ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Հոգևոր քարոզներ 2019
Երբ ես ոտքերից հիվանդ էի և տառապում էի դրանցից, եղբայրներից ոմանք, գալով ինձ այցելության, խնդրեցին, որպեսզի ես նրանց հայտնեմ հիվանդության պատճառը, ունենալով,ըստ իս, երկակի նպատակ, որպեսզի գեթ մի փոքր մխիթարեին ինձ և մտքերս շեղեին իմ հիվանդությունից, և որպեսզի առիթ ընձեռեին ինձ զրուցելու իրենց հետ ինչ-որ օգտակար բանի մասին:
Բայց քանի որ հիվանդությունը թույլ չտվեց ինձ այնժամ ասել նրանց այն, ինչ որ նրանք ցանկանում էին, ապա այժմ ձե՛զ է հարկավոր լսել այդ մասին, քանզի վշտի մասին պատմելը հաճելի է, երբ այն արդեն անցել է: Այդպես և ծովի վրա, երբ փոթորիկ է բարձրանում, ապա ամենքը, որ գտնվում են նավի մեջ, տրտմում են. երբ փոթորիկը անցնում է, ապա բոլորը ցնծությամբ և խնդագին պատմում են միմյանց պատահածի մասին:
Լավ է, եղբայրնե՛ր, ամեն մի գործ վերագրել Աստծուն և ասել՝ ոչինչ չի լինում առանց Աստծո կամքի, իհարկե, Աստված գիտեր, որ դա լավ է և օգտակար, և դրա համար էլ այդպես արեց, թեկուզև այդ բանը ունենա ինչ-որ արտաքին պատճառ: Ես կարող էի բերել ուրիշ, տարբեր պատճառներ, իմ հիվանդության վերաբերյալ սակայն ամենաստույգը և օգտակարը այն է, որպեսզի ասենք՝ «արդարև Աստված գիտեր, որ դա օգտակար կլինի իմ հոգու համար, և դրա համար այն այդպես եղավ:
Քանզի այն ամենից, որ անում է Աստված, չկա ոչ մի այնպիսի բան, որ բարի չլինի, և այսպես, ոչ ոք չպետք է վշտանա կատարվածի համար, այլ ամեն բան պետք է վերագրի Աստծո նախախնամությանը և հանգստանա: Կան որոշ մարդիկ, որոնք այնքա՜ն են հյուծվում իրենց պատահած վշտերից, որ հրաժարվում են մինչև իսկ կյանքից և քաղցր են համարում մահը, միայն թե ազատվեն վշտերից, սակայն դա առաջանում է փոքրհոգությունից և մեծագույն անմտությունից, քանզի այդպիսիները անտեղյակ են այն սարսափելի նեղությանը, որը մեզ
պատահում է հոգին մարմնից դուրս գալու ժամանակ:
Սա Աստծո մեծագույն մարդասիրությունն է, եղբայրնե՛ր, որ մենք պատժվում ենք՝ գտնվելով այս աշխարհում, բայց մենք, չիմանալով, թե ինչ է կատարվում այնտեղ, այստեղինն ենք ծանր համարում: Սակայն դա արդարացի չէ:
Բայց մենք, քնելով, ուզում ենք փրկվել, այդ պատճառով էլ ուժասպառ ենք լինում վշտերի մեջ, մինչդեռ մեզ պետք էր գոհանալ Աստծուց և համարել մեզ երանելի, որ արժանացանք այստեղ փոքր-ինչ տառապելու, որպեսզի այնտեղ փոքր-ինչ հանգիստ վայելենք:
Հոգին, գտնվելով այս մարմնի մեջ, թեև պայքար է մղում կրքերի դեմ, սակայն որոշ չափով մխիթարվում է նրանով, որ ուտում է, խմում է, քնում է, զրուցում է, քայլում է իր սիրելի ընկերների հետ: Իսկ երբ դուրս է գալիս մարմնից, նա մնում է միայնակ իր կրքերի հետ, և դրա համար միշտ տանջվում է նրանցից. զբաղված նրանցով՝ նա այրվում է նրանց պատճառած խռովքից և խոշտանգվում է նրանց կողմից, այնպես որ նա նույնիսկ չի կարող իսկ հիշել Աստծուն, քանզի հենց միայն Աստծուն հիշելը մխիթարում է հոգին:
Ուզո՞ւմ եք, ինչ որ ձեզ ասում եմ, բացատրեմ օրինակով: Թող ձեզանից որևէ մեկը գա, և ես կարգելափակեմ նրան մութ խցում, և թող նա, գոնե երեք օր, ո՛չ ուտի, ո՛չ խմի, ո՛չ քնի, ոչ
մեկի հետ չզրուցի, սաղմոս չերգի, չաղոթի և ոչ մի անգամ չհիշի Աստծուն, և այնժամ նա կիմանա, թե ինչ կանեն նրանում կրքերը: Սակայն նա դեռ այստեղ է գտնվում, իսկ հոգին մարմնից դուրս գալու ժամանակ, երբ նա տրվի կրքերին և մնա նրանց հետ միայնակ, այնժամ ինչե՞ր պիտի կրի թշվառը:
Այստեղի (վշտերով) դուք կարող եք որոշ պատկերացում կազմել, թե ինչպիսին են այնտեղի վշտերը: Քանզի երբ ինչ-որ մեկի մոտ տենդ է առաջանում, ապա ի՞նչն է նրան այրում: Այդ ի՞նչ կրակ կամ նյութ է, որ առաջացնում է այդ այրումը: Իսկ եթե մեկն ունի մաղձոտ և հյուծված մարմին, ապա հենց այդ հյուծվածությունը չէ՞, որ բորբոքում է նրան, մշտապես անհանգստացնում
է և նրա կյանքը դարձնում է վշտալից: Այդպես և կրքոտ հոգին է մշտապես տառապում իր չար սովորություններով՝ մշտապես ունենալով դառը հիշողություններ և տառապալից տպավորություններ կրքերից, որոնք անընդմեջ այրում և դաղում են նրան:
Եթե մեկը արտ ունենա և այն մատնի անհոգության, ապա այնտեղ կբուսնեն փուշ ու տատասկ. և որքան նա առավել անհոգ լինի նրա հանդեպ, մի՞թե այնքան առավել այն չի լցվի փուշ ու տատասկով: Իսկ երբ նա գա մաքրելու արտը, մի՞թե դրանք գերաճած լինելով՝ առավել չեն արյունոտի նրա ձեռքերը, երբ նա կամենա արմատախիլ անել այն մոլախոտերը, որոնց նա թույլ էր տվել աճել իր անհոգության ժամանակ: Քանզի անհնար է մարդուն չհնձել այն, ինչ որ նա ցանել է: Իսկ ով ցանկանում է մաքրել իր արտը, նա պետք է նախ և առաջ կատարելապես արմատախիլ անի ողջ մոլախոտերը, քանզի եթե նա կատարելապես արմատախիլ չանի դրանց բոլոր արմատները, այլ միայն վերևից պոկի, ապա դրանք վերստին կաճեն: Եվ այսպես, ինչպես ես ասացի, հարկավոր է դուրս քաշել դրանց բուն արմատը, և երբ նա կատարելապես մաքրի արտը մոլախոտերից, փուշ ու տատասկից և նմանօրինակ բաներից, ապա պետք է այն հերկել, ցանել և այդ կերպով մշակել. և երբ այն արդեն լավ մշակված լինի, այնժամ պետք է ցանել բարի սերմը:
Քանզի եթե նա, այդպես մաքրելուց հետո, արտը պարապ թողնի, ապա նորից մոլախոտ կաճի, և, գտնելով փափուկ և պարարտ հող (մաքրման հետևանքով), իր արմատները ավելի խորը
կգցի և առավել կամրապնդվի և կբազմանա արտի մեջ: Այդպես է լինում նաև հոգու հետ. սկզբից պետք է հատել հին մարդու բոլոր կրքերը և չար սովորությունները, որոնք նա ունի: Եվ
սուրբ Բարսեղն է ասել. «Փոքր սխրանք չէ՝ հաղթահարել սովորությունը, քանզի սովորությունը, երկար ժամանակ ամրապնդվելով, հաճախ ստանում է բնավորութան ուժ»:
Այս առումով ուրիշ վտանգ ևս կա:
Դարձյալ, երբ հասկը արտում ոչ մի վնաս չի կրում, այլ պահպանվում է մինչև հունձքը, նույնիսկ և այդ ժամանակ հողագործը չի կարող անհոգ լինել: Քանզի պատահում է, որ այն բանից հետո էլ, երբ ինչ-որ մեկը հնձում է իր արտը և ավարտում է իր բոլոր աշխատանքները, գալիս է մի չար մարդ և,ատելությունից մղված, կրակ է դնում այս (հավաքած) բերքի
տակ և ոչնչացնում է ողջ բերքը և նրա չարչարանքը: Դրա համար մինչև հողագործը չհամոզվի, որ ինքը լավ հավաքել է իր բերքը և ածել այն ամբարների մեջ, նա չի կարող անհոգ լինել:
Այդպես էլ մարդը, երբ նա հասցնում է ազատվել այն ամենից, ինչի մասին որ ասացինք, նույնիսկ և այդ ժամանակ չպետք է անհոգ լինի: Քանզի պատահում է, որ այս ամենից հետո էլ, սատանան առիթ է գտնում նրան գայթակղելու կա՛մ ինքնաարդարացմամբ, կա՛մ մեծամտությամբ, կա՛մ անհավատությամբ, կա՛մ չար ինքնակամությամբ, և ոչ միայն կործանում է նրա ամբողջ
տքնությունն ու չարչարանքը, այլև հեռացնում է նրան Աստծուց. և ինչին որ չկարողացավ հասնել գործի միջոցով, այն իրագործում է ընդամենը մի խորհրդի միջոցով, քանզի պատահում է, որ միայն մի խորհուրդն էլ կարողանում է մարդուն հեռացնել Աստծուց, երբ մարդը փութով ընդունում է այն և ենթարկվում նրան: Ուստի իսկապես փրկվել ցանկացողը չպետք է անհոգ լինի մինչև իր վերջին շունչը: Եվ այսպես, հարկավոր է բազում տքնություն և խնամք և մշտական աղոթք առ Աստված, որպեսզի Նա պահպանի և փրկի մեզ Իր շնորհով՝ ի փառս Իր սուրբ անվան: Ամեն:
Սուրբ Հայրերի վարքից.
Օրվա ընթերցվածք.
Պողոս առաքյալի թուղթը փիլիպեցիներին 2.5-11
5 Ձեզնից իւրաքանչիւրը թող խորհի այն, ինչ որ կայ Քրիստոս Յիսուսի մէջ, 6 որը Աստծոյ կերպարանքով էր, բայց Աստծուն հաւասար լինելը յափշտակութիւն չհամարեց, 7 այլ իր անձը ունայնացրեց՝ ծառայի կերպարանք առնելով, մարդկանց նման լինելով եւ մարդու կերպարանքով խոնարհեցրեց ինքն իրեն՝ 8 հնազանդ լինելով մինչեւ մահ եւ այն էլ մահուան՝ խաչի վրայ: 9 Դրա համար էլ Աստուած նրան առաւել բարձրացրեց եւ նրան շնորհեց մի անուն, որ վեր է, քան ամէն անուն, 10 որպէսզի Յիսուս Քրիստոսի անունով խոնարհուի ամէն ծունկ՝ թէ՛ երկնաւորների, թէ՛ երկրաւորների եւ թէ՛ սանդարամետականների. 11 եւ ամէն լեզու խոստովանի, թէ Յիսուս Քրիստոս Տէր է՝ ի փառս Հայր Աստծոյ:
Post Views: 1,097