Վիրավորելու և վիրավորվելու մասին.

ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ


Հոգևոր քարոզներ 2019

Պատահում է, որ երբեմն մեկը վիրավորական խոսք է լսում և ուշադրություն չի դարձնում դրա վրա և կրում է այն առանց խռովքի, որպես թե այն բնավ չի էլ լսել, իսկ երբեմն հենց որ լսում է, իսկույն խռովվում է: Ո՞րն է նման տարբերության պատճառը: Եվ արդյոք մե՞կն է նման տարբերության պատճառը, թե՞ դրանք բազում են: Ես գտնում եմ, որ դա ունի բազում պատճառներ, բայց կա մեկը, որը, այսպես ասած, ծնողն է մնացած բոլոր պատճառների: Եվ ասեմ ձեզ, թե ինչպես է դա լինում: Նախ պատահում է, որ մեկը աղոթքից, կամ մի այլ բարի վարժանքից հետո, գտնվում է, այսպես ասած, լավ հոգեվիճակում, և այդ պատճառով հանդուրժում է իր եղբորը և չի խռովվում նրա խոսքերից: Պատահում է նաև, որ մեկը կիրք (առանձնահատուկ սեր) է տածում ինչ-որ մեկի հանդեպ, և դրա համար ինչ էլ որ նրա կողմից հասցվում է իրեն, կրում է առանց ցավի և վշտի: Լինում է նաև, որ մեկը արհամարհում է իրեն վիրավորել ցանկացողին, և այդ պատճառով ուշադրություն չի դարձնում նրա վիրավորանքներին, չի համարում նրան որպես մարդ, և դրա համար էլ բանի տեղ չի դնում նրա ո՛չ ասածին և ո՛չ արածին: Հիմա ձեզ մի բան կպատմեմ, որ շատ կզարմանաք:
Հանրակացարանում, մինչ իմ այնտեղից դուրս գալը, կար մի եղբայր, որին ես երբեք տեսած չկայի ո՛չ խռովվելիս, ո՛չ վշտանալիս, ո՛չ բարկանալիս ինչ-որ մեկի վրա, մինչդեռ ես նկատում
էի, որ եղբայրներից շատերը նրան հաճախ սրտնեղություն էին պատճառում և վիրավորում էին նրան: Իսկ այս երիտասարդը այնպես էր կրում նրանցից յուրաքանչյուրի կողմից հասցված
վիրավորանքները, որ կարծես թե ոչ ոք էլ իրեն բնավ չէր խռովեցրել: Ես միշտ զարմանում էի նրա ծայրահեղ անչարության և հեզության վրա և կամենում էի իմանալ, թե ինչպես էր նա ձեռք
բերել այս առաքինությունը: Մի օր ես նրան մի կողմ տարա և, խոնարհվելով նրա առջև, խնդրեցի նրան ասել, թե ինչպիսի խորհուրդ է նա մշտապես կրում իր սրտում, որ վիրավորանքների ենթարկվելիս կամ էլ որևէ մեկից անարգանք կրելիս, նա ցուցաբերում է նման երկայնամտություն: Նա ինձ պատասխանեց քամահրանքով՝ առանց անհարմարության և ամոթի զգացումի.
«Դրանք մա՞րդ են, որ ես դրանց թերությունների վրա ուշադրություն դարձնեմ կամ էլ դրանցից վիրավորանքներ ընդունեմ.
դրանք հաչացող շներ են»: Լսելով այս՝ ես խոնարհեցրի գլուխս և ասացի ինքս ինձ. «Այս եղբայրը գտել է ուղին», և խաչակնքվելով հեռացա նրանից՝ աղոթելով Աստծուն, որպեսզի Նա պահպանի ինձ և նրան:
Ամեն մի խռովության գլխավոր պատճառը, եթե մենք հիմնովին քննենք, դա այն է, որ մենք չենք մեղադրում ինքներս մեզ: Սրանից էլ սկիզբ է առնում նման ամեն մի ալեկոծություն. սրանից է, որ մենք երբեք հանգիստ չենք գտնում: Եվ զարմանալու ոչինչ չկա, երբ լսում ենք բոլոր սրբերից, որ չկա՛ ուրիշ ճանապարհ, սրանից բացի: Մենք տեսնում ենք, որ ոչ ոք, շրջանցելով այս ճանապարհը, հանգիստ չի գտել, իսկ մենք հույս ունենք հանգիստ գտնել, կամ էլ ենթադրում ենք, թե գնում ենք ճշմարիտ ճանապարհով՝ երբեք չցանկանալով հանդիմանել ինքներս մեզ: Արդարև, եթե մարդ գործի բազում առաքինություններ, բայց ամուր չբռնի այս ուղին, չհաստատվի այս ճանապարհին, ապա նա երբեք չի դադարի վիրավորվել և վիրավորել ուրիշներին՝ դրա պատճառով կորցնելով իր ջանքերի արդյունքը: Սրան հակառակ, ինչպիսի՜ ուրախություն, ինչպիսի՜ հանգիստ ունի նա, ով հանդիմանում է ինքն իրեն: Ուր էլ որ գնա իրեն հանդիմանողը, ինչպես ասել է աբբա Պիմենը, ինչպիսի վնաս էլ պատահի նրան, կամ անպատվություն, կամ ինչ-որ մի այլ վիշտ, նա արդեն նախապես իրեն արժանի է համարում ամեն տեսակ վշտի և երբեք չի խռովվում: Կա՞ սրանից ավելի անտրտում վիճակ:
Բայց ինչ-որ մեկը կասի. «Եթե եղբայրը վիրավորում է ինձ, և ես, քննելով ինքս ինձ, գտնում եմ, որ ես նրան նման բանի առիթ չեմ տվել, ապա ինչպե՞ս կարող եմ մեղադրել ինքս ինձ»:
Արդարև, եթե այդպիսինը քննի իրեն Աստծո երկյուղով, ապա կգտնի, որ նա ինքն է ամեն կերպ առիթ տվել՝ կա՛մ գործով, կա՛մ խոսքով, կա՛մ տեսքով: Իսկ եթե նա տեսնի, ինչպես որ ինքն է ասում, թե տվյալ պահին բնավ չի տվել և ոչ մի առիթ, ապա նա հաստատ ինչ-որ մի այլ ժամանակ է վիրավորել նրան՝ կա՛մ դրանում, կա՛մ այլ գործում, կա՛մ էլ, հավանաբար, տրտմեցրել է մի ուրիշ եղբոր, և պետք է որ ինքը տառապեր դրա համար, կա՛մ հաճախ ինչ-որ մի այլ մեղքի համար: Ուստի, եթե մեկը, ինչպես ես ասացի, Աստծո երկյուղով քննի ինքնիրեն և խստությամբ փորձի իր խիղճը, ապա նա անպայման իրեն մեղավոր կգտնի:
Պատահում է նաև, որ մեկը, ինչպես իրեն է թվում, գտնվում է խաղաղության և լռակեցության մեջ, բայց երբ եղբայրը նրան վիրավորական խոսք է ասում, ապա նա խռովվում է, և այդ
պատճառով ինքնիրեն իրավասու է համարում վիրավորվել նրանից՝ ասելով. «Եթե նա չգար և չխռովեր ինձ իր խոսքերով, ես չէի մեղանչի»: Ահա քեզ ծիծաղելի դատողություն:
Ահա դիվային խաբկանք: Մի՞թե նա, ով ասաց նրան այդ խոսքը, կիրք զետեղեց նրանում: Նա միայն ցույց տվեց նրան այն, ինչը արդե՛ն կար նրանում, այն բանի համար, որպեսզի նա, եթե կամենա, ապաշխարի այն:
Մի անգամ ինձ մոտ եկան երկու եղբայրներ, որոնք վշտացած էին միմյանցից, և մեծը ասում էր փոքրի մասին. «Երբ ես հրամայում եմ նրան ինչ-որ բան անել, նա վշտանում է, վշտանում եմ նաև ես՝ մտածելով, որ եթե նա իմ հանդեպ սեր ունենար, ապա իմ խոսքերը կընդուներ վստահությամբ»: Իսկ փոքրն ասաց. «Ներիր, աբբա՛, նա ինձ ասում է ամենևին ո՛չ Աստծո երկյուղով, այլ հրամայում է, ինչպես տիրակալ, և ես մտածում եմ, որ այդ է պատճառը, որ սիրտս վստահությամբ չի տրամադրվում նրա հանդեպ, ինչպես որ հայրերն են ասել»: Տեսեք, թե ինչպես նրանք երկուսն էլ մեղադրում են միմյանց, և նրանցից ոչ մեկը չմեղադրեց ինքնիրեն: Այդպես և ուրիշ երկուսը վշտացել էին միմյանցից և, խոնարհվելով մեկը մյուսի առջև, հանգիստ չէին գտել: Եվ մեկն ասում էր. «Նա ի սրտե չխոնարհվեց իմ առջև, դրա համար էլ ես չեմ հանգստանում, քանզի այդպես ասել են հայրերը»: Մյուսն էլ ասում էր. «Քանի որ նա սիրով չէր տրամադրված իմ հանդեպ, երբ ես նրանից ներողություն խնդրեցի, այդ իսկ պատճառով ես չեմ հանգստանում»: Տեսնո՞ւմ եք, ինչպիսի՜ ծիծաղելի դատողություն: Տեսնո՞ւմ եք, եղբայրնե՛ր, ինչպիսի՜ այլափոխված ընկալում: Աստված գիտի, թե ես ինչպե՜ս եմ սարսափում, որ մեր հայրերի այդ նույն խոսքերը օգտագործում ենք մեր չար կամքի համեմատ և մեր հոգիների կորստյան համար: Հարկ էր, որ սրանցից յուրաքանչյուրը մեղքը բարդեր ինքն իր վրա. և մեկը պետք է ասեր. «Քանի որ ես սրտանց չխոնարհվեցի իմ եղբոր առջև, դրա համար էլ Աստված նրան բարյացակամ չտրամադրեց իմ հանդեպ», իսկ մյուսն էլ պետք է ասեր. «Քանի որ ես սիրով չէի տրամադրված իմ եղբոր հանդեպ նախքան նրա ներում խնդրելը, այդ պատճառով Աստված նրան բարյացակամ չտրամադրեց իմ հանդեպ»: Հարկ էր, որ վերոհիշյալ այն երկուսն էլ այդպես վարվեին. մեկը պետք է ասեր. «Ես հրամայողաբար եմ ասում, այդ  պատճառով էլ Աստված եղբորս վստահությամբ չի տրամադրում իմ հանդեպ», իսկ մյուսը պետք է մտածեր. «Իմ եղբայրը սիրով և խոնարհությամբ է հրամայում ինձ, սակայն ես հնազանդ չեմ և չունեմ Աստծու երկյուղը»: Եվ նրանցից ոչ մեկը չգտավ ինքնամեղադրման ուղին, այլ, ընդհակառակն, յուրաքանչյուրը մեղքը բարդեց մերձավորի վրա: Ահա թե ինչո՛ւ մենք չենք առաջադիմում, ահա թե ինչո՛ւ ոչնչից օգուտ չենք ստանում, այլ մեր ամբողջ ժամանակը անցկացնում ենք իրար հանդեպ հակառակության մեջ և տանջում ենք ինքներս մեզ:
Իսկ մենք, երբ (վիրավորական) խոսք ենք լսում, վարվում ենք շան նման, որի վրա երբ ինչ-որ մեկը քար է նետում, ապա նա թողնում է նետողին և վազում է կրծելու քարը: Մենք էլ ենք այդպես վարվում. թողնում ենք Աստծուն, որ թույլ է տալիս հարձակումներ գան մեզ վրա՝ մեր մեղքերից մաքրվելու համար, և դառնում ենք մերձավորին՝ ասելով. «Ինչո՞ւ նա ինձ այդ ասաց, ինչո՞ւ նա ինձ այդ արեց»: Եվ մինչդեռ մենք կարող էինք մեծ օգուտ ստանալ նմանօրինակ դիպվածներից, մենք հակառակն ենք անում և վնասում ենք ինքներս մեզ՝ չգիտակցելով, որ Աստծո խորհրդով և
նախախնամությամբ ամեն բան ծառայում է յուրաքանչյուրի օգուտի համար:
Աստված թող մեզ խոհեմություն պարգևի սրբերի աղոթքներով, քանզի Նրան է վայել փառք, պատիվ և երկրպագություն հավիտյանս: Ամեն:
Աբբա Դորոթեոսի վարքից`  վիրավորանքը վիրավորանքով պատասխանելու մասին:

Օրվա ընթերցվածք.