Հոգ տանենք մեր մասին, եղբայրնե՛ր, լինենք ուշադիր: Ո՞վ մեզ վերստին կտա այս ժամանակը, եթե մենք զուր տեղը վատնենք այն: Արդարև մենք հետո պիտի փնտրենք այս օրերը, բայց չենք գտնի: Աբբա Արսենը միշտ ասում էր իրեն. «Արսե՛ն, ինչի՞ համար դու դուրս ելար (աշխարհից)»: Իսկ մենք գտնվում ենք այնպիսի կործանարար հեղգության մեջ, որ նույնիսկ չգիտենք, թե մենք ի՛նչ էինք ցանկանում այն ժամանակ (երբ ելանք աշխարհից), և դրա համար ոչ միայն չենք առաջադիմում, այլև մշտապես վշտանում ենք: Սա պատահում է մեզ հետ այն պատճառով, որ մենք ուշիմություն չունենք մեր սրտում: Արդարև, եթե մենք ցանկանայինք փոքր-ինչ ճգնել, ապա մենք այդքան շատ չէինք վշտանա և դժվարություններ չէինք կրի, քանզի եթե մեկը սկզբում ստիպում է իրեն, ապա, շարունակելով ճգնել, նա կամաց-կամաց առաջադիմում է և հետո հանգստությամբ (հեշտությամբ) է գործում առաքինությունները, քանզի Աստված,
Երբ ես ուսանում էի աշխարհիկ գիտությունները, սկզբում ինձ այն բավականին ծանր էր թվում, և երբ ես մոտենում էի վերցնելու գիրքը, ես գտնվում էի այնպիսի վիճակում, ինչպես որ
մարդը գնում է մերձենալու գազանին: Իսկ երբ ես շարունակում էի ստիպել ինձ, Աստված օգնում էր ինձ, և իմ ջանասիրությունը ինձ մոտ վերածվեց այնպիսի սովորության, որ ես ընթերցանության հանդեպ ջերմեռանդությունից այլևս չէի նկատում, թե ի՛նչ եմ ուտում, կամ ինչ եմ խմում, կամ ինչպես եմ քնում: Եվ երբեք թույլ չէի տալիս ինձ տարվել ճաշկերույթով ընկերներիցս որևէ մեկի հետ և նույնիսկ նրանց հետ զրույցի չէի բռնվում ընթերցանության ժամանակ, թեև ես շփվող էի և սիրում էի իմ ընկերներին:
Երբ ուսուցիչը արձակում էր մեզ, ես լվացվում էի ջրով, քանզի տոչորվում էի անչափ ընթերցումներից և կարիք ունեի ամեն օր թարմանալու ջրով: Գալով տուն՝ չգիտեի, թե ինչ պիտի ուտեմ, քանզի կերակրիս հարցը տնօրինելու համար ազատ ժամանակ չէի կարողանում գտնել, սակայն ես մի հավատարիմ մարդ ունեի, որ պատրաստում էր ինձ համար, ինչ որ ցանկանում էր:
Իսկ ես ուտում էի, ինչ որ պատրաստ էի գտնում՝ գիրքը մշտապես ունենալով իմ կողքին՝ անկողնուս վրա, և հաճախ խորամուխ էի լինում նրա մեջ:
Նմանապես և քնած ժամանակ այն իմ կողքին էր՝ սեղանիս վրա, և, փոքր-ինչ ննջելով, ես իսկույն վեր էի թռչում, որպեսզի շարունակեմ ընթերցանությունը:
Դարձյալ երեկոյան, երբ ես տուն էի վերադառնում ժամերգությունից, վառում էի կանթեղը և շարունակում էի ընթերցանությունը մինչև կեսգիշեր, և (ընդհանրապես) գտնվում էի այնպիսի վիճակում, որ ընթերցանության պատճառով բոլորովին չգիտեի, թե ի՛նչ բան է հանգստի քաղցրությունը:
Եվ այսպես, երբ ես ընդունվեցի վանք, ապա ասացի ինքս ինձ. «Եթե արտաքին իմաստասիրությունը ուսանելիս իմ մեջ ծնվեց այդպիսի՜ ցանկություն և այդպիսի՜ ջերմություն այն պատճառով, որ ես վարժվեցի ընթերցանության մեջ և այն ինձ մոտ վերածվեց սովորության, ապա առավել ևս այդպես կլինի առաքինությունները ուսանելու ժամանակ», և այս օրինակից ես շատ ուժ ու եռանդ քաղեցի: Այդպես, եթե մեկը ցանկանում է առաքինություն ձեռք բերել, ապա նա չպետք է լինի անփույթ ու ցրված: Քանզի ինչպես ատաղծագործություն սովորել ցանկացողը չի զբաղվում այլ արհեստով, այնպես էլ նրանք, ովքեր ուզում են ուսանել հոգևոր շինության գործը, չպետք է զբաղվեն որևէ այլ բանով, այլ օր ու գիշեր սովորեն այն մասին, թե ինչպես կարելի է ձեռք բերել այն: Իսկ ովքեր այլ կերպ են մոտենում այս գործին, ոչ միայն չեն առաջադիմում, այլև կոտրվում են՝ անմտորեն նեղելով իրենց:
Քանզի ով ուշադիր չի լինում իր անձի հանդեպ ու չի ճգնում, նա հեշտությամբ է շեղվում առաքինությունից, որովհետև առաքինությունները մեջտեղում են և այն արքայական ուղին են, որի մասին մի սուրբ ծեր՝ Բենիամին անունով, ասել է. «Գնացե՛ք արքայական ճանապարհով և հաշվեցե՛ք մրցասպարեզի վերստերը»:
Եվ այսպես, առաքինությունները, ինչպես ես ասացի, գտնվում են ավելորդությունների և թերությունների մեջտեղում:
Դրա համար էլ Ս.Գրքում ասված է.«Չշեղվեք ո՛չ աջ, ո՛չ ձախ, այլ գնացե՛ք արքայական ճանապարհով» (2 Օրենք 5; 32, 17, 11):
Եվ սուրբ Բարսեղն է ասում. «Սրտով ուղիղ է նա, ում միտքը չի շեղվում ո՛չ դեպի ավելորդություն, ո՛չ դեպի թերություն, այլ ուղղվում է միայն դեպի առաքինության մեջտեղը»: