վերջին օրվա մասին, դարձի գանք, եղբայր, մեր խոտոր ճանապարհներից, քանի դեռ մենք ժամանակ ունենք: Սուրբ արյամբ ենք մենք գնված ( Ա Պետրոս 1:19) և այդ նպատակով իսկ, Աստված երկրի վրա հայտնվեց՝ քեզ գնելու համար, ով մարդ, Աստված երկրի
վրա հայտնվեց՝ չունենալով անգամ գլուխ դնելու տեղ (Ղուկաս 9:58): Օ՜ հրաշք, Դատավորը դատապարտյալների փոխարեն ներկայանում է դատի, Կյանքը ճաշակում է մահ, Արարիչը կրում է ապտակներ արարածներից: Սերովբեների համար աներևույթը, թուք է ընդունում ստրուկներից, քացախ ու լեղի է ճաշակում, գեղարդով խոցվում և դրվում է գերեզման: Եվ այսպես, ջանա ապաշխարությամբ և ուղղվելով պատրաստվել հոգեվարքիդ ահավոր պահին, երբ մոտենա մահը, որովհետև միայն այստեղ երկրի վրա է, որ ապաշխարությունը ուժ ունի, իսկ դժոխքում այն արդեն ուժը կորցնում է: Աղաղակենք առ Աստված, քանի դեռ ժամանակ ունենք: Բարիք անենք, որպեսզի ազատվենք գալիք անվախճան գեհենից և արժանանանք Երկնքի Արքայությանը շնորհով և մարդասիրությամբ մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի, որին փառք, իշխանություն, հավիտյանս հավիտենից. Ամեն: