«Ով հաղթահարել է բարկությունը, նա հաղթել է դևերին».

ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ


Հոգևոր քարոզներ 2019

Հայրերն ասել են, որ վանականներին վայել չէ բարկանալ, նմանապես և վիրավորել որևէ մեկին, և դարձյալ. «Ով հաղթահարել է բարկությունը, նա հաղթել է դևերին, իսկ ով հաղթվում է այս կրքից, այդպիսին դեռևս օտար է վանական կյանքին» և այլն: Իսկ ի՞նչ պիտի մե՛նք ասենք մեր մասին, երբ ոչ միայն չենք թողնում դյուրագրգռությունն ու բարկությունը, այլև տրվում ենք հիշաչարությանը: Ի՞նչ անենք, ինչպե՞ս չողբանք այսպիսի թշվառ և ոչ մարդկային մեր հոգեվիճակների համար: Եվ այսպես, ուշադիր լինենք մեր անձերի հանդեպ, եղբայրնե՛ր, և ջանանք Աստծո օգնությամբ ձերբազատվել այս կործանարար կրքի դառնությունից:
Պատահում է, որ եղբայրների միջև ինչ-որ խռովություն է ծագում, կամ դժգոհություն է առաջանում, նրանցից մեկը խոնարհվում է մյուսի առջև (խնդրելով ներում), սակայն սրանից
հետո էլ դեռ շարունակում է վշտանալ և չար խորհուրդներ հղանալ եղբոր դեմ: Այդպիսին չպետք է անհոգ լինի այդ բանի հանդեպ, այլ շտապ կերպով հեռացնի այդ իրենից, քանի որ դա
հիշաչարություն է, իսկ այդ, ինչպես ես ասացի, մարդուց պահանջում է մեծ ուշիմություն, որպեսզի դրանում չկարծրանա ու չկործանվի: Ով, խոնարհվելով, ներում խնդրեց և այդ արեց հանուն պատվիրանի, այդպիսին բժշկեց իր բարկությունը տվյալ պահին, սակայն ընդդեմ հիշաչարության դեռևս չջանաց, և դրա համար էլ շարունակում է վիրավորված մնալ իր եղբորից: Քանզի այլ է հիշաչարությունը, այլ է բարկությունը, այլ է դյուրագրգռությունը, և այլ՝ խռովքը, և որպեսզի դուք առավել լավ հասկանաք սա, ձեզ մի օրինակ ասեմ: Երբ մեկը ուզում է կրակ
վառել, սկզբի համար նա վերցնում է փոքրիկ մի ածխակտոր, որը խորհրդանշում է եղբոր վիրավորանք հասցնող խոսքը:
 
Ահա սա դեռ մի փոքր ածխակտոր է, քանզի ի՞նչ մեծ բան է որ եղբորդ այդ մի վիրավորական խոսքը: Եթե դու այն կրես, ապա կհանգցնես շիկացած ածխակտորը: Իսկ եթե սկսես մտածել, թե՝
«Ինչո՞ւ նա ինձ այդ բանն ասաց. ես էլ նրան կասեմ այս և այն, քանզի եթե նա չուզենար ինձ վիրավորել, այդ խոսքը չէր ասի, ես էլ անպայման կվիրավորեմ նրան»: Ահա դու դրեցիր տաշեղներ կամ մի այլ բան՝ կրակը բորբոքողի նման, և առաջացրիր ծուխ, որը խռովքն է: Խռովքն էլ խորհուրդների այն շարժումն ու բորբոքումն է, որը հուզում ու վրդովվում է սիրտը:
Իսկ գրգռվածությունը՝ վիրավորողի հանդեպ վրեժխնդիր ըմբոստացումն է, որը վերածվում է հանդգնության, ինչպես ասել է երանելի աբբա Մարկոսը. «Ոխը, սնվելով չար խորհուրդներով, վրդովվում է սիրտը, իսկ երբ սպանվում է աղոթքով ու հույսով, ապա դրանից կոտրվում է սիրտը (զղջում է ապրում)»:
Եթե դու կրեիր քո եղբոր այդ մի փոքր խոսքը, ապա կհանգցնեիր, ինչպես ես արդեն ասացի, այդ փոքրիկ ածխակտորը՝ նախքան խռովքի առաջ գալը: Սակայն դա էլ, քանի դեռ այն շատ չի
բորբոքվել, եթե կամենաս, կարող ես դյուրությամբ հանգցնել՝ լռությամբ, աղոթքով, ի սրտե մեկ անգամ խոնարհվելով:
Իսկ եթե դու շարունակես ծխել, այսինքն՝ բորբոքվել և հիշողություններով գրգռել սիրտդ. «Ինչո՞ւ նա ինձ այդ ասաց, ես էլ նրան կասեմ այս բաները», ապա հենց այս խռնումից և, այսպես
ասած, խորհուրդների բախումից տաքանում և բորբոքվում է սիրտը, և առաջանում է գրգռվածության բոցավառում, քանզի գրգռվածությունը դա արյան եռքն է սրտի շուրջ, ինչպես
ասում է Բարսեղ Մեծը: Ահա թե ինչպես առաջանում գրգռվածությունը: Սրան անվանում են նաև դառնալեղիություն (բռնկվողականություն): Եթե կամենաս, կարող ես սա էլ հանգցնել՝
նախքան զայրութի առաջ գալը: Իսկ եթե դու շարունակես խռովել և խռովվել, ապա կնմանվես այն մարդուն, որը փայտ է գցում կրակի մեջ և առավել ևս բորբոքում է այն, որից առաջանում են բազում այրվող ածխակտորներ, և սա էլ հենց զայրութն է: Նույն բանը և աբբա Զոսմիոսն ասաց, երբ նրան հարցրին, թե ինչ է նշանակում հետևյալ արտահայտությունը. «Որտեղ բացակայում է գրգռվածությունը, այնտեղ լռում է թշնամությունը»: Քանզի եթե որևէ մեկը խռովքի սկզբում, երբ դեռ այն նոր է սկսում, ինչպես մենք ասացինք, ծխալ և կայծեր արձակել, փութա հանդիմանել իրեն և խոնարհվել (մերձավորի առաջ՝ խնդրելով ներում) նախքան գրգռվածության բոցավառումը, ապա նա կպահպանի իր խաղաղությունը: Նմանապես, եթե գրգռվածությունը բոցավառվելիս նա չլռի, այլ շարունակի խռովվել և բորբոքել իրեն, ապա նա կնմանվի նրան, ով փայտեր է գցում կրակի մեջ, և նրանք վառվում են, մինչև որ գոյանում
են բազում այրվող ածխակտորներ: Եվ ինչպես որ այրվող ածխակտորը, երբ հանգչի և հավաքվի մի տեղ, մի քանի տարի կարող է մնալ անվնաս, և նույնիսկ, եթե մեկը ջուր լցնի վրան, նա
չի ենթարկվի փտման. այդպես և բարկությունը, եթե կարծրանում է, վերածվում է հիշաչարության, որից մարդը չի ազատվի, եթե չհեղի իր արյունը (այսինքն՝ չգործադրի մեծ ճգնություններ ու ջանքեր):
Ահա, ես ձեզ ցույց տվեցի տարբերությունը. հասկացա՞ք եք արդյոք: Ահա, դուք լսեցիք, թե ի՛նչ բան է սկզբնական խռովքը, և ինչ՝ գրգռվածությունը, ինչ բան է բարկությունը, և ինչ՝
հիշաչարությունը: Տեսնո՞ւմ եք, թե ինչպես ընդամենը մի խոսքից հասնում են մինչև այսպիսի չարիքի: Քանզի եթե դու հենց սկզբից ևեթ հանդիմանեիր ինքդ քեզ, համբերությամբ կրեիր
եղբորդ խոսքը և չփափագեիր հանուն քեզ վրեժխնդիր լինել նրանից և չփութայիր նրա մի խոսքին երկուսն ասել կամ էլ հինգը և չարին չարով հատուցել, ապա կձերբազատվեիր այդ
բոլոր չարիքներից:
Խրատանի ապաշխարության գրքից` Հիշաչարության մասին.

Օրվա ընթերցվածք.

Պողոս առաքյալի Բ թուղթը կորնթացիներին 3.4

Այսպիսի մի վստահութիւն ունենք առ Աստուած՝ Քրիստոսի միջոցով.  մենք անձամբ մեզնից որեւէ բան խորհելու կարող չենք, այլ Աստծուց է մեր կարողութիւնը,  որը եւ կարող դարձրեց մեզ նոր ուխտի պաշտօնեաներ լինելու՝ ոչ թէ գրով, այլ հոգով, քանի որ օրէնքը, որ գիր է, սպանում է, իսկ հոգին՝ կենդանացնում: