Հանրահայտ ստի երեք տեսակների մասին.

ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ


Հոգևոր քարոզներ 2019

Ուշադրությո՛ւն դարձրեք, եղբայրներ, որ յուրաքանչյուր գործի մեջ կարելի է ձեռք բերել թե՛ բարի սովորություն և թե՛՝ չար: Հարկավոր է մեծ ուշիմություն, որպեսզի չկողոպտվենք ստից, քանզի ստախոսը կապ չունի Աստծո հետ: Սուտը օտար է Աստծուն: Սուրբ Գրքում ստի հայր հորջորջվում է սատանան, իսկ ճշմարտությունը՝ Աստված է: Սրանից եզրակացրեք, թե ստով մենք մեզ ումից ենք զատում և ո՛ւմ հետ ենք միավորում. ակնհայտ է՝ սատանայի հետ: Եվ այսպես, եթե մենք իսկապես ուզում ենք փրկվել, ապա մենք պետք է մեր ամբողջ ուժով և ամբողջ եռանդով սիրենք ճշմարտությունը և պահպանենք մեզ ամենայն ստից, որպեսզի այն մեզ չհեռացնի ճշմարտությունից և կյանքից:
Կա ստի երեք տարատեսակ. մեկը ստում է մտքով, մյուսը ստում է խոսքով, իսկ մեկ ուրիշն էլ ստում է հենց իր իսկ կյանքով: Մտքով ստում է նա, ով որպես ճշմարտություն է ընդունում իր ենթադրությունները, այսինքն՝ դատարկ կասկածները մերձավորի հանդեպ: Այդպիսին, երբ տեսնում է, որ ինչ-որ մեկը զրուցում է եղբայրներից մեկի հետ, իր ենթադրությունն է
անում ու ասում. «Նա իմ մասին է խոսում»: Եթե դադարեցնում են խոսակցությունը, ապա նա դարձյալ ենթադրում է, որ իր պատճառով դադարեցրին խոսակցությունը:
Եթե մեկը մի խոսք ասի, ապա նա ենթադրում է, որ այն ասվեց իրեն վիրավորելու համար: Ընդհանրապես, ամեն մի գործի մեջ նա մշտապես նման կերպով հետևում է իր մերձավորին՝ ասելով. «Նա՛ ինձ համար այդ արեց, նա ի՛նձ համար այդ ասաց, նա այդ արեց այսինչ նկատառումով»: Այդպիսին ստում է մտքով, քանզի նա ճշմարիտ ոչինչ չի ասում, այլ ամեն բան՝ միմիայն ենթադրությամբ, իսկ դրանից առաջանում են հետաքրքրասիրություն, չարախոսություն, անհնազանդություն, թշնամություն, կշտամբանք:
Իսկ ասելը՝ ես հավատում եմ իմ ենթադրություններին՝ ինքս ինձ ուղղելու համար, և այս նկատառումով ականջ դնելը և հետաքրքրվելը միանգամայն է ինքնարդարացում է՝ ներշնչված սատանայից, որը ցանկանում է մեզ համար որոգայթներ լարել:
Մի ժամանակ, երբ ես դեռ գտնվում էի հանրակացարանում, ինձ այնպիսի դիվային փորձություն պատահեց, որ ես սկսեցի ըստ մարդու շարժուձևի և քայլվածքի եզրակացնել նրա հոգեվիճակի մասին, և ինձ հետ պատահեց հետևյալ դեպքը: Մի անգամ, երբ ես կանգնած էի, իմ կողքով մի կին անցավ՝ ջրով դույլը ձեռքին. ինքս էլ չգիտեմ, թե ինչպես գրավվեցի և նայեցի նրա աչքերին, և նույն պահին խորհուրդն ինձ ներշնչեց, որ նա անառակ կին է: Սակայն հենց որ այդ խորհուրդն ինձ հայտնվեց, շատ վշտացա և այդ մասին ասացի ծերին՝ աբբա Հովհաննեսին. «Հա՛յր սուրբ, ես ի՞նչ պետք է անեմ, երբ անկախ իմ կամքից նկատում եմ որևէ մեկի շարժումները և քայլվածքը, և խորհուրդն ինձ հուշում է տվյալ մարդու հոգեվիճակի մասին»:
Եվ ծերն ինձ այսպես պատասխանեց. «Ի՞նչ է, մի՞թե չի պատահում, որ մեկը ունենում է բնական թերություն, սակայն մեծ ջանքով և տքնությամբ ուղղում է այն: Դրա համար էլ չի կարելի դրանից որևէ հետևություն անել ելնելով, ուրիշի հոգեվիճակի մասին: Եվ այսպես, երբեք մի՛ հավատա քո ենթադրություններին, քանզի ծուռ կանոնը և ուղիղն է դարձնում ծուռ:
Մարդկային կարծիքները սուտ են և խաբուսիկ և վնասում են նրանց, ովքեր հանձնվում են դրանց»: Այդ պահից ի վեր, ես չէի հավատում իմ սեփական կարծիքին:
Այն, եթե արմատավորվի մեր մեջ, ապա կհասցնի այնպիսի վնասների, որ մեզ կսկսի թվալ, թե մենք իսկապես տեսնում ենք բաներ, որոնք իրականում ո՛չ կան և ո՛չ էլ կարող են լինել:
Ոչինչ այնպես չի հեռացնում մարդուն Աստծուց, ինչպես որ այս կիրքը: Սրանից ոչ մի բարի բան դուրս չի գալիս, այլ՝ բազում խռովություններ. սրանից մարդը Աստծո երկյուղը
ձեռք բերելու հնարավորություն չի գտնում երբեք: Ահա սա է մտքով ստելը:
 
Իսկ խոսքով ստում է նա, ով, օրինակ՝ ձանձրույթից ծուլանում է վեր կենալ մասնակցելու հսկմանը, և չի ասում՝ «Ներիր ինձ, որ ես ծուլացա վեր կենալ», այլ ասում է. «Ես ջերմություն ունեի, ծայրահեղ ուժասպառ էի եղել չափազանց աշխատելուց, ի վիճակի չէի վեր կենալու, անառողջ էի», և տասը սուտ բառ է ասում այն բանի համար, որպեսզի մեկ ծնրադրություն չանի և չխոնարհվի: Եվ եթե (նման դեպքում) նա չհանդիմանի իրեն, ապա ստիպված պիտի լինի անդադար փոխել իր բառերը և վիճել, որպեսզի նախատինք չկրի: Նմանապես, երբ պատահում է, որ նա վեճ է ունենում իր եղբոր հետ, ապա չի դադարում արդարանալ և ասել. «Բայց դո՛ւ ասացիր, դո՛ւ արեցիր, ես չեմ ասել, այսինչն է ասել», մեկ այս, մեկ այն, միայն թե չխոնարհվի: Դարձյալ, եթե նա ինչ-որ բանի ցանկություն է ունենում, ապա չի ուզում (ուղիղ) ասել. «Ես ցանկանում եմ այդ», այլ այլակերպում է իր բառերը՝ ասելով. «Ես այսպիսի հիվանդություն ունեմ, և դա ինձ անհրաժեշտ է, դա ինձ հրամայված է» և ստում է այնքան ժամանակ, մինչև որ բավարարի իր ցանկությունը: Եվ ինչպես որ յուրաքանչյուր մեղք առաջանում է՝ կա՛մ հեշտասիրությունից, կա՛մ արծաթասիրությունից, կա՛մ փառասիրությունից, այդպես էլ սուտը լինում է այս երեք պատճառներից:
Մարդը ստում է կամ այն բանի համար, որպեսզի չհանդիմանի իրեն և չխոնարհվի, կամ նրա համար, որպեսզի իրագործի իր ցանկությունը, կամ էլ ինչ-որ բան ձեռք բերելու պատճառով, և չի դադարում ճարպկություն ու հնարամտություն գործադրել և խորամանկել իր բառերում այնքան ժամանակ, մինչև չկատարի իր փափագը: Նման մարդուն երբեք չեն հավատում, այլ նա թեկուզև ճիշտ ասի, ոչ ոք չի կարող նրան հավատ ընծայել, և նրա ճշմարտությունն անհավանական է թվում: Երբեմն այնպիսի իրավիճակ է ստեղծվում, որ ծայրահեղ անհրաժեշտ է լինում մի փոքր ծածկել, և եթե մեկը չծածկի այդ փոքրը, ապա գործը կբերի մեծ խռովություն և վիշտ: Երբ նման ծայրահեղ իրավիճակ է պատահում, և ինչ-որ մեկը տեսնում է իրեն նման անհրաժեշտության մեջ, ապա կարող է այս պատճառով փոխել խոսքը լոկ այն բանի համար, որպեսզի չծագի, ինչպես ես ասացի, մեծ խռովություն և վիշտ, կամ փորձանք:
Սակայն երբ ճշմարտության խոսքից խույս տալու նման մեծ անհրաժեշտություն է պատահում, ապա այդ ժամանակ ևս մարդը չպետք է անտրտում մնա, այլ զղջա և լաց լինի Աստծո առաջ և նման դիպվածը համարի փորձության շրջան: Եվ չի կարելի հաճախակի դիմել նման խուսափումների, այլ բազում պատահարներից միայն մեկ անգամ:
Ահա մենք ասացինք, թե ինչ է նշանակում ստել մտքով, և ինչ՝ ստել խոսքով:
 
Այժմ ուզում ենք ասել, թե ինչ է նշանակում ստել հենց իր իսկ կյանքով:
Իր կյանքով ստում է նա, ով, լինելով ցանկասեր, ձևանում է ժուժկալ, կամ, լինելով ագահ, խոսում է ողորմության մասին և գովաբանում է գթասրտությունը, կամ, լինելով մեծամիտ, հիանում է խոնարհամտությամբ: Եվ ոչ այն բանի համար է հիանում առաքինությամբ, որ ցանկանում է գովաբանել այն, քանզի եթե նա այդ մտքով ասելու լիներ, ապա նախ և առաջ խոնարհամտությամբ կխոստովաներ իր տկարությունը՝ ասելով. «Վա՜յ ինձ, թշվառիս, որ զերծ եմ ամեն տեսակ առաքինությունից», և հետո արդեն, սեփական տկարության գիտակցումով,կսկսեր գովաբանել առաքինությունը և հիանալ նրանով: Եվ դարձյալ ո՛չ այն նպատակով է գովաբանում առաքինությունը, որ չգայթակղեցնի ուրիշին, քանզի (նման դեպքում) նա պետք է որ այսպես խորհեր. «Արդարև ես թշվառ եմ և կրքերով լեցուն, սակայն ինչո՞ւ գայթակղութան պատճառ լինեմ ուրիշներին: Ինչո՞ւ վնաս հասցնեմ ուրիշի հոգուն և այդպիսով ծանրություն բարդեմ թե՛ իմ և թե՛ ուրիշի վրա»:
Եվ այդ դեպքում, թեկուզև այդ (վերոհիշյալի մեջ) նա մեղանչի էլ, բայց և այնպես (նման գիտակցումով և խոստովանությամբ) նա կմերձենա և բարուն, քանզի ինքնիրեն դատելը խոնարհության գործ է, իսկ մերձավորին խնայելը՝ գթասրտության գործ: Սակայն ստախոսը վերոհիշյալներից ոչ մեկի պատճառով էլ չէ, որ հիանում է առաքինություններով, ինչպես ես ասացի, այլ կա՛մ առաքինության անունն է հափշտակում, որպեսզի իր ամոթը ծածկի, և խոսում է այդ մասին այնպես, որպես թե ինքը միանգամայն այդպիսին է, կա՛մ էլ հաճախ նրա համար, որպեսզի վնասի որևէ մեկին և գայթակղի նրան: Քանզի ո՛չ մի չարիք, ո՛չ մի հերձված, ո՛չ էլ ինքը՝ սատանան, չի կարող ոչ ոքի գայթակղել (այլ կերպ), եթե ոչ՝ միայն առաքինության քողի տակ:
Սա պարզ մարդ չէ, այլ՝ երկերեսանի, քանզի այլ է ներքուստ, և այլ՝ արտաքուստ, և իր կյանքը երկակի է և կեղծ:
Ահա մենք խոսեցինք ստի մասին, որ այն սատանայից է, խոսեցինք և ճշմարտության մասին, որ ճշմարտությունը Աստված է:
Տեր Աստված թող արժանացնի մեզ Իր ճշմարտությանը, քանզի Նրան է վայելում փառք, պատիվ, իշխանություն և երկրպագություն հավիտյանս. Ամեն:
Խրատանի ապաշխարության գրքից
Ստի երեք տեսակների մասին.

Օրվա ընթերցվածք.