Գ կիրակի Քառասնորդական պահոց (Անառակին)

ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ


Հոգևոր քարոզներ 2019

Ապաշխարանքը կորած դրախտը վերագտնելու նախապայման է: «Եթե չապաշխարեք, ամենքդ էլ նույնպես կկորչեք»: Ղուկ. 13: 3  Մեծ պահքի 3-րդ կիրակիից սկսած` դուրս ենք գալիս Հին Կտակարանի շրջանակից ու մտնում Նոր Կտակարանի մթնոլորտ: Այս կիրակին և հաջորդող երկուսը իրենց անունները վերցնում են օրվա ավետարանական ընթերցվածի գլխավոր առակից: Ուրեմն հետևում է, որ երրորդ կիրակի կարդացվող գլխավոր հատվածը Անառակ որդու առակն է: Նոր Կտակարանի ամենաթանկագին գոհարներից է այս առակը: Եթե ասենք, որ այն իր մեջ խտացնում է Ավետարանի հիմնական ուսուցումները, չափազանցություն արած չենք լինի: Հիսուսի ուսուցման հիմնական կորիզը Աստծո հայրությունը և Նրա անսահման սերն են, որոնք այնքան սրտագրավ եղանակով են պատկերված այս առակում: Սրանից զատ, ոչ միայն Հովհաննես Մկրտիչը, այլ նաև Հիսուսն Իր քարոզությունն սկսեց մարդկանց ապաշխարանքի կանչելով: Գաղափար, որն այս առակի կորիզն է: «Ես չեմ եկել արդարներին կանչելու, այլ մեղավորներին` ապաշխարության», -Իր քարոզության սկզբում ասել է Հիսուսը:
Փառք և գոհություն Աստծուն պահքի բոլոր օրերի և բոլոր կիրակիների խրատական առակների իմաստության համար, որ պարգևել է Տերը` մեզ կրթելու նպատակով:
«Անառակի կիրակին» բնորոշ է համայն մարդկությանը, որը երախտամոռ գտնվեց և հեռացավ իր Արարիչ Աստծուց: Բնորոշ է նաև յուրաքանչյուրիս, քանզի չի գտնվի մեկը, որը իր կյանքում չի
հայտնվել կրտսեր որդու կարգավիճակում: Թողեցինք մենք մեր Բարերար Աստծուն և գործակիցը եղանք խավար աշխարհի քաղաքացուն` սատանային: Կամավոր հեռացանք Պարգևատուից` չըմբռնելով, որ մոտենում ենք Արդար Դատավորին, որովհետև երկու կողմում էլ Աստված է: Մի կողմում` Փրկիչ, մյուսում` Արդար դատավոր:
Եվ Ավետարանն իբրև եզրակացություն ավելացնում է. «Այսպես ուրախություն կլինի երկնքում, Աստծո հրեշտակների առաջ, երբ որևէ մեղավոր ապաշխարի»:
Մեծ պահքի կենտրոնական նպատակը, այս կիրակիի իմաստի և նրանից եկող թելադրանքի մեջ է: Նկատելի է, որ նախորդ երկու կիրակիներով հիշատակված երկու վիճակները` երջանկությունը և նրա կորուստը, կրկնվում են նաև այս առակում: Այս կիրակիի գաղափարը անկումից վերելքը, ընկած վիճակից վերականգնումը, կորստի գյուտն է: Այն օրից, երբ տնից հեռանալու միտքը տեղ գտավ նրա ուղեղում, տղան կորցրեց իր հանգիստը, քունը և զվարթությունը: Հայրը նկատել էր տղայի մեջ առաջ եկած փոփոխությունը, նրա մտախոհ և ցրված վիճակը: Եվ մի օր էլ հարցրեց նրան.
«Տղաս, ի՞նչ է եղել, ինչո՞ւ է մարել դեմքիդ պայծառությունը, արդյոք հիվա՞նդ ես»:
«Այո, հայր, ներաշխարհս է հիվանդ, ու եթե ավելի երկար մնամ սահմանափակ այս շրջանակում, բոլորովին կխամրեմ ու կխեղդվեմ. արդ, տուր քո հարստությունից ինձ հասանելիք բաժինը, ես ուզում եմ հեռանալ այստեղից»:
Հայրը առանձնացավ` ծածկելու համար իր արցունքները: Ի վերջո, զգացմունքների վրա քար դրած, ունեցվածքը բաժանեց երկու զավակների միջև: Եվ կրտսերն իր բաժինն ամբողջությամբ դրամի վերածեց ու մի առավոտ էլ գյուղից անհայտացավ` առանց ոչ մեկին, նույնիսկ հորը, «մնաք բարով» ասելու:
Վերադառնա՜լ տուն, հոր մոտ: Մտածումն անգամ նրան երջանկություն էր պատճառում: Բայց ինչպե՞ս, ի՞նչ երեսով նայեր իր գյուղացիներին, ինչպե՞ս հանդուրժեր եղբոր հեգնանքը… Վանում էր աներես ճանճերի նմանվող այս մտածումները, որոնք, սակայն, վերստին թառում էին նրա գլխին: «Պետք է գնամ հորս մոտ և ասեմ նրան. «Հայր, մեղանչեցի երկնքի դեմ և քո առջև, այլևս արժանի չեմ որդիդ կոչվելու, ընդունիր ինձ` իբրև քո ծառաներից մեկը»: Ի՜նչ լավ կլիներ, եթե առակն այստեղ ավարտվեր, այս երջանիկ վախճանն ունենար: Դժբախտաբար, կյանքում որքան էլ մարդիկ երբեմն-երբեմն երջանիկ պահեր ունենան, դրանց հանկարծ հաջորդում են երևույթներ, որոնք ստվեր են ձգում ուրախ տրամադրությունների վրա: Եվ կյանքն այսպես շարունակում է իր` ժպիտի և լացի քաղցր ու դառը հաջորդականություններով ելևէջվող ընթացքը: Այսպես է նաև Անառակի առակում, որն իրակա՛ն կյանքի հետ կապ ունի և ոչ երևակայական:
Շնորհք Պատրիարք Գալուստյան

Օրվա ընթերցվածք.

Ավետարան ըստ Ղուկասի 15.1-32

1 Եւ բոլոր մաքսաւորներն ու մեղաւորները նրա մօտ էին, որպէսզի լսեն նրան: 2 Փարիսեցիներն ու օրէնսգէտները տրտնջում էին եւ ասում. «Ինչո՞ւ է նա ընդունում մեղաւորներին եւ ուտում նրանց հետ»: 3 Յիսուս նրանց այս առակն ասաց. 4 «Ձեզնից ո՞վ է այն մարդը, որ երբ հարիւր ոչխար ունենայ եւ կորցնի նրանցից մէկը, արօտավայրում չի թողնի իննսունիննին եւ չի գնայ կորածի յետեւից, մինչեւ որ այն գտնի: 5 Եւ երբ այն գտնի, կդնի այն իր ուսերի վրայ խնդութեամբ 6 եւ կգնայ տուն, կկանչի բարեկամներին ու հարեւաններին եւ նրանց կասի. ուրախացէ՛ք ինձ հետ, որովհետեւ գտայ իմ կորած ոչխարը: 7 Ասում եմ ձեզ, որ այսպէս ուրախութիւն կլինի երկնքում մի մեղաւորի համար, որն ապաշխարում է, քան իննսունինը արդարների համար, որոնց ապաշխարութիւն պէտք չէ: 8 Կամ ո՞վ է այն կինը, որ երբ տասը դրամ ունենայ եւ մի դրամ կորցնի, ճրագ չի վառի եւ չի աւլի տունը փութով ու չի փնտրի, մինչեւ որ գտնի: 9 Եւ երբ գտնի, կկանչի բարեկամներին ու հարեւաններին եւ կասի. «Ուրախացէ՛ք ինձ հետ, որովհետեւ գտայ իմ կորցրած դրամը»: 10 Ասում եմ ձեզ. Աստծոյ հրեշտակների առաջ այսպէս ուրախութիւն կլինի մէկ մեղաւորի համար, որն ապաշխարում է»: 11 Եւ ասաց. «Մի մարդ երկու որդի ունէր. 12 նրանցից կրտսերը հօրն ասաց. “Հա՛յր, տո՛ւր քո ունեցուածքից ինձ ընկնող բաժինը”: Եւ նա ունեցուածքը բաժանեց նրանց: 13 Քիչ օրեր յետոյ կրտսեր որդին, փողի վերածելով ամէն ինչ, գնաց հեռու աշխարհ եւ այնտեղ վատնեց իր ունեցուածքը, որովհետեւ անառակ կեանքով էր ապրում: 14 Եւ երբ ամէն ինչ սպառեց, այդ երկրում սաստիկ սով եղաւ, եւ նա սկսեց չքաւոր դառնալ: 15 Գնաց դիմեց այդ երկրի քաղաքացիներից մէկին, եւ սա ուղարկեց նրան իր ագարակը՝ խոզեր արածեցնելու: 16 Եւ նա ցանկանում էր իր որովայնը լցնել եղջերենու պտղով, որ խոզերն էին ուտում, բայց ոչ ոք այդ նրան չէր տալիս: 17 Ապա խելքի եկաւ եւ ասաց. “Քանի՜ վարձու աշխատաւորներ կան իմ հօր տանը, որ առատ հաց ունեն, եւ ես այստեղ սովամահ կորչում եմ: 18 Վեր կենամ գնամ իմ հօր մօտ եւ նրան ասեմ. հա՛յր, մեղանչեցի երկնքի դէմ ու քո առաջ 19 եւ այլեւս արժանի չեմ քո որդին կոչուելու, ինձ վերցրո՛ւ իբրեւ քո աշխատաւորներից մէկը”: 20 Եւ վեր կացաւ եկաւ իր հօր մօտ. եւ մինչդեռ հեռու էր, հայրը տեսաւ նրան եւ գթաց. վեր կացաւ ու վազեց նրան ընդառաջ, ընկաւ նրա պարանոցով եւ համբուրեց նրան: 21 Եւ որդին ասաց նրան. “Հա՛յր, մեղանչեցի երկնքի դէմ եւ քո առաջ, այլեւս արժանի չեմ քո որդին կոչուելու”: 22 Հայրն իր ծառաներին ասաց. “Անմիջապէս հանեցէ՛ք նրա նախկին պատմուճանը եւ հագցրէք նրան, մատանին նրա մատը դրէք եւ նրա ոտքերին՝ կօշիկներ. 23 բերէ՛ք պարարտ եզը, մորթեցէ՛ք, ուտենք եւ ուրախ լինենք, 24 որովհետեւ իմ այս որդին մեռած էր եւ կենդանացաւ, կորած էր եւ գտնուեց”. եւ սկսեցին ուրախանալ: 25 Իսկ նրա աւագ որդին ագարակում էր. եւ մինչ գալիս էր եւ տանը մօտեցաւ, լսեց երգերի եւ պարերի ձայնը. 26 եւ իր մօտ կանչելով ծառաներից մէկին՝ հարցրեց, թէ այդ ինչ է: 27 Եւ սա նրան ասաց. “Քո եղբայրը եկել է, եւ քո հայրը մորթեց պարարտ եզը, որովհետեւ ողջ-առողջ ընդունեց նրան”: 28 Նա բարկացաւ եւ չէր ուզում ներս մտնել. իսկ հայրը դուրս ելնելով աղաչում էր նրան: 29 Որդին պատասխանեց եւ ասաց հօրը. “Այս քանի՜ տարի է, որ ծառայում եմ քեզ եւ երբեք քո հրամանները զանց չեմ առել. ինձ երբեք մի ուլ չտուեցիր, որ բարեկամներիս հետ ուրախութիւն անեմ: 30 Երբ եկաւ քո այդ որդին, որը քո ունեցուածքը կերաւ պոռնիկների հետ, պարարտ եզը նրա համար մորթեցիր”: 31 Հայրը նրան ասաց. “Որդեա՛կ, դու միշտ ինձ հետ ես, եւ ամէն ինչ, որ իմն է, քոնն է. 32 բայց պէտք էր ուրախ լինել եւ ցնծալ, որովհետեւ քո այս եղբայրը մեռած էր եւ կենդանացաւ, կորած էր եւ գտնուեց”»: